Մեծ բեռ է մնում Մոսկվայից Հայաստան տեղափոխելու քաղաքացիների հարցը. Զոհրապ Մնացականյան
Աջակցիր «Ա1+»-ինԿորոնավիրուսի դեռ վաղ շրջանում հայտարարություններ էինք տարածում օգտվել բոլոր հնարավոր առիթներից, ողջամիտ որոշում ընդունել, հաշվի առնելով համավարակի աճող վտանգը և բազմաթիվ մարդիկ որոշում ընդունեցին վերադառնալ Հայաստան. Ազգային ժողովում արտաքին քաղաքականության քննարկման հաշվետվության ժամանակ ընդգծեց Արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը:
«Մարտի կեսից, երբ արտակարգ դրություն մտցվեց, այդ շրջանից ի վեր մոտավորապես 23 հազարի չափ մարդ է վերադարձել Հայաստան այն պայմաններում երբ դադարել էին բազմաթիվ փոխադրումներ: Ընդհանուր առմամբ 2035 հոգի վերադարձվել է Հայաստան մեր ներգրավմամբ, որից 1537-ը անվճար է եղել քաղաքացիների համար: Մեծ բեռ է մնում Մոսկվայից Հայաստան տեղափոխելու քաղաքացիների հարցը: Համայնքային կառույցների միջոցով տեղավորել ենք քաղաքացիներին, կեցավայր, սնունդ ապահովվել: Բայց կա դեռևս մեծ ցանկ, որը մեր ուշադրության կենտրոնում է, պետք է դեռևս իրականացվի այս ամենը»:
Նախարարը նշեց, որ ուշադրության կենտրոնում են պահում նաև սահմանների զինադադարի ռեժիմի պահպանման հարցը:
«Այս շրջանում ապահովվում է համեմատաբար հանգիստ իրավիճակ, սակայն մենք անմիջապես ենք արձագանքում յուրաքանչյուր զարգացմանը, որը անհանգստության առիթ է տալիս: Մենք արտահայտվեցինք, թե համանախագահների և թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության՝ գլոբալ զինադադարի պահպանման և մասնավորապես մեր տարածաշրջանի պահպանման հարցի վերաբերյալ: Զինադադարի պահպանումը ներկայիս պայմաններում էական է բոլոր երկրների համար: Հայաստանի և Ադրբեջանի համար առաջնային խնդիրը համավարակի դեմ պայքարն է»:
Զոհրապ Մնացականյանը անդրադառնալով միջազգային անվտանգության և համագործակցության հարցերին նշեց, որ համավարակի պայմաններում մի կողմից կաթվածահար է եղել միջազգային համագործակցությունը, սակայն մյուս կողմից ընդգծվել է նրա նշանակությունը գլոբալ սպառնալիքների՝ այս դեպքում՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու պայմաններում:
«Մեզ համար առաջնային խնդիր է մնում ապահովվել անվտանգային համակարգը: 2019 թվականին հայկական դիվանագիտությունը հաստատեց, որ իքնիշխան է, ինչը արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է: 2019 թվականին ընդլայնվել է և 2020 թվականին կշարունակվի ընդլայնվել դիվանագիտական ներկայացուցիչների աշխարհագրությունը, 2010 թվականին Հայաստանում բացվել է Ուրուգվայի գլխավոր հյուպատոսությունը, 2020-ին բացվել է Սլովակաիայի դեսպանությունը: Երեք եվրոպական երկիր՝ Սերբիան, Նիդեռլանդները և Շվեդիան որոշում են ընդունել 2020 թվականի ընթացքում դեսպանություններ բացել Հայաստանում և այդ ուղղությամբ կատարվել են կոնկրետ քայլեր»:
Զոհրապ Մնացականյանը նշեց, որ շարունակական քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում փոխհամագործակցության հետագա խորացման և կտարելագործման ուղղությամբ: Նա ընդգծեց, որ Հայաստանի գործընկերային հարաբերություները եվրոպական միության անդամ երկրների հետ վերընթաց զարգացում են ապրել թե քաղաքական, և թե տնտեսական ոլորտներում: 2019 թվականին եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությունը զգալի աճել է: 2019 թվականի ընթացքում նախատեսված 40 մլն եվրոյի չափով աջակցությանը հավելվել է ևս 25 մլն եվրո: Ընդհանուր 65 մլն-ի ֆինանսական աջակցոթյունը 2017-2018 թվականի համեմատությամբ զգալիորեն աճել է:
Նախարարը նաև ընդգծեց, որ Միացյալ նահանգների Կառավարությունը ավելացրել է՝ 2019 թվականին Հայաստանին հատկացվող օժանդակությունը, շուրջ 40 տոկոսով՝ դարձնելով շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար: Կարևորվում է նաև Իրանի և Վրաստանի հետ համագործակցության ամրապնդումը և զարգացումը այդ թվում տրանսպորտային և էներգետիկ փոխկապակցվածության շրջանակում: