Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԱ
A A
Հասարակություն

Արթուր Ալեքսանյանը հեծանիվով եղել է, բայց վրաերթի ենթարկելու փորձ չի կատարել․ փաստաբան

«Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական   նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանի պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել նրան կալանավորելու որոշումը։ 

Հիշեցնենք՝  Ալեքսանյանը նախօրեին կալանավորել է պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի գործով․տուժող ճանաչվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ 

Ալեքսանյանի փաստաբան Էմին Բեգլարյանն «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին աշխատում են բողոքի վրա։

Ալեքսանյանին առաջադրված մեղադրանքի մասով պաշտպանն ասաց, որ այն անհիմն է, կայացվել է չպատճառաբանված ու չհիմնավորված կալանավորման դատական ակտ։ 

«Ազգային ժողովի պատգամավորը չի կարող 316-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը - հեղ) տուժող լինել, քանի որ կարգադրիչ լիազորություններով օժտված չէ, ինչը Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 3-րդ մասով շատ հստակ նշված է»,- ընդգծեց նա։

 

ՔՕ 316 հոդված, 3-րդ մաս՝  սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:

 

Ըստ փաստաբանի՝ այս հոդվածը կարող է վերաբերել, օրինակ, Ոստիկանության աշխատակցին, քանի որ նա իրավունք ունի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի հիման վրա օրինական, իրավաչափ պահանջներ ներկայացնել քաղաքացիներին։ 

 

«Օրինակ կարող է ասել՝ «սոցիալական հեռավորությո՛ւն պահապանեք»։ Տարբեր, տարբեր հրահանգներ կարող է տալ։ Չենթարկվելու, բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիք հնչեցնելու դեպքում, միանշանակ 316-րդ հոդվածը կարող էր կիրառվել։ Իսկ Ազգային ժողովի պատգամավորը, որպես այդպիսին, չունի նման իրավասություն»,- շարունակեց Էմին Բեգլարյանը։

 

Անդրադառնալով միջադեպին՝ փաստաբանն ասաց, որ Արթուր Ալեքսանյանը ցուցմունք է տվել, մեղավորությունը չի ընդունում, հերքում է լրատվամիջոցներով տարածված՝ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ցուցմունքի բովանդակությունը։

 

 «Ինքը  (Արթուր Ալեքսանյանը - հեղ) հեծանիվով եղել է, բայց հեծանիվով վրաերթի ենթարկելու փորձ, հեծանիվով բռնություն գործադրելու փորձ, կամ հեծանիվով բռնություն գործադրելու որևէ գործողություն Արթուր Ալեքսանյանը չի կատարել»,- եզրափակեց Էմին Բեգլարյանը։


Հիշեցնենք, որ «Կամք» նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանը ձերբակալվել էր մայիսի 13-ին  պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա։ Նշենք, որ Բաղդասարյանը մայիսի 11-ին իրավապահ մարմինների հաղորդել էր, որ Ալեքսանյանը Սահմանադրական դատարանի մոտ ժամը 17։00-17։15 ընկած ժամանակահատվածում փորձել էր իրեն հեծանիվով վրաերթի ենթարկել, իր հասցեին սպառնալիքներ ու հայհոյանքներ էր հնչեցրել։