Գավառի կրակոցներից վիրավորվածը զրկված է հարազատներին տեսնելու հնարավորությունից․ փաստաբան
Աջակցիր «Ա1+»-ինԳավառում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վիրավորներից Նորատուսի բնակիչ Սասուն Մելոյանը զրկված է հարազատներին տեսակցելու հնարավորությունից։ Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Ազատության փողոցում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով մահացել էր 2 մարդ, ևս 4-ը մարմնական վնասվածք էր ստացել։
«Դեպքից հետո Սասուն Մելոյանը, որը ոտքից ունի հրազենային վնասվածք, պառկած է Երևանի առաջին կլինիկական հիվանդանոցում («Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր - հեղ․)։ Դեպքից անմիջապես հետո տեղափոխվել է այնտեղ, վիրահատվել է, և ոստիկանության կողմից անվտագության միջոցներ էին կիրառվում, այսինքն՝ հսկվում էր պալատը, հիվանդասենյակի շրջակայքը և այլն»,- նշեց փաստաբանը։
Փաստաբանի փոխանցմամբ՝ ապրիլի 30-ից ինքը և իր գործընկեր, փաստաբան Վարդուհի Էլբակյանը վարույթ իրականացնող, քննչական մարմնին դիմում են ներկայացրել Մելոյանի շահերը ներկայացնելու մասով։ Դրանից հետո, ըստ Սարգսյանի, ինքը և իր գործընկերը տեսակցել են իրենց վստահորդին, հաջորդ օրը՝ նույնպես։
«Մայիսի 3-ին գնացել էի հերթական տեսակցության իմ վստահորդի հետ, բայց ոստիկանները չթողեցին տեսակցել, ասեցին, որ «պետք է քննիչից թույլտվություն հարցնեք»։ Իմիջայլոց ասեմ՝ 5 օր է, այսօր 6-րդ օրն է, Մելոյանը փաստորեն զրկված է իր հարազատների հետ խոսելու, տեսակցելու, նույնիսկ հեռախոսով խոսելու հնարավորությունից։ Ինքը վկայի կարգավիճակում է, որևէ խափանման միջոց կամ սահմանափակում չկա։ Որևէ հնարավորությունից զրկված է, որևէ լրատվության միջոց, հեռուստացույց չկա»,- շարունակեց պաշտպանը։
Իսկ փաստաբաններին քննչական խմբի ղեկավարի կողմից իրենց վստահորդին հանդիպելու հնարավորությունից զրկելու մասով Սարգսյանը երեկ դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որից հետո հարցը շատ արագ կարգավորվել էր։
Ըստ նրա՝ քննչական մարմնից պատճառաբանել էին, որ տեսակցության հարցը ոստիկանների թույլտվության տիրույթում է, վերջիններս էլ ասել էին՝ քննիչների իրավասության դաշտում է։
«Ընդամենը երեկ իրենց մի բան բացատրեցի՝ «հարգելինե՛րս, եթե դուք ձեր լիազորությունները կատարում եք, ապա դուք արդեն պաշտոնական լիազորությունների անցում եք թույլ տվել։ Այսինքն՝ ապօրինություններ եք թույլ տվել այն հաշվով, որ անձին զրկել եք տեսակցության իրավունքից, դրան գումարած՝ հիմա էլ անձին թույլ չեք տալիս, որպեսզի իր փաստաբանին հանդիպի»»,- մանրամասնեց նա։
Հիմա փաստաբանների հետ տեսակցության առումով սահմանափակում չկա, բացի այդ՝ Հովսեփ Սարգսյանն ասաց, որ եթե սահմանափակում դրվի, հանցագործության մասին հաղորդում կներկայացնի, որովհետև դա կլինի հանցագործություն պաշտոնատար անձի կողմից։
Հարազատներին տեսակցելու առնչությամբ փաստաբաններն այսօր դիմել են վարույթ իրականացնող մարմին, որպեսզի առանց խոչընդոտների կարողանան տեսակցել։ Եթե վաղը չկարգավորվի հարցը, փաստաբաններն այլ քայլերի կդիմեն։
Հարցին՝ ի՞նչ պատճառաբանությամբ չի թույլատրվում հարազատների հետ տեսակցությունը, փաստաբանը պատասխանեց, որ ասել են թե «անվտանգության միջոցի կիրառման հիմքով»։
«Գոնե կինը կարո՞ղ է գալ, տեսնել, գոնե հայրն ու մայրը կարո՞ղ են գալ տեսակցելու․ խոսքը նրանց է վերաբերում։ Ես հո չեմ ասում՝ համագյուղացին, հարևանը կամ ընկերը գա, տեսնի։ Խոսքը վերաբերում է իր անմիջական հարազատներին՝ կին, հայր, մայր, որոնք մերձավոր ազգականներն են»,- շարունակեց նա։
Իսկ Գավառում տեղի ունեցած միջադեպում իր պաշտպանյալի ներգրավվածության մասով Սարգսյանն ասաց, որ ամենավերջում մոտեցողն է եղել, ընկերոջ «Օփել Զաֆիրա» մեքենայով մոտենում է, «ընկերոջ կողքին նստած է լինում, մեքենան մոտենում է, ինքն իջնում է, ու ոտքին կրակոց է լինում, ու ինքը հեռանում է դեպքի վայրից»։
«Ընդ որում, պատահական է տեսած լինում։ Ինքն ընդամենը տեսնում է, որ համագյուղացիների մեքենաները կանգնած են: Գալիս են, կանգնում են, ինքը հենց մեքենայից իջնում է, անմիջապես կրակոց ոտքին ու ոտքի կրակոցից հետո հեռանում է․ տեսագրության մեջ երևում է շատ ակնհայտ»,- եզրափակեց նա։
«Օփել Զաֆիրա»-ի մոտենալը և հետագա ընթացքը կարող եք դիտել ներկայացված տեսանյութի 01։03 րոպեից։
Ոստիկանության կողմից սահմանափակումների մասով ՀՀ ոստիկանության մամուլի խոսնակ Էդգար Ջանոյանը պատասխանեց․ «Ոստիկանությունը տեսակցությունների որոշակի սահմանափակումներ է կիրառում վիրավորների անվտանգությունից ելնելով»։
Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունների՝ Գավառում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 15 անձի, և կալանավորվել է 13 անձ։