Բացել լրահոսը Փակել լրահոսը
տեսակոնֆ
A A
Պաշտոնական

Հայաստանում մասսայական սպորտային մրցույթները հնարավոր է անորոշ ժամանակով հետաձգվեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչությունն ապրիլի 29-ին տեսակոնֆերանս է նախաձեռնել մարզպետարանների սպորտային ստորաբաժանումների պատասխանատուների հետ։

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Հայաստանում մասսայական սպորտային մրցույթների՝ դեռևս անորոշ ժամանակով հետաձգման հարցը և այս շրջանում առողջ ապրելակերպին ուղղված առցանց ծրագրերի հնարավորությունը։

ԿԳՄՍՆ Մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանը նշել է, որ թեև համավարակի պատճառով սպորտային աշխարհը շատ է տուժել, պետք է ձեռնարկել հնարավոր քայլերը ՀՀ քաղաքացիների մարզական կյանքն ակտիվ պահելու համար․

«ԿԳՄՍ նախարարությունն ամեն տարի ՀՀ մարզերում, Երևանում և Արցախում շուրջ 12 մարզական մասսայական միջոցառում է անցկացնում, որոնց մասնակցում են հազարավոր քաղաքացիներ։ Այս շրջանում հնարավոր չէ անցկացնել թիմային, մասսայական միջոցառումներ, բայց համակերպվելով իրավիճակի թելադրած պայմաններին՝ կարելի է ելքեր գտնել գոնե դպրոցականների շրջանում մարզական ակտիվությունը պահպանելու համար։ Առաջիկայում կաշխատենք առցանց միջոցառումների ուղղությամբ՝ հույսով, որ գոնե աշնանը դրանք կվերադառնան իրական կյանք»,- ասել է Սուրեն Պռազյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է առաջարկությունների համար։

Մարզպետարանների ներկայացուցիչները հանդես են եկել առցանց սպորտային միջոցառումներն ու առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով մրցույթներ անցկացնելու առաջարկներով։ Կողմերը պայմանավորվել են առաջիկա օրերին ևս շարունակել քննարկումները, ինչից հետո որոշում կկայացվի միջոցառումների անցկացման ձևաչափի վերաբերյալ։