Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault
A A
Հարցազրույց Հասարակություն

Չհասցրեցինք ավարտել Հայաստանից Հայրենական պատերազմին մասնակիցների տվյալների հավաքագրումը․ Ա․ Վիրաբյան

75 լուսանկար, մեծ մասը` Հայաստանի ազգային արխիվից, նաև Հայաստանի պատմության թանգարանից, ինչպես և կինոնկարներից լուսանկար դարձած ֆոտոներ տեղադրվել են մեծ վահանակների վրա Երևանի 75 տարբեր վայրերում: 

Պատմությունը պետք է սերունդներն իմանան … Օրինակ, հավանական է, քչերը գիտեն փառահեղ 76-րդ դիվիզիայի մասին, որտեղ հայերը մեծ թիվ էին կազմում, և մինչև 1936 թվականը հայկական դիվիզիա էր, հետո դարձավ ինտերնացիոնալ Վորոշիլովի անվան դիվիզիա, իսկ 1942 թվականին քաջաբար կռվելու համար վերանվանվեց 51-րդ գվարդիական հրաձգային դիվիզիա: Դիվիզիան հայկական թերթ ուներ, որի խմբագիրը դիվիզիայի շարքերում զինծառայող Հրաչյա Քոչարն էր: Հայաստանից այդ դիվիզիա էին գալիս երաժիշտներ, երգիչներ, դերասաններ, հանդիպումներ էին կազմակերպում, համերգներ էին տալիս: 

«Ա1+»-ը օրվա խորհրդի շուրջ հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի հետ: 


– Պարոն Վիրաբյան Մայիսյան եռատոնի հետ կապված, հավանական է, մեծ ծրագրեր ունեիք:

 

– Այո, շատ բան էինք նախատեսել: Օրինակ, ցանկանում էինք մի շատ ինքնատիպ ցուցադրություն կազմակերպել: Հայրենական պատերազմի տարիներին «Արմենպրեսը» Երևան քաղաքում  ամեն շաբաթ մեկ ծաղրանկար է հրապարակել, որ անվանի նկարիչներ էին նկարում: «Արմենպրեսի» շենքի մոտ կար մի մեծ վանդականման, փայտից պահարան, ապակյա դռներով, որի ներսում փակցնում էին ծաղրանկարը: Մարդիկ հավաքվում էին, դիտում: Ծաղրանկարի տակ հաճախ նաև հակաֆաշիստական քառատողեր էին գրում: Մոտավորապես 200 ծաղրանկար է պահպանվել, 1941-ից մինչև 1943 թվականները: 

Ցավոք, չհասցրեցինք ավարտին հասցնել Հայաստանից Հայրենական պատերազմին  մասնակիցների տվյալների հավաքագրումը: Մինչ օրս հիմնականում  հրապարակվել են զոհված մարտիկների ազգանունները: Հիմնականում նրանց անուններն էին հիշատակվում, գրքեր էին գրվում նրանց մասին, բայց եղել են, օրինակ մարտիկներ, որոնք անցել են պատերազմի ողջ բովով՝ 1941 թվականի հունիսի 22-ից  մինչև 1945-ի մայիսի 9-ի հաղթանակ: Քիչ են եղել, բայց եղել են: 

Հիմնականում ովքեր պատերազմի առաջին օրերին զորակոչվեցին, նրանց մեծ մասը զոհվեց:  Դրանք 1920-1922 թվականներին ծնված տղաներն էին: Մենք ցանկանում ենք բոլոր մասնակիցների անունները հրապարակել՝ և զոհվածների, և գերի ընկածների, և անհետ կորածների, և վերադարձածների: Այդ աշխատանքները կատարելու համար, դեռ  մի քանի տարի առաջ մենք քաղաքի բոլոր շրջանային զինկոմիսարիատներից   հավաքագրեցինք ռազմաճակատ մեկնածների, զոհվածների և վերադարձածների մասին տվյալները, որոնք այժմ  պահպանվում են Ազգային արխիվում: Մենք ցանկանում էինք հրապարակել բոլոր անունները, բայց, ցավոք, չկարողացանք ավարտին հասցնել: Սակայն անպատճառ կատարելու ենք: Ռազմական արվեստի թանգարանը  բավականին մեծ աշխատանք է կատարել և արդեն չորս  հատորով հրատարակել են  զոհված հայ մարտիկների անունները: Մեզ մնում է համեմատել դրանք, առավել ևս, որ այսօր ռուսական մի կայք կա, որտեղ արդեն 12 միլիոն մարդու վերաբերյալ տեղեկություններ կա հավաքած, և կարող ենք գտնել բոլոր զոհվածների վերաբերյալ տեղեկություններ: Կա նաև մեկ այլ կայք, որը տեղեկություններ է տալիս շքանշաններ, ստացածների մասին, որը ևս հնարավորություն է տալիս համեմատելու, ստուգելու մեր ունեցած տեղեկությունները: Ասեմ նաև, որ 1960-ականներին արխիվը մեծ աշխատանք է կատարել և բոլոր շրջաններից, գյուղական վայրերից և փոքր քաղաքներից տեղական իշխանությունների աջակցությամբ հավաքագրել են և կազմել են ցուցակներ՝ և պատերազմի մասնակիցների, և զոհվածների, առանձին-առանձին, բայց դժբախտաբար երեք մեծ քաղաքների վերաբերյալ ՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, նման տեղեկությունները չկան: Չհասցրեցինք ավարտել մայիսին, ինչպես նպատակադրվել էինք, սակայն կշարունակենք և ավարտին կհասցնենք, որովհետև դա անհրաժեշտ է ապագա սերունդներին: Հատկապես վերջին տարիներին մենք բազմաթիվ դիմումներ ենք ստանում քաղաքացիներից, որոնց հետաքրքրում է Հայրենական պատերազմին մասնակցած իրենց պապերի, հայրերի ճակատագիրը, և ոչ միայն զոհված: Ցավալի է, բայց կյանքն իր օրենքն ունի…այսօր արդեն վետերան էլ չի մնացել… հնչեցվեց 287թիվը: Հայաստանից վերջին սերունդը որ մասնակցել է պատերազմին, եղել են 1925 թվականի ծնվածները, որոնք այսօր 95 տարեկան են:  

Մենք պետք է մեր կայքը ունենանք, և բոլոր մասնակիցների, զոհվածվերի, վիրավորների մասին տեղեկությունները պարտադիր պետք է տեղադրենք: 

Նախատեսել էինք մի քանի գիտաժողովներ, ԱՊՀ-ի շրջանակում մեծ գիտաժողով պետք է կայանար, որը ֆինանսավորելու էր Մոսկվան: Քանի որ ես միաժամանակ Մանկավարժական համալսարանում ամբիոնի վարիչ եմ, այնտեղ ևս գիտաժողով էինք նախատեսել՝ նվիրված պատերազմին, բայց դա էլ հետաձգվեց, չեմ պատկերացնում, մենք դա աշնանը կանցկացնենք, թե ոչ: Դժբախտաբար այդ բոլոր ծրագրերը, կախված  ներկա հանգամանքներից չիրականացան: 

Ասեմ, որ այս տարի ավարտին կհասցնենք նաև «Հայաստանի Հանրապետության սպայակազմը» հանրագիտարանը: Աշխատանքի կեսից ավելին համարյա ավարտել ենք:

 

– Ի՞նչ ծրագրեր էիք նախատեսել Շուշիի ազատագրման տոնի հետ կապված:

 

–1920 -ի մարտի 23-ը Շուշիի կործանման օրն էր փաստորեն, երբ թուրք-ադրբեջանական հրոսակախմբերը ոչնչացրեցին Շուշիի հայկական թաղամասն իր բնակիչներով: Մենք  պատրաստել էինք ցուցադրություն, որը պետք է արդեն ուղարկեինք Շուշի ցուցադրման համար, որը ևս դժբախտաբար հետաձգվեց, և որոշեցինք դա իրականացնել այն ժամանակ, երբ հնարավոր կլինի: Պատրաստվում էինք ցուցադրություն, թե ինչպիսին էր Շուշին մինչև մարտի 23-ը, դրանից հետո մինչև ազատագրումը և հիմա:

1992 թվականին Շուշին ազատագրվեց և հետագա Արցախյան պայքարի հարցում մեծ նշանակություն ունեցավ, որովհետև Շուշիի ազատագրումով հնարավոր եղավ Հայաստանը կապել Արցախի հետ: Փաստորեն մեր հաղթանակները սկսվեցին Շուշիի ազատագրումով: Պետք է նաև մի կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք, որ մեր սպաների ռազմական արվեստին տիրապետելն իր դերը կատարեց փոքրաթիվ կորուստներով Շուշին ազատագրելու գործում: Դա նշանակում էր, որ նախապատրաստական լուրջ աշխատանքներ էին կատարվել: Իհարկե, ռազմական գաղտնիքը մնում է ռազմական գաղտնիք, բոլոր մանրամասներին չէ, որ տիրապետում ենք, բայց կարող եմ ասել, որ այն փայլուն, ռազմավարական մեծ արվեստով իրականացված գործողություն էր, որով սկսվեց մեր հաղթանակների շղթան:

 

– Պարոն Վիրաբյան, ի՞նչ խնդիրներ կան, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել:

 

– Հիմնականում երկու խնդիր կա: Համար մեկը՝ ցածր աշխատավարձն է, միջինը 100000 դրամ է, որը բարձրակարգ մասնագետների համար, թերևս աններելի ցածր գումար է, թեպետ արխիվագետներն իրենց մասնագիտության նվիրյալներն են և անձնվիրաբար են աշխատում: Երկրորդը, 21-րդ տեխնոլոգիական դարում հսկայական ներդրումներ են պետք կատարել ժամանակի հետ համընթաց քայլելու համար: Ճիշտ է, մենք շատ արխիվներից հետ չենք մնում՝ մեր կայքերը, մեր էլեկտրոնային համակարգը անընդհատ զարգացնում ենք: 95%-ով մենք էլեկտրոնային ծառայություն ենք մատուցում, Հայաստանում համարյա 99%, քանի որ հարցումը գալիս է սոցիալական ապահովության ծառայությունից, մենք էլեկտրոնային փաստաթուղթ ենք ուղարկում, քաղաքացին այլևս չի գալիս իր թոշակը ձևակերպելու համար տեղեկանքներ վերցնելու: Սակայն, օրինակ  մեծ քանակ են կազմում Ռուսաստանի Դաշնությունում գտնվող մեր հայրենակիցները: Այնտեղից հարցումը գալիս է էլեկտրոնային եղանակով, բայց Ռուսաստանի Դաշնությունը պարտադիր պահանջում է, որ տեղեկանքը լինի թղթի վրա, կապույտ թանաքով ստորագրված և կապույտ կնիքով կնքված: Մենք այսօր հասել ենք 95%-ով առանց քաղաքացու հետ շփվելու ծառայությունների մատուցման: 5%-ն էլ գիտե՞ք ինչ է: Շատ մարդիկ չեն հիշում, որտեղ են աշխատել, այդ կազմակերպության անունը: Ստիպված ենք նրանց  հրավիրել մեզ մոտ զրույցի, որպեսզի ճշտենք որոշ հարցեր,  փողոցն ենք ճշտում, ով էր ղեկավարը: Այդպես էլ գրում ենք, որ էլեկտրոնային հարցման մեջ անհրաժեշտ է քաղաքացուց կատարել ճշտումներ: 5%-ի մեջ են մտնում նաև արխիվային նյութերի ուսումնասիրողները՝ գիտականներ, լրագրողներ և այլոք, որոնք իրենք պետք է գան և կատարեն ուսումնասիրությունները:

Ջեռուցման խնդիրը լուծել ենք և ձմռանը տարածքը ջեռուցվում է, սակայն, շենքը 50-ական թվականների է, և օդափոխության ժամանակակից համակարգ չունի: Պետք է մտածենք նաև դրա մասին: 

Մենք գտնվում ենք Արդարադատության նախարարության կազմում  և ասեմ, որ նախարարությունը սկսել է բավականին ուշադրություն դարձնել և մենք այսօր մշակում ենք հետագա զարգացումների ծրագրեր, նույնիսկ որոշման հրամանի նախագիծ ենք ստացել, հիմա իմ սեղանի վրա է, թե այդ աշխատանքները ինչպես իրականացնել, ինչ ժամկետում և այլն: 

 

Մենք փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել մեր քաղաքացիների համար, բայց ամենակարող չենք: Օրինակ, այնպես է ստացվել, որ 90-ական թվականներին շատ փաստաթղթեր են ոչնչացվել առանց մտածելու, որ տարիներ հետո դրանք կարող են պետք գալ: Մարդն աշխատել է ինչ-որ կազմակերպությունում, փոքր ձեռնարկությունում, որոնք փակվել են: Նա դիմում է մեզ, հուսալով, որ այստեղ ամեն ինչ կա սակայն, ավաղ, օգնել չենք կարող և սա խնդիր է:



– Պարոն Վիրաբյան, ի՞նչպես եք հաղթահարում համավարակի ճգնաժամը: 

 

– Շատ ծանր իրավիճակում ենք, և տնտեսական և բարոյահոգեբանական առումներով: Սակայն ես համարյա ոչ մի օր աշխատանքից չեմ բացակայել: Շատ է գործը: Պարտավոր ենք պատասխանել թոշակի գնացող քաղաքացիների զանգերին, տեղեկանքների պատրաստման ընթացակարգը ապահովել, փորձում ենք հնարավորինս ամեն ինչ անել: Քանի որ, աշխատակիցների փոքր կազմն է հիմնարկ գալիս, ես առավոտից երեկո  զբաղված եմ այդ խնդիրներով: Առավոտյան վաղ աշխատանքի եմ գալիս, երեկոյան շատ ուշ տուն գնում ոտքով, մոտիկ եմ ապրում: Պարզ չէ, թե վաղը ինչ է կատարվելու: Շատերը հույս ունեն, թե տաքանալու հետ թագավարակը կանցնի, բայց կասկածում եմ, որովհետև, ցավոք սրտի, մենք էլ ենք մեղավոր, որովհետև համառեժիմը չենք պահպանում բառիս բուն իմաստով՝ ինձանից սկսած, անկեղծորեն որ ասեմ:

 

– Չե՞ք կարծում, որ ոստիկանությունը այս շրջանում իրեն շատ «փափուկ» պահեց:

 

– Այո, կարծում եմ, որ ավելի խիստ պետք է լիներ: