Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Պետք չէր արտակարգ դրություն հայտարարել, գերագնահատվեց համաճարակի մեծությունը. Արմեն Եղիազարյան (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը գտնում է, որ Հայաստանի կառավարության կամ պարետատան նախաձեռնությունը, որ մայիսի 4 պետք է աշխատանքը վերսկսեն մի շարք բիզնես-ոլորտներ, չափազանց ուշացած որոշում է: Ավելին, նա պնդում է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով պետք չէր արտակարգ դրություն հայտարարել: «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ համաճարակը գերագնահատվեց ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ողջ աշխարհի կողմից: Եվ որ խելամիտ գտնվեցին ու տնտեսական մեծ կորուստներ չունեցան Շվեդիան ու Բելառուսը, որոնք մյուսների նման չփակեցին իրենց բիզնեսը և տնտեսությանը թույլ տվեցին աշխատել:

Տնտեսագետը նաև գտնում է, որ համաճարակի տնտեսական հետևանքների դեմ կառավարության իրականացրած մեկ տասնյակից ավելի ծրագրերը բավարար չեն և բարդացված են: Նրա խոսքերով՝ մեկը եթե չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին, ամեն ինչ անում են, որ նա չընկնի ծրագրի մեջ: Եվ որ այդ աջակցությունը ոչ բոլոր կարիքավորներին է բաժին հասնում:

Ինչ վերաբերում է տնտեսական աջակցության համար կառավարության հատկացրած ընդհանուր գումարին` 150 մլրդ դրամին, ապա գտնում է, որ դա չափազանց փոքր գումար է, անհրաժեշտ է 1,5 մլրդ դոլար բաժանել: «Եվ դա բարեգործական ակցիա չէ, դա անհրաժեշտ է տնտեսությունը վերագործակելու համար: Իսկ տնտեսագիտության տեսակետից էական չէ, թե ում պետք է տրվի այդ գումարը»,- հավելեց նա:

Ա.Եղիազարյանը նաև համոզված է, որ համաճարակի տարածման տեմպը մեր երկրում բավականին դանդաղ է, այն ավելի կարող է դանդաղել մի քանի շաբաթ հետո: Իսկ այն վիճակագրությունը, որ վերջին օրերին ավելացել է նոր հայտնաբերվող վարակակիրների քանակը, պայմանավորված է այլ երկրներից հայրենիք վերադարձած անձանցով` նրանք արդեն վարակված են վերադառնում: «Ենթադրում եմ, որ կա բնական արագություն, որը ժամանակի ընթացքում ընկնում է: Շվեդիայի ու Բելառուսի փորձն էլ դա է ցույց տալիս»,- եզրափակեց նա: