Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տնտեսություն

Մեկ ամսից ավելի փակ սրճարանը փորձել է ելք գտնել

Մի քանի օրից  կլրանա մեկ ամիսը, ինչ Հայաստանում դադարեցվել է սրճարանների եւ ռեստորանների գործունեությունը։

Impresso Restaurant Cafe Bar  սրճարանի տնօրեն Հեղինե Հարությունյանն  «Ա1+»-ի հետ զրույցում ասում է , որ իրենք ավելի վաղ՝  մարտի 16-ից որոշեցին չաշխատել։ Առաջարկը  աշխատակիցների մեծամասնության կողմից էր, քանի որ նոր կորոնավիրուսը հենց այդ շրջանում սկսվեց ակտիվ տարածվել և քաղաքացիների վախերը «սրացել» էին։

Դեռ չեն հաշվարկել, թե վնասներն ինչքան են կազմում, բայց կռահում են՝ մեծ կլինի։ Ամբողջական պատկեր կունենան, երբ վերսկսեն սրճարանի գործունեությունը։

«Ենթադրում ենք, որ լիարժեք կյանքին վերադառնալուց հետո էլ ամիսներ շարունակ դեռ ամբողջովին չենք վերականգնվի»,-նկատեց Հեղինե Հարությունյանը։

Սրճարանը 22 աշխատակից ունի: Հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներին չեն կարողացել վարձատրել։

«Վարձատրել կարողացանք աշխատանքային օրերին համապատասխան, այսինքն` մինչև մարտի 16-ը»,- նշեց սրճարանի տնօրենը։

Կառավարության կողմից  Կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման ծրագրերից չի կարող օգտվել ընկերությունը, բայց աշխատակիցները հնարավոր է օգտվեն։

«Դեռ ոչ մի աշխատակից ոչինչ չի ստացել: Ռեգիստրում գրանցման և ծրագրերում նշված հիմնարկների անվանման տարբերության պատճառով ստիպված ենք ապացուցել, որ սրճարան ենք («Իմպրեսո» ՍՊԸ-ն այլ գործունեությամբ չի զբաղվել)»,-նշեց տնօրենը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը  կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառումով  հանրային սննդի ոլորտի (և ոչ միայն) ընկերությունների աշխատակիցներին կտրամադրի 68000-136000 դրամ միանվագ փոխհատուցում՝ կախված աշխատավարձի չափից։

 Թեև ստեղծված իրավիճակն այդքան էլ նպաստավոր չէ, բայց շոկ ապրելուց հետո,  ինչպես ասում է սրճարանի տնօրենը, հասկացան, որ կարող են փորձել վերաբացել սրճարանի խանութի հատվածը:  Սրճարանի հավատարիմ հաճախորդներն ու ոչ միայն նրանք ապրիլի 18-ից հնարավորություն ունեն գնել թխվածք, սուրճ։

Այս ընթացքում 22 աշխատակցից միայն երկուսն են աշխատում։

 Սրճարանի տնօրենը վստահեցնում է, որ սանիտարական բոլոր պայմանները 100%-ով համապատասխանում են պարետատան կողմից խանութներին պարտադրվող պայմաններին:

Խանութի բացումից հետո հաճախորդներ ունեցել են, բայց շատ քիչ: Հուսով են, որ հաճախորդներն էլ իրենց նման ուրախ են հանդիպմանը։