Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հրայր Թովմասյան
A A
Քաղաքականություն

Իշխանությունները գտել են ՍԴ հարցը լուծելու տարբերակը` Հրայր Թովմասյանը կդառնա շարքային դատավոր

Հայաստանի իշխանությունները նոր տարբերակ են մշակել, թե ինչպես պետք է փոխեն Սահմանադրական դատարանի կազմը: Ավելի շուտ` ՍԴ այն անդամներին, որոնք, իրենց կարծիքով, չեն համապատասխանում 2015թ. ընդունված Սահմանադրության պահանջներին: Այդ թվում նաև` ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանին:

Այդպիսով կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրաքվեի ձախողումից հետո ՀՀ իշխանությունները որոշել են ՍԴ հարցը լուծել պարզապես ՍԴ նոր նախագահ ընտրելու տարբերակով: Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Գործող Սահմանադրության համաձայն ՍԴ նախագահը պետք է ընտրվի ՍԴ 9 անդամների կողմից նույն անդամներից որևէ մեկը: Մինչդեռ  Հ. Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել Ազգային ժողովի կողմից, ընդ որում, հեղափոխությունից ընդամենը մեկ ամիս առաջ` 2018թ. մարտի 21-ին:

Ու քանի որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրաքվեն տեղի չի ունենա, ավելին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացմամբ` առնվազն մեկ տարի հանրաքվե չի լինելու, որոշել են այնուամենայնիվ ՍԴ հարցը լուծել:

Բայց այստեղ հարց է առաջանում` ինչ երաշխիք կա, որ ՍԴ անդամներն ու դատավորները նորից Հ. Թովմասյանին չեն ընտրի ՍԴ նախագահ: Չէ որ ՍԴ անդամների մեծ մասը պաշտպանում են նրան: Իշխանությունները երբ ցանկանում էին հեռացնել Հրայր Թովմասյանին, քննարկում էին  պարզապես նոր ՍԴ նախագահ ընտրելու տարբերակը, բայց վստահ չէին, որ անդամները նորից նրան չէին ընտրի: Խնդիրն այն է, որ հիմա նույն նախաձեռնությամբ իշխանությունները ցանկանում են լուծել ՍԴ մի քանի այլ անդամների հարցը: Բանն այնն է, որ գործող Սահմանադրությամբ ՍԴ դատավորը կարող է պաշտոնավարել  ընդամենը 12 տարի: Իսկ անդամներից երեքը արդեն այդ շեմը անցել են:

ՍԴ անդամ Հրանտ Նազարյանն այդ պաշտոնին է դեռևս 1996թ. փետրվարի 5-ից, այսինքն նա պաշտոնավարել է մոտ քառորդ դար: Ֆելիքս Թոխյանը ՍԴ անդամ է 1997թ. սեպտեմբեր 23-ից` պաշտոնավարել է 23 տարի: ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը երկու անգամ է ՍԴ անդամ դարձել, առաջինը` 1996-2003թթ., և երկրորդ անգամ` 2014թ.: Ընդհանուր հաշվով նա 14 տարի այդ պաշտոնին է եղել: Հնարավոր է, որ այս տարբերակը նրա վրա չտարածվի, քանի որ երկու պաշտոնավարման ընթացքներից և ոչ մեկը 12 տարի չի տևել: Բայց այստեղ օգնության է հասնում նրա տարիքը` ՍԴ դատավորը կարող է պաշտոնավարել մինչև  65 տարեկանը, և շուտով` հաջորդ տարի հունվարի 20-ին, լրանալու է ՍԴ անդամ լինելու նրա տարիքային այդ սահմանը:

Եվ եթե այս երեք անդամների փոխարեն իշխանություններն առաջադրեն ու ընտրեն նոր դատավորներ, ապա ՍԴ դատավորներ Վահե Գրիգորյանի ու Արման Դիլանյանի հետ միասին կունենան մեծամասնության` 5 անդամների ձայնը և կընտրեն ՍԴ նոր նախագահ: Հ.Թովմասյանն այս դեպքում կմնա որպես ՍԴ դատավոր:

Իշխանությունները նաև այս տարբերակն են ուղարկել Վենետիկի հանձնաժողովի դատին, և դրական արձագանք ստանալու դեպքում հավանաբար անմիջապես կնախաձեռնեն ՍԴ կազմը փոխելու գործընթացը:

Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական հանրաքվեն չեղյալ համարելու խնդրին, ապա այսօր կառավարությունը նիստում հաստատեց այն չեղյալ համարելու օրենսդրական մեխանիզմները: Նախագիծը առաջիկայում կքննարկվի ԱԺ-ում ու հավանաբար կընդունվի: