Բացել լրահոսը Փակել լրահոսը
maxresdefault (2)
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը առաջիկայում կակտիվանա և ինչ-որ բաներ կհրապարակի․ Արմեն Բաղդասարյան

«Ա1+»-ի հարցազրույցը քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի հետ։

- Պարոն Բաղդասարյան, ԼՂՀ կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունից հետո, ղարաբաղյան հակամարտության սեղանին դրված է հարցի փուլային լուծման տարբերակը, այսօր էլ այդ երկրի ԱԳՆ-ն է այդ հարցով նման հայտարարություն արել: Ինչո՞ւ է ՌԴ-ն իրար հետևից նման աղմկոտ հայտարարություններ անում:

- Խնդիրն այնն է, որ մի բան է բանակցություն վարելը, մեկ այլ բան է քննարկում վարելը այն սկզբունքների շուրջ, որոնց շրջանակներում պիտի տեղի ունենան բանակցությունները: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում ընդունվել են երեք սկզբունքներ` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք: ՀՀ վարչապետն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մենք նախքան բանակցությունները սկսելը պետք է հասկանանք, թե սկզբունքներից յուրաքանչյուրի դեպքում ինչ է հասկանում Ադրբեջանը, և ինչ է հասկանում Հայաստանը: Մենք պիտի ճշտենք, թե ինքնորոշում ասելով` ի՞նչ է հասկանում Ադրբեջանը: Ղարաբաղը պետք է ինքնորոշվի Ադրբեջանի՞ կազմում, թե՞ պիտի ինքնորոշվի ընդհուպ մինչև լիակատար անկախացում: Քանի դեռ այս հարցերի շուրջ լիակատար հստակեցում չկա, խոսքը գնալու է քննարկումների և ոչ թե բանակցությունների մասին:

Ես կուզենայի հստակություն մտցնել նաև փուլային-փաթեթային խնդրի մասին: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կա երկու փաստաթուղթ: Իրականում այդպես չէ: Իրականում անգամ փաթեթային տարբերակը ենթադրում է փուլային լուծում: Մենք հասկանում ենք, չէ՞, որ նույն օրը նույն ժամին չեն կարող և փախստականները վերադառնալ և կոմունիկացիաները բացվել: Պարզապես, այդ բոլոր հարցերը պետք է փաթեթով համաձայնեցվեն, բայց իրականացումը տեղի ունենա փուլերով: Հետևաբար, առաջանում է քայլերի կատարման հերթականություն: Այսինքն՝ անգամ փաթեթային կարգավորումը ենթադրում է փուլային լուծում:

- Նախկին իշխանությունների օրոք քննարկվող Մադրիդյան սկզբունքները նույնպես փուլային լուծում էին ենթադրում: Ավելին` ասվում էր, որ փախստականների ետ վերադարձից հետո երկրորդ փուլում` ինչ-որ անորոշ ժամանակում նոր պետք է ԼՂ-ին տրվեր կամաարտահայտման իրավունք:

- Այո: Մենք հասկանում ենք, որ փաթեթային տարբերակ, այսպես թե այնպես չկար: Այսինքն, բանակցություններն ընթանում էին, հիմա էլ, վստահ եմ, ընթանում են նույն սկզբունքով, որ ոչինչ որոշված չէ, քանի դեռ ամեն ինչ որոշված չէ: Պայմանականորեն ասած` եթե քննարկվում է 100 հարց, և 99 հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվում, բայց 100-րդ հարցի շուրջ ձեռք չի բերվում, նախորդ 99 համաձայնությունները չեղարկվում են: ՀՀ բոլոր իշխանությունների օրոք բանակցություններն իրականացվել են նույն սկզբունքով:

- Այդ դեպքում Ս.Լավրովի այդ հայտարարություններից հետո ինչո՞ւ քննադատեցին գործող իշխանություններին, թե բանակցում են փուլային տարբերակի շուրջ:

- Դա բացարձակապես կապ չունի ԼՂ կարգավորման հետ, դա կապ ունի ՀՀ ներքաղաքական իրավիճակի հետ: Հայաստանում իրավիճակը բավականին լարված է` պայմանավորված կորոնավիրուսի համաճարակի և դրա պատճառով ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների հետ: Ընդդիմությունը գլուխ է բարձրացրել, և ՌԴ-ն, իմ պատկերացմամբ, աջակցում է նրանց: Խնդիրը միայն Ս.Լավրորվի հայտարարությունը չէ: Խնդիրն այն է, որ, օրինակ՝ ռուսական ընկերությունները անսպասելիորեն հայտարարում են, որ եթե վճարումներ չլինեն, կանջատեն հոսանքը և գազը: Սա նույն շղթայի մեկ օղակն է: ՀՀ-ում դժգոհություն առաջացնելու խնդիր է դրված` բողոքի ալիք բարձրացնել ինչպես ղարաբաղյան, այդպես էլ սոցիալական վիճակի դեպքում: Այսինքն` բոլոր կողմից հարվածել իշխանություններին: Ավելին, ես վստահ եմ, որ առաջիկայում այդ հարվածներին կավելանա ևս մեկը` Արթուր Վանեցյանը կակտիվանա և ինչ-որ բաներ կհրապարակի: Եթե հարվածները բոլոր կողմերից ու միանգամից են գալիս իշխանությունների վրա, ուրեմն հզոր կլինեն և հաջողության շանսը մեծ կլինի: Կարծում եմ, ՀՀ իշխանությունների դեմ տոտալ գրոհ է իրականացվում, այդ թվում նաև արտաքին խաղացողների կողմից:

- Ա.Վանեցյա՞նն էլ ՌԴ-ի ազդեցություն է կրում:

- Կամ ՌԴ-ի ազդեցությունն է կրում, կամ ՀՀ նախկին իշխանությունների: Եվ քանի որ այս դեպքում համընկնում կա, ապա էական չէ, թե նրան ով է հրահանգել դա անել:

- ՌԴ-ն ինչո՞ւ է սպասարկում ՀՀ ընդդիմության, նույնն է թե նախկին իշխանությունների շահերը:

- Խնդիրը նախկին իշխանությունները չեն, խնդիրն այնն է, որ ՀՀ գործող իշխանություններին ՌԴ-ում որպես յուրային չեն ընկալում:

- Ս.Լավրովն անդրադառնալով գազի գնի հարցին` ասաց, որ ՀՀ-ում «Հարավկովկասյան երկաթուղին» իրավական խնդիրներ ունի, և որ գազի գնի ու այդ ընկերության խնդիրը պետք է նույն համատեքստում լուծել: Այդպիսով Ս.Լավրովը առևտո՞ւր էր առաջարկում ՀՀ իշխանություններին, որ մոռանան ՀԿԵ չարաշահումները, ինչի դիմաց ՌԴ-ն չի թանկացնի կամ կեժանացնի գազը:

- Կարելի է նաև այդ համատեքստում ընկալել այն պատճառով, որ ռուսական ընկերություններն այստեղ բազմաթիվ աշխատողներ ունեն: Եվ եթե ՀՀ-ում բողոքի ակցիաներ լինեն, ապա ռուսական ընկերությունների աշխատողները դրա համար բավականին լուրջ ռեսուրս են:

- Իսկ լո՞ւրջ եք ընդունում այն հայտարարությունները, թե ՌԴ-ն ՀՀ-ի նկատմամբ նման կոշտ քաղաքականություն է վարում` պաշտպանելով Ռոբերտ Քոչարյանին:

- Դա շատ հետաքիքրիր է այն առումով, որ եթե ՌԴ-ն նպատակ ուներ ՀՀ-ից Ղարաբաղի հարցում զիջումներ պարտադրելը, ու քանի որ տեսականորեն ենթադրվում է, որ նման զիջումների դեպքում պետք է դիմադրություն լինի, որը կարող են ղեկավարել Ռ.Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ուրեմն, հակառակը, պիտի ուզենա, որ Ռ.Քոչարյանը շարունակի մնալ անազատության մեջ: Բայց խոսում են հայկական կողմի ինչ-որ զիջումների մասին և միաժամանակ տարբեր մակարդակներով ու խողովակներով պահանջում են նրա ազատումը: Ուրեմն խնդիրը ոչ թե Արցախի հարցում զիջումներ պարտադրելն է, այլև այդ թեմայով ՀՀ-ում բողոքի ալիք բարձրացնելը և իշխանափոխության հասնելը:

- Իսկ ՌԴ-ն ՀՀ-ին կընդառաջի՞ գազի գնի հարցում:

- Կարծում եմ, ոչ, որովհետև դա ոչ թե տնտեսական, այլ քաղաքական հարց է: Եվ այդ հարցում Հայաստանից կակնկալվեն քաղաքական զիջումներ:

- Իսկ Ս.Լավրովն ինչո՞ւ էր սխալ հայտարարություն անում, թե նախկինում Հայաստանին միջազգային գներից մի քանի անգամ ցածր գնով են գազը վաճառել:

- Կարծում եմ այդ առումով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի պատասխանը բավականին ամբողջական էր:

- Նախկինում թեկուզ գազի գնի հարցով ՀՀ-ից նման կոշտ հակադարձում չէր եղել: ՀՀ իշխանությունների նման կեցվածքը դուր չի՞ գալիս ՌԴ-ին:

- Վստահաբար այո, ՌԴ-ն շարունակում է չհաշտվել ՀՀ իրողությունների հետ, ՌԴ-ին ավելի հոգեհարազատ է ավագ եղբոր կարգավիճակը: Բայց դա միայն ՌԴ-ին չէ հատուկ, ցանկացած գերտերություն այնքան էլ չի ողջունում փոքր երկրների ինքնուրույն դիրքորոշումները:

- Ի վերջո ՌԴ-ն կհաշտվի՞ ՀՀ իշխանությունների որոշակի ինքնուրույն կեցվածքի հետ, թե՞ ՀՀ իշխանությունները տեղի կտան:

- Դա ավելի շատ մեր հասարակությունից է կախված: Արդյո՞ք մեր հասարակությունը սոցիալական դժվարության և ինքնիշխանության միջև կընտրի ինքնիշխանության նվազեցումը: Մենք կհասկանա՞նք, թե ինչ է տեղի ունենում և կհամաձայնե՞նք, որ մեր կյանքը վատանա ու ինքնիշխանությունից որևէ սանտիմ չզիջենք: Այդ հարցում այնքան էլ լավատես չեմ: Կարծում եմ, այդ հարցում ՌԴ-ի հաղթաթղթերը բավականին հզոր են, և մեր իշխանություններին առաջիկայում շատ դժվար ժամանակներ են սպասվում: Բայց հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այդ դժվարությունները հաղթահարել: