Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկի» 3 ֆուտբոլիստներ չեն վերադարձել արտերկրից. Ռոման Բերեզովսկին արդեն Երևանում է

Վաղը կվերսկսվի ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20թթ. առաջնությունը, որը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով: 

Ըստ մրցակարգի՝ առաջնության առաջին փուլի ավարտին մնացել է անցկացնել ընդամենը մեկ տուր, որից հետո լավագույն վեց թիմերը երկու խաղաշրջանով կպայքարեն մրցանակային տեղերի համար, իսկ 7-9-րդ տեղերը զբաղեցրած թիմերը նույն սկզբունքով կվիճարկեն վերջին երեք հորիզոնականները։

Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկի» պաշտոնական կայքը, Բարձրագույն խմբի առաջնության առաջին փուլի «Արարատ-Արմենիայի» հետ վերջին խաղից առաջ թիմը կադրային խնդիրներով է մոտենում. երեք լեգեոներները՝ Սալոմոն Նիրիսարիկեն, Սերգեյ Շևչուկը և Դենիս Մահմուդովը, դեռևս գտնվում են արտերկրում և չեն կարող մասնակցել խաղին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռոման Բերեզովսկին, որը դադարի ժամանակ մեկնել էր Մոսկվա, որտեղ ապրում է, արդեն վերադարձել է Հայաստան։

Նախապատրաստվելով առաջնության վերսկսմանը, փյունիկցիները մի քանի օր առաջ ֆուտբոլի ակադեմիայի խաղադաշտում ընկերական հանդիպում էին անցկացրել «Նոայի» հետ և ոչ-ոքի խաղացել՝ 1:1։

«Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» խաղը կկայանա մայիսի 23-ին, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում, ժամը 18։15-ին։ ՀՖՖ գործադիր կոմիտեի որոշմամբ՝ Բարձրագույն խմբի առաջիկա տուրի բոլոր հանդիպումները անցկացվելու են առանց հանդիսականների։