Բացել լրահոսը Փակել լրահոսը
46752679_2843421725683858_5942939766369550336_o
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լոբբինգ է անում, որ գնումների գործընթացից բանկերը 2-4 տոկոս եկամուտ ստանան․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն նախօրեին Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել՝ նշելով, որ «սկսում է պայքարը հեղափոխական ամբիոնից իրեն լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ»։ Գրառման, ինչպես նաեւ այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցել է Գ․ Միսկարյանի հետ։

- Պարոն Միսկարյան, Դուք գրառում էիք կատարել` վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրելով համակարգային կոռուպցիան հովանավորելու մեջ: Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Այն, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա կա, դրա մասին Ն.Փաշինյանն ինքն է խոսել: Երբ ասում էր, թե համակարգը դիմադրում է, դա հենց այնպես չի լինում` հենց կոռուպցիոն սխեմաներն են գործում, որոնք ունեն իրենց անձնական շահը` կառավարման համակարգում օգտվում են իրենց դիրքերից: Ու երբ ասում եմ, որ Ն.Փաշինյանն է հովանավորում, խոսքը ոչ թե ուղիղ հովանավորչության մասին է, այլ երբ երկու տարի գիտես, որ կա համակարգային կոռուպցիա, ու ոչ իրավական համակարգում են իրական բարեփոխումներ լինում, ոչ դատական համակարգում, անկախ քո կամքից դու ես դառնում դրա «հովանավորը»:

- Բայց Ն.Փաշինյանը բազմաթիվ անգամ է ասել, որ Հայաստանում կոռուպցիա կա, պարզապես այն նախկինի նման այլևս համակարգային չէ:

- Ոչ: Երբ Ն.Փաշինյանն ասում էր, թե համակարգը դիմադրում է, և մենք բարեփոխումները, փոփոխություններն անում ենք ի հեճուկս այդ համակարգի, ապա համակարգը հենց այնպես չի կարող դիմադրել: Կոռուպցիոն սխեմաների առկայությունն է, որը թույլ չի տալիս, որ փոփոխություններ լինեն: Եվ պնդել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, առնվազն միամտություն է:

- Իսկ ո՞ր ոլորտներում է առկա այդ համակարգային կոռուպցիան:     

- Առնվազն մի քանի ոլորտներում հստակ կա` Ոստիկանություն, կրթական և գնումների, մրցույթների ոլորտներում: Մեզ ասում էին, թե գնումների ոլորտում բանկային երաշխիքը դարձնելով 100 տոկոս` մենք երաշխավորում ենք, որ այդ գործընթացը կլինի վերահսկելի ու երաշխավորված: Այսօր փաստ է արձանագրել, երբ ճանապարհաշինության վերահսկողության վերաբերյալ մրցույթում շահել է մի ընկերություն, որը կեղծել է բանկային երաշխիքի փաստաթուղթը:

- Բայց հետո դա չեղյալ է համարվել: Դուք հավանաբար Երևանի քաղաքապետարանի բացահայտումները նկատի ունեք:

- Այո, բայց այդ գնումները վերաբերում են ողջ Հայաստանին: Իհարկե, պետք է չեղյալ համարվեն, բայց ստացվում է, առնվազն երեք ամիս ամբողջ հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտը կաթվածահար եղավ, կամ աշխատանքները կատարվելու էին առանց վերահսկելու և մեծ կոռուպցիոն ռիսկերի: Սա նշանակում է, որ գնումների համակարգում այն նպատակները, որոնք ի սկզբանե դրվել էին, չեն արդարացվում: Հետևաբար նպատակը ոչ թե վերահսկողությունը մեծացնելն էր, այլև պետական ամբողջ գնումներից բանկերին 2-4 տոկոս եկամուտ ստանալու հնարավորություն տալն էր: Իսկ դա ո՞վ էր լոբբինգ անում: Իհարկե, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Եվ ես վստահ եմ, որ այդտեղ կոռուպցիա կա:

- Իսկ Ոստիկանության և կրթության համակարգում համակարգային կոռուպցիան ինչպե՞ս է դրսևորվում:

- Ես չէի ուզի այդ ամենի մասին մանրամասն խոսել, որովհետև մեծ մասը խոսակցություններ են: Ուղղակի ես վստահ եմ, որ դրանք իրական հիմքեր ունեն:

- Դուք իշխանություններից վեթինգ եք պահանջում, բայց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ այն առանց սահմանադրական փոփոխությունների չի կարող լինել, իսկ համաճարակի պատճառով հանրաքվեն, լավագույն դեպքում, կարող է լինել մեկ տարի հետո: Բայց նրա ներկայացմամբ վեթինգի գործիքներ կան Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններում, ինչպես նաև` Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքում:

- Վերջին օրենքը չի կարող փոխարինել վեթինգին մի պարզ պատճառով` վեթինգը վերաբերում է դատարաններին, Ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը վերաբերում է բոլորին` այդ թվում դատավորներին: Բայց այդ դատավորներին ո՞վ պետք է դատի: Դատավորն ինքն իր մասին պետք է որոշո՞ւմ կայացնի, որ ապօրինի ճանապարհով է հարստացել, գող է և պիտի հեռանա: Ես դա չեմ պատկերացնում: Բացի այդ դրանք չաշխատող մեխանիզմներ են:

- Ինչո՞ւ:

- Շատ պարզ պատճառով` ԲԴԽ-ում դատավոր Հայկ Հովհաննիսյանին նկատողություն էին տվել: Եվ այսօր նա, որը ԲԴԽ-ում դատավոր է ու բարձրաձայնել է դատավորների շրջանում առկա կոռուպցիայի մասին, հայտնվել է զավեշտալի ու ողբերգական վիճակում: Այսինքն եթե դատական համակարգն ինքն իրենով պետք է մաքրվի, ավելի շատ եզակի ազնիվները, և ոչ թե կոռումպացվածները դուրս կմնան համակարգից:

- Դուք սատարում էիք հեղափոխությանը, Ն.Փաշինյանին, Սուրեն Սահակյանի հետ հանդիպեցիք նրա հետ: Ինչո՞ւ հանկարծ որոշեցիք այդպես քննադատել:

- Ես հիմա էլ եմ սատարում հեղափոխական ուժին, բայց նա ցանկանում է հեղափոխությունը իշխանափոխության վերածել: Այսինքն համակարգային փոփոխություններ չեն անում, ինչը հեղափոխությունն էր ենթադրում: Առանց բարեփոխումների անձերի փոփոխությունը պարզ իշխանություն է: Անկեղծ ասած` ես նաև շատ բարկացա, երբ  Ն.Փաշինյանն իր վերջին ասուլիսում բարեփոխումները համեմատեց խորովածի գործընթացի հետ: Ստացվում է, երկու տարի հյուր ենք եկել ու սպասում ենք, որ խորովածը լինի, բայց մեզ բլինչիկով են կերակրում: Եվ դեռ ասում են, մի երկու տարի էլ պետք է սպասեք, քանի որ հանրության կողմից խորովածի պահանջ չկա:

- Դուք նաև գրել էիք, թե «սկսում եք ձեր պայքարը հեղափոխական ամբիոնից ձեզ լկտիաբար խաբած քաղաքական թիմի և հեղափոխության ինքնահռչակ առաջնորդ, պոպուլիստ, ստախոս Նիկոլ Փաշինյանի դեմ»: Ինչպե՞ս եք պայքարելու համաճարակի ու արտակարգ դրության պայմաններում:

- Ժամանակը ցույց կտա: Կարծում եմ, այդ գրառումն արդեն մեկնարկ է: Երբ դու փոխում ես քո ասելիքի բովանդակությունն ու խստությունը, քննադատությունը ոչ թե առաջարկներով ես անում, այլև հարցը սուր ես դնում, դա արդեն պայքարի մի ձև է: Մինչև հիմա շատ ձայն չէինք հանում, մտածում էինք, թե հեսա կսկսեն, ժամանակ է պետք, բայց ինչպես հասկանում ենք, այդ պահանջը նոր պիտի ձևավորվի: Իրենք ուզում են, հանրային պահա՞նջ ձևավորվի, որ նոր բարեփոխումներ անեն: Կարծում եմ, այդ պահանջը շատ արագ կձևավորվի: