Բացել լրահոսը Փակել լրահոսը
72329538_3126127897460116_597856458305961984_n
A A
Հարցազրույց Մշակույթ

Տերունական աղոթքը ոչ թե պետք է անգիր ասենք, այլ հասկանանք իմաստը․ Արթուր Սահակյան

«Արարիչը դրախտային պարտեզը նվիրեց Ադամին և ասաց` այն մի ծառն իմն է, դրան ձեռք չտաս: Մնացածը՝ անտառը, կենդանիները, Եվան ամենը քեզ, միայն այդ ծառին ձեռք չտաս: Բայց արի ու տես, որ այդ ապերախտը պետք է հենց այդ ծառից խնձոր ուտեր: Դա շատ բնութագրական է, օձը պետք է տանի այնտեղ, գլխի գցի, թե ոչինչ, ո՞վ է իմանալու... Մարդկային ագահությունն  անծայր է: Մարդը գայթակղությունների ենթակա է, նրան այդ «կանաչ» թղթերը ցույց ես տալիս, և բանից պարզվում է, որ դրանց տիրապետելու համար ինչ սարսափելի բաների է պատրաստ:

Տերունական աղոթքը մենք պետք է ոչ թե անգիր ասենք, այլ հասկանանք իմաստը. «Հայ՛ր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն  Քո, եկեսցէ արքայութիւն Քո », այսինքն, եթե արքայությունը քոնը չի, թող գա քոնը, «եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի», այսինքն, ինչպես երկնքում է քո արքայությունը, թող երկրի վրա էլ լինի: «Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն», այսինքն մարդը գայթակղությունների  է ենթակա և չարից խուսափելու միտումը կա, իսկ փորձությունը սարսափեցնում է,և մենք խնդրում ենք տիրոջը, որ մեզ չտանի փորձության, որովհետև կայուն չենք, իշխանություն որ տվեցին, ինչ հիմարություն ասես, կարող ենք անել…»:

«Ա1+»-ի հեռախոսազրույցը «ԳՈՅ թատրոն», բեմարվեստի փորձարարական կենտրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արթուր Սահակյանի հետ:

 – Ինչպե՞ս եք դիմակայում այս իրավիճակին: Շատերն ասում են, որ եթե չլիներ վիրուսը, չլիներ վախը, սա լավ հնարավորություն է «վերադառնալ» ընտանիք, հանգստի ռեժիմի, իրականացնել հետաձգված ծրագրերը, կիսատ մնացած գործերը:  

– Այո, իհարկե ավելի շատ ժամանակ եմ հատկացնում ընտանիքիս, սակայն տագնապով լի եմ: Աշխարհը կանգնել է: Մեզ թվում էր, որ մեր սերունդն ամեն ինչ տեսել է՝ պատերազմ, սով և նման այդպիսի «նվերներ»: Բայց սրան ես հաստատ պատրաստ չէի, երբ գալիս են ինչ-որ ուժեր՝ քո ճակատագիրը որոշելու: Շատ վատ եմ տանում, շատ վատ: Ես պետք է հասկանամ, թե ինչ է կատարվում, վտանգը որտեղից է գալիս, որպեսզի կարողանամ վաղը կանգնել այդ վտանգի առաջ, թեկուզ իմ կյանքի գնով, խնդիր չէ, բայց օգուտ տված լինեմ: Եթե կարողանամ վնաս տալ դրան՝ ավելի լավ: Ուզում եմ հասկանալ, թե որտեղից է գալիս այս ժանտախտը, չնայած արդեն ակնհայտ է սա ինձ համար: Անողներն առանձնապես չեն թաքցնում:

– Ի նկատի ունեք՝ «համաշխարհային դավադրության տեսությու՞նը»: Սոցցանցերն այսօր հեղեղված են տարբեր որակի վերլուծություններով, ընդհուպ, որ սա ընդամենը սկիզբն է ինչ-որ ավելի սարսափելի իրավիճակի, որ աշխարհը կփոխվի, գնում է աշխարհի բաժանում, և սա երրորդ համաշխարհային պատերազմն է, ու մարդածին վիրուսը փոխարինում է ատոմային ռումբին:

– Կասեմ, որ այս ամենն արվում է մարդկանց  ձեռքով, սակայն հրամանը գալիս է մի չափման միավորից, որը մեզ անհասանելի է: Ի վերջո, ենթարկվելը չի պատերազմ, ենթարկելն է պատերազմ: Իսկ քանի որ դեմոկրատիա քարոզող աշխահում «մոդայիկ» չէ ենթարկելը, պետք է ենթարկման համար ընտրվի «այլընտրանքային» միջոց: 

– Հասարակությունն ասես բաժանվել է երկու մասի: Մի մասի տեսակետով այս ամենը խաղ է, և «մնա տանը» հայտարարությանը լուրջ չեն վերաբերվում, ոմանք էլ ասում են, որ եթե անգամ ինչ-որ բան կա, և պետք է տանը մնան ու սովամահ լինեն,  ինչ տարբերություն, սովից, թե հիվանդությունից կվախճանվեն: Հակառակ դրան, շատերն ահը սրտում, կամ որպես օրինապահ քաղաքացիներ այնուամենայնիվ մնում են տանը: Դուք ինչպե՞ս եք վարվում:

– Ինչ վերաբերում է իմ անձին, առաջին կատեգորիայի մարդկանց նման եմ մտածում: Ինչ տարբերություն՝ ինֆարկտից, գրիպից, թե ուռուցքից մահկանացուն կկնքես, բայց ես մենակ չեմ, ունեմ հարազատներ, որոնց չեմ կարող անտեսել: Ինչ-որ մի վարակ կա, իսկապես, ինչ-որ մի բան աշխարհ բերած գցած է, և ես էլ այն տեսակետին եմ, որ սա մարդածին վիրուս է: Եվ ընդհանրապես, շատ անտրամաբանական, իրարամերժ ու անհասկանալի իրավիճակ է, երբ կարծես գերտերությունները թելադրում են, ու մնացածը ենթարկվում: Սա հասկանալով ես իրավունք չունեմ վնասել մերձավորիս: Այնպես որ, երևի թե այդ երկուսի միքսն եմ:

– Եթե Դուք, ասենք, ունենայիք իշխանություն, լծակներ, ի՞նչ կանեիք:

– Ես երբեք չեմ ունենա լծակներ, որովհետև  պատահական մարդը լծակներ չի ունենում: Լծակներ ունի ստուգված, դավաճանությանը պատրաստ մարդը: Իշխանության հենց այնպես չեն գալիս: Սա էլ է ընտրության հարց: Հազար ներողություն, ես իրավունք չունեմ ունենալ այդ «լծակները»: Իշխանությունը տալիս են պայմանավորվելով և ինչ-որ բաներ խոստանալով: Ոչ մի պատահական մարդ չի կարող փողոցից գալ և ասել՝ ես իշխանություն ունեմ: Սա միայն Հայաստանին չի վերաբերում, սա վերաբերում է աշխարհին, իսկ աշխարհին հիմա կատարող խեղկատակներ են պետք:

Կառավարությունն առհասարակ չարիք է: Ցանկացած կառավարություն, որտեղ էլ որ լինի ՝ Շվեյցարիայում, Նորվեգիայում թե այլ տեղ: Հիմա էլ՝ համաշխարհային կառավարություն, համաշխարհային բանկ, համաշխարհային առողջապահական համակարգ... Սենտիմենտալ ու ֆանտաստիկ սիրով լցված մեր ազգը, շատ ցավում եմ, բայց, չհասկացավ, որ ճշմարտությունը, պարկեշտությունը և քաղաքականությունը հակադիր բաներ են: Հնարավոր չէ քաղաքականությունում լինել մարդկային: Քաղաքական գործիչն ու ազնվությունը հակադիր բեևեռներ են: Իսկ պատմությունը պատվերով գրված բան է: Օրինակ, հայտնի փաստ է, որ Շեքսպիրը «Ռիչարդ Երրորդը» գրել է պատվերով, միտումնավոր կերպով Ռիչարդին հրեշ սարքելու համար…

Կամ վերցնենք Ամերիկան և Սովետ Միությունը: Ինձ թվում է, որ դրանք փորձարկում էին: Մարդկանց մի մասին գցեցին այնտեղ, մյուսին՝ այստեղ, տեսնելու թե ինչ կստացվի: Սովետական գաղափարախոսությունը շատ մտածված էր, ծայրաստիճան մտածված, և զարմանալի էր, թե ինչպես Սովետական Միությունը զոհ գնաց ջինսին, կոկա-կոլային, ծամոնին: Ինչքան էլ աբսուրդ չհնչի, խորհրդային տարիները, երբ կարծես թե ամեն ինչ շատ վատ էր, ինձ համար երանելի ժամանակներ էին, երբ թատրոնը կախված չէր տոմսերի վաճառքից, երբ նյութականը չէր կարևորը:

– Ձեր առաջին «դժվարամարս» բեմադրություններից էր Էժեն Իոնեսկուի «Ռնգեղջյուր»-ը: Ներկայացում չարի և բարու, մարդ լինելու կամ ռնգեղջյուր դառնալու ընտրությունն է, և, ի վերջո, ռնգեղջյուրները տիրում են աշխարհը: Դա էլ վիրուսի նման մի բան էր, որին  մարդկությունը դատապարտված էր: Բեմադրեցիք Սեմյուել Բեքեթի «Գոդո»-ն և մոլորակի վերջին բնակիչների մասին պատմող  «Էնդշպիլ»-ը: Պիեսներ, որ աբսուրդի վերացական աշխարհից այսօր դառնում են ասես իրական: Ի՞նչ կբեմադրեիք այսօր:    

– Մեր բեմադրությունները պայմանավորված չեն քաղաքականությամբ, պայմանավորված  են արվեստի չափանիշով: Ի՞նչ է իրենից ներկայացնում արվեստը: Դա մի պորտալ է, որը բացվում է որևէ մեկին: Չէր կարող Բախն այլ կերպ գրեր, դա երկնային երաժշտություն էր, չէր կարող Մոցարտն այլ կերպ գրեր: Մի պորտալ է բացվել, կանխատեսում է եղել: Մոցարտի «Ռեքվիեմը» լսելով հասկանում ես, որ դա ի վերուստ է տրված: Դե թող համակարգիչը երաժշտություն գրի: Նույնիսկ կատարյալ ուղեղը դա չի գրի: Անպայման քո արբանյակի հետ պետք է կապվես քո անտենայով ու այնտեղից կարողանաս դա լսել: Դրա համար էլ այս ստեղծագործությունները, գեղարվեստական գործերը բացված պորտալներ են: Էներգիան այդտեղից է վերցված, դա երկխոսություն է մի դեպքում տաղանդավորի, մյուս դեպքում պակաս տաղանդավորի հետ, բայց բերված ինֆորմացիան անհերքելի է:

Անկեղծ ասած, երբ բեմադրում էինք Բեքեթին, ես մտածում էի, որ պետք է լինի նաև հակառակ կողմը: Բեքեթը բերում կանգնացնում է մի անելանելի կետի: Բա հետո՞: Հետո պետք է Սարոյան: Միայն Սարոյանը կարող է հակասարակշռի Բեքեթին: Իսկ հակակշիռը պետք է, քանի որ այս աշխարհը, բացի նրանից, որ մութ բևեռ ունի և հիմա մթով է ղեկավարվում, ունի նաև այլ բևեռ՝ հույսը, որը դու ինքդ ունես, և պետք է կիսվես քո հույսով: Մեր միսիան միայն այդ նեգատիվը նկատելը չէ, նեգատիվը փոխանցելը չէ: Մեր միսիան նաև երկնայինի, հոգևորի մասին խոսելն է, միգուցե մի քիչ վերացական է հնչում, որովհետև մենք սրան վերաբերվում ենք ընդամենը որպես հեքիաթի, և այստեղ է  խնդիրը: Հիմա չարին էլ ենք վերաբերվում որպես հեքիաթի: Տեսնում ես ի՞նչ կարող է առաջանալ, ասում են քեզ: Աշխարհը կկորչի, վերջացավ: Տնից դուրս չգաք, հեռուստացույցը միացրեք, նայեք, որ այսքան մարդ է մահացել: Բնականաբար, մարդիկ մահանում են, բայց բարեբախտաբար նաև ծնվում են, սակայն սրա մասին հիմա չես լսի:

– Հիմա, կարծես թե, կա օնլայն ներկայացումների, համերգների պահանջարկ: Արդյո՞ք առցանց  մշակույթի պահանջարկը կմնա արտակարգ իրավիճակի ավարտից հետո ևս:

– Հուսով եմ ոչ: Կարծում եմ, որ ամեն ինչ արդեն նախապատրաստված էր, ոչ թե նոր հորինեցին: Չեմ կարծում, որ համերգը կարելի է լսել օնլայն: Մարդիկ կենդանի համերգ  ու ներկայացում են ցանկանում, միջավայր են ցանկանում, ցանկանում են սրճարանում նստել, շփվել, մարդիկ դա են ցանկանում: Անկախ այս իրավիճակից, ես իմ վրա հասկացել եմ, որ համակարգիչը շատ զզվելի բան է: Շատ հարմար է, շատ բաների է փոխարինում, ինֆորմացիա է տալիս, բայց քեզ կտրում ես դրսից: Նստիր տանը, ինչ ուզում ես նայիր, ինֆորմացիան ստացիր: Մեկ էլ հանկարծ հասկանում ես, որ ուշանում ես աշխատանքից ու ոչինչ չես հասցնում անել: Այսինքն, դու կախված ես համակարգչից: Ցավոք, նոր սերունդն այդպես է մեծանում: Նայում ես ու տեսնում սառը, ոչինչ չարտահայտող աչքեր, ասես ուղեղի փոխարեն չիպն է աշխատում…

– Շատերն իրոք վախեցած են և այդ մղձավանջը դեռ երկար կարող է նրանց  հետապնդել: Այսօր փողոցում իրարից հեռու քայլող մարդիկ, վաղն արդյոք չե՞ն վախենա կրճատել շփման տարածությունը:

– Չեմ կարծում, մարդիկ հաճախ չեն ցանկանում բացասականը հիշել: Դա ինքնապաշտպանության պես մի բան է: Մենք ունեինք մի ներկայացում՝ «Խաթաբալադայի», «Մեա Կուլպայի» շարունակությունը՝ «Ժանգոտ բանալին», որը երկար կյանք չունեցավ: Կարծում եմ, որ մարդիկ չէին ուզում հիշել, քանի որ հնարավոր չէր մոռանալ այդ դաժան օրերը, ներել նրանց, ովքեր այդ ամենն իրենց գլխին բերեցին: Կարծում եմ, որ այդ ներկայացումն այսօր պետք է խաղալ:

– Երբ բացվեն թատրոնի դռները, ի՞նչ ծրագրեր եք նախատեսում:

– Շատ դժվար է պատկերացնել, թե ոնց է լինելու այդ հնարավորությունը: Առայժմ չգիտեմ: Մենք մարտի 14-ին պրեմիերա ունեինք և նույն գիշերը Սունդուկյանի թատրոնի երկրորդ հարկի սրճարանը տանող սանդուղքը փլուզվեց: Դա հենց մեր մուտքի մոտ էր: Վեց ամիս առաջ թատրոնի գլխավոր ինժեները՝ Սամվելը, տնօրինությանը զեկուցել էր, որ դա մի օր փլվելու է մեկի գլխին: Եվ փլվեց: Փառք Աստծո, որևէ մեկը չվնասվեց: Աստիճանավանդակը ամբողջապես հարթակի հետ միասին ընկել է ներքև: Աստված մի արասցե, մենք ներկայացում ունենայինք: Չեմ ուզում պատկերացնել, թե ինչ կարող էր լինել: Եկան, նկարեցին ու գնացին: Դեռ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ մնացել է նույնը: Մեր այդ ներկայացումը պրեմիերա չտեսավ, ցավոք սրտի: Հուսով եմ դեռ կխաղանք: Իսկ թե ստեղծագործելու ցանկության պահը գալու է թե ոչ, չգիտեմ: Հիմա ես փորձում եմ հասկանալ, թե ինչ պետք է անեմ, ինչով կարող եմ պիտանի լինել այն ժամանակ, երբ այս իրավիճակից դուրս կգանք, ինչով կարող եմ մի փոքր օգուտ տալ: Օգնությունը լինում է անշահախնդիր, ոչ թե տեսեք, ես այն մուրացկանին քսան կոպեկ տվեցի, ու դա դառնա ինտերվյուների առիթ: Առայժմ ես ներկայացման մասին չեմ մտածում, բայց մի բան հաստատ գիտեմ, որ անպայման պոզիտիվն է պետք, և ոչ թե անիմաստ պոզիտիվը, այլ ոգևորող պոզիտիվը, հոգու իմունիտետը արթնացնող պոզիտիվը, դրա համար ես այդ անիմաստ կոմեդիաների կողմը չեմ գնում: Այս տարի կդառնամ 60 տարեկան, փառք Աստծո, ոչինչ չունեմ դիզած, որ վախենամ զրկվել այս գործարանից, այս կղզուց, ոչնչից կառչած չեմ, միայն հավատն է հանդեպ Աստծուն, հավատը դեպի լույսը, դեպի սերը, որ դեռ ապրեցնում է, դեռ աշխատեցնում է: Պետք է հավատաս քո հոգու առաջնորդին, այն գաղափարին, որին ծառայում ես: Իմ հոգին չեն կարող բանտարկել, իմ հոգիս թռչում է, հոգուս տիրանալ չեն կարող:Ես ի՞նչը պետք սիրեմ իմ անցած ճանապարհի, բնականաբար պետք է գտնեմ իմ փարոսը և ուշադրությունս այդ կողմի վրա պահեմ, իսկ եթե ուշադրությունս այդ կողմի վրա եմ պահում, սկզբունք ունենալու դեպքում հարգում եմ իմ ապրելու սկզբունքը՝ հանուն ինչի եմ ապրում, հանուն որ հավատի եմ ապրում: Ուրեմն ես կորցնելու բան ունեմ, ես սկզբունք ունեմ: Եվ միայն դա է, որ դեռ կռվեցնում է: Իմ արածը հենց կռիվ է: Առաջն Աստված:

«ՄնաՏանը» նախաձեռնության շրջանակներում ապրիլի 22-ին, ժամը 20:00 կարող եք դիտել էժեն Իոնեսկո «Ռնգեղջյուրը» ներկայացումը օնլայն։