Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Բաբլոյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն Հասարակություն

Արա Բաբլոյանը բոլորին, նաև իր ընկերներին կոչ է անում կորոնավիրուսը չքաղաքականացնել ու սխալ տեղեկություններ չտարածել

Կորոնավիրուսի դեպքերի ավելացման, վարակի դեմ պայքարին ուղղված կառավարության քայլերի ու այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է Առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի հետ։

- Պարոն Բաբլոյան, երեկվա համեմատ այսօր կորոնավիրուսով վարակակիրների թիվը գրեթե կրկնապատկվել և հասել է 351-ի: Դա սահմանափակումների թուլացմա՞մբ, թե այլ հանգամանքով է պայմանավորված:

- Ցավում եմ, որ գործընթացն այնպես չի գնում, ինչպես ենթադրում էինք մենք` որպես առողջապահության կազմակերպիչներ: Այս դեպքում երկու պատասխանատու կողմ կա` կառավարությունն ու մյուս պատկան մարմինները, և հանրությունը, որը պետք է հետևի պետության կողմից առաջարկվող կարգուկանոնին: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել հասնել մեր հանրության այն վարքագծին, որ ամեն մարդ կամ գոնե մեծամասնությունը կարողանար հասկանար ու իրականացներ անհրաժեշտ սահմանափակումները, որպեսզի կարողանայինք կանխարգալելել վարակի տարածումը:

- Պատճառն այն է, որ կառավարությունն ու այլ պատկան մարմիննե՞րը ճիշտ միջոցներ չեն կիրառել, թե՞ մենք կարգապահ  հանրություն չենք:

- Ես հետևում եմ բոլոր քննադատություններին ու կարծիքներին ու դրանք կարող եմ բաժանել երեք մասի: Մի մասը բավականին կառուցողական առաջարկություններ են, բայց դրանք ներկայացնելիս` փորձում են օգտագործել քաղաքական երանգ: Երկրորդ խումբն ունի առաջարկություններ, որոնք ոչինչ չեն ներկայացնում, բայց ունեն քաղաքական նշանակություն: Եվ երրորդ խումբն ունի առաջարկներ, որոնք չունեն քաղաքական նշանակություն: Վերջինս իր հերթին երկու մասի է բաժանվում. մի մասը բանիմաց մարդկանց կողմից պիտանի առաջարկներն են, և գործից չհասկացող մարդիկ, ինչ ասես, կարող են խոսել և օգուտ չտալ:

Մենք այս պահին այնպիսի վիճակում ենք, որ անկախ այն հանգամանքից` ինձ դուր է գալիս Նիկոլ Փաշինյանի կառավարումը, թե`ոչ, պետք է միավորվենք մի հարցի շուրջ` ինչպես աջակցենք ու ապահովենք կարգուկանոնը, կանխարգելենք համաճարակի տարածումը: Սա հարց է, որն այս պահին կապ չունի մեր քաղաքական դիրքորոշումների հետ: Շատ վտանգավոր են այն մարդիկ, որոնք կամ չեն հասկանում կամ էլ հասկանալով` դիտավորյալ ոչ ճիշտ տեղեկատվություն են տարածում ու նշում, թե վիրուսը վտանգավոր չէ, որ մեծ մասն առանց սիմպտոմների` թեթև է տանում, որ ժողովուրդը թող հիվանդանա ու իմունիտետ ձեռք բերի:

Ասում են, այս ամենը արել են, որ պատվաստանյութ ու դիմակ վաճառեն: Իսկ քաղաքացին հակված է լսել այն խորհուրդը, որը հեշտացնում է իր կյանքը: Դրա համար մենք պետք է կարողանանք շատ նուրբ աշխատել մեր քաղաքացիների հետ: Եթե դու այսքան ժամանակ երեխայիդ բերել ես Արա Բաբլոյանի մոտ և հավատացել ես, որ կբուժվի, ինչո՞ւ չես ուզում հավատալ, որ մի փոքր պետք է քեզ սահմանափակ պահես, որ երեխադ չհիվանդանա:

- Նման քաղաքական երանգներով քննադատություններ հնչում են նաև նախկին իշխանությունները, Ձեր կուսակից ընկերները:

- Եթե մեր պետության, մեր ժողովրդի անվտանգության համար պետք է այն, ինչ ես եմ պատկերացնում, չեմ բաժանում, թե ում կուսակիցներն են: Բոլորին եմ ասում: Եթե իմ ընկերները ճիշտ չեն, նրանց էլ ասում: Կներեք, գոյություն ունի վիճակագրություն, որը ցույց է տալիս, որ մահացությունն ավելացել է, և մենք չենք կարող մարդկանց կյանքի ու առողջության հաշվին թույլ տալ հանրային հանգստության բերող գործընթաց: Մենք պետք է կարողանանք անցնել այս պրոցեսը: Այո, պետք է քայլ առ քայլ հանել սահմանափակումները: Մեր կենտրոնը մշակել է մոտ 30 էջից բաղկացած մի կանոնակարգ, որով պետք է ձգտենք կանխարգելել վիրուսի տարածումը: Յուրաքանչյուր գործատուի պատասխանատվությունն է այնպես կազմակերպել աշխատանքը, որ կարողանա շուտ հայտնաբերել վիրուսակրին, մեկուսացնել ու նպաստել կանխարգելմանը:

Քննադատում են, թե դիմակ չկրող մարդուն ինչու են այդքան մեծ գումարով տուգանում: Ես հասկանում եմ, որ այդ գումարը հիմա բոլորի համար նշանակություն ունի, բայց պետք է սովորել, որ որպես քաղաքացի յուրաքանչյուր ոք պատասխանատու է ոչ միայն իր ու իր ընտանիքի, այլև իր շրջապատի առողջության համար:

- Վարակակիրների ավելացման միտումը շարունակվելո՞ւ է:

- Այո, ես վախենում եմ: Եթե շարունակվի այն պահվածքը, ինչպես ես երեկ տեսա հեռուստատեսությամբ կամ համացանցով, որ առանց դիմակների ու խմբերով են շրջում, ապա լուրջ խնդիրներ ենք ունենալու: Ինձ համար հանելուկ է, թե ինչպես մի ժողովուրդ, որը կարողացավ դիմակայել պատերազմին ու շրջափակմանը, երբ էլեկտրականություն ու դեղ չկար, համաճարակներ չունեցանք, հիմա չի կարող իրեն մի փոքր նեղություն տալ ու սահմանափակ ապրել: Այս պահին ինչ էլ անի կառավարությունն ու ԱՆ-ն, ոչնչի չի կարող հասնել, եթե բոլորս միասին չանենք: Բացի այդ մենք թեստավորման քանակը պետք է շատ ավելացնենք:

- Ձեր կարծիքով աշխարհը կորոնավիրուսի զարգացման պիկին հասե՞լ է, թե՞ դա դեռ առջևում է:

- Ես ասել եմ, որ եթե հոկտեմբերին գտնվի պատվաստանյութը, դա կլինի ֆանտաստիկ երևույթ: Ժամանակի մեջ տարածումը կարող է նվազել կամ ավելանալ, բայց չի վերանա, եթե չգտնվի պատվաստանյութը: Իսկ հիմա, երբ մենք շփումները սահմանափակում ենք, սահմանափակում ենք վիրուսի տարածումը: Մենք դրա առկայությունը դեռ չենք կարող վերացնել, բայց կարող ենք սահմանափակել:

- ԱՀԿ-ն կամ ԱՆ-ն կարծես թե կորոնավիրուսի մասին բացասական տեղեկությունը դոզավորված են բաց թողնում: Վերջին անգամ ասացին, որ կորոնավիրուսի հաղթահարման մասին կարող ենք խոսել հինգ տարի հետո, կամ որ այն ՁԻԱՀ-ի նման կարող է միշտ մեզ հետ լինել: Մե՞ծ է այդ սցենարի հավանականությունը:

- Ոչ թե դոզա-դոզա են բաց թողնում, այլև այս վիրուսը նոր տիպի է, ոչ ոք նրան չի ճանաչել, չգիտի վաքագիծն ինչպիսին է, վարակելու աստիճանը որքան է: Մասնագետները ժամանակի ընթացքում որքան հասցնում են ճանաչել, դա է ներկայացվում: Սկզբից պարզապես շատ բան չգիտեին:

- Պարոն Բաբլոյան, իմունիտետ զարգացնելու համար ի՞նչ խորհուրդ կտաք հանրությանը, որ վարակվելու հավանականությունը ցածր լինի:

-Այս պահին պատկերացումները, տեղեկություննեը դեռ հակասական են, այդ պատճառով դժվար է ասել, թե ինչպես պետք է հասնենք  իմունիտետի համար, որ այս վիրուսի դեմ պայքարն արդյունավետ լինի: Կան աշխատություններ, որոնք ասում են, այն երկրներում, որտեղ ԲՑԺ պատվաստումն արել են, այնտեղ այս վիրուսն ավելի թեթև ու անվտանգ են տանում: Գիտությունն այս պահին չի կարող ասել` դուք ձեզ այսպես պահեք: Առայժմ միակ բանը, որ կարողանում է ասել` իրարից հեռու եղեք, ձեռքերը մշակեք, խոսելուց դիմակ հագեք: Ես հիմա չեմ կարող խորհուրդ տալ, թե այս վիրուսի դեմ իմունիտետը բարձրացնելու համար ինչ է պետք անել, որովհետև չգիտեմ, թե որ միջոցն է ավելի արդյունավետ: Անգամ այն, որ երեխաներն ավելի թեթև են տանում, դեռ ուսումնասիրման փուլում է: