Բացել լրահոսը Փակել լրահոսը
Թաթուլ Մանասերյան
A A
Հարցազրույց Տնտեսություն

Կոչ եմ անում դոլար չգնել. Թաթուլ Մանասերյան

«Ա1+»-ի հարցերին պատասխանել է  տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

- Պարոն Մանասերյան, արտակարգ դրության հաստատումից հետո դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ դանդաղորեն արժեզրկվեց, բայց այս շաբաթ կրկին արժեվորվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ հայտարարեց, թե Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել։ «Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ»,- գրել էր վարչապետը: Բայց ՀՀԿ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանն ասում է, թե ԿԲ-ն մոտ 125 մլն դոլար է վաճառել, որպեսզի թույլ չտա դրամի կտրուկ արժեզրկումը: Պաշտոնական տեղեկություն չկա, բայց ,Ձեր կարծիքով ,ԿԲ-ն նման միջամտություննե՞ր է անում, որ դրամի փոխարժեքը կտրուկ չնվազի:

- Այս պարագայում դրամի հանդեպ վստահությունը վերջին դերը չի խաղում, թեև չեմ բացառում, որ ցնցումներ թույլ չտալու համար ԿԲ-ն պատրաստ է օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքակազմը: Բայց ընդհանուր իրավիճակը հուշում է, որ Հայաստանի նման կոմպակտ տնտեսություն ունեցող երկրներում այդպիսի մեծ տատանումներ չեն կարող լինել, ինչպես ավելի մեծ տարածք, տնտեսություն ունեցող երկրներում են լինում: Եթե նկատի ունենանք, թե ինչ արժեզրկում ունեցավ ռուբլին, ապա դրամը շահեկանորեն տարբերվում է: Վերջին տարիներին դրամն ընդհանրապես բավականին կայուն է եղել: Կարելի է ասել, որ հետխորհրդային տարածքում միակ արժույթն է, որ չի արժեզրկվել այնպես, ինչպես բոլորը` ընդ որում երկնիշ, որոշները նաև եռանիշ թվերով: Իսկ մեր հարևան Ադրբեջանում արժույթի արժեզրկման արդյունքում անգամ բանկեր փակվեցին:

- Այս տարի ամենայն հավանականությամբ արտագնա աշխատողները չեն մեկնի ՌԴ և փող չեն ուղարկի, զբոսաշրջիկները չեն գա ու այստեղ գումար չեն ծախսի, արտահանման խնդիր ենք ունենալու: Այսինքն՝ արտարժույթի ներհոսքը կտրուկ նվազելու է: Դա չի՞ ճնշելու դրամին, որ արժեզրկվի, կամ բարձրանա դոլարի փոխարժեքը:

- Իհարկե, ամեն ինչ հնարավոր է: Առաջին ոլորտը, որն ակնհայտորեն տուժում է, զբոսաշրջությունն է, բայց դա համաշխարհային բնույթ է կրում: Նաև` շինարարության ոլորտը, որը նախորդ տարի մեծ աշխուժություն էր գրանցել: Այս երկու ոլորտներն իրենց հետ փոխկապակցված ճյուղեր են զարգացնում և բացասական ազդեցություն են ունենալու դրանց վրա: Դոլարայնությունը և Հայաստանում, և ողջ աշխարհում է բարձր։ Եթե  ուշադրություն դարձնենք այդ արժույթի տատանումներին` պայմանավորված ամերիկյան տնտեսության զարգացմամբ, կնկատենք, որ դոլար-եվրո տատանումներն են կանխորոշում մնացած բոլոր արժույթների գինը: Իհարկե, ես չեմ բացառում ԿԲ-ի միջամտությունը,  համարում եմ, որ դա արդարացված կլինի ցնցումները կանխելու համար, բայց վերջին 10 տարիներին չեմ նկատել, որ վարված արժութային քաղաքականությունը բնական ընթացքին դեմ կամ հակառակ է: Սեփական արժույթի կայունությունը պետք է կարևորել և նյութականացնել, բայց, ցավոք սրտի, այդ նյութականացումը չեմ տեսնում տնտեսության կառավարման օղակներում:

- Ի՞նչ քայլեր պետք է անեին, որ չեն անում:

- Այն քայլերը, որոնք ներդրումներ են բերում, իսկ ներդրողները միայն ֆինանսական կայունության համար չէ, որ գալիս են: Միաժամանակ պետք է բարձր լինի ներդրումային դաշտի գրավչությունը, որի ուղղությամբ կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի: Դա կլինի ֆինանսական կայունության նյութականացում:

- Դուք հիշեցիք վերջին ամիսներին ռուսական ռուբլու արժեզրկումը: Մեր գործարարները դժգոհում են, որ դրամը ռուբլու հետ համարժեք չի արժեզրկվում, ինչի պատճառով իրենք Ռուսաստան արտահանելիս` տուժում են:

- Չկա նման բան, դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է: Ամեն երկիր իր առանձնահատկությունն ունի, մենք ֆիքսված փոխարժեքի համակարգ չունենք, որ դրամն ինչ-որ երկրի արժույթի հետ համարժեք տատանումներ ունենա: Այս ընթացքում արտահանողների կրած վնասների պատճառը հիմնականում ՌԴ քաղաքացիների գնողունակության անկումն է: Նաև հիշեցնեմ, որ հայկական դրամը տեսականորեն կարող է խոչընդոտ լինել այն դեպքում, եթե հայկական ապրանքներն ու ծառայություններն այնքան բարձր մրցունակություն ունենան, որ ազդող վերջին գործոնը լինի արժույթը: Չեմ կարծում, որ դա արտահանման  զարգացման համար խոչընդոտ է:

- Այնուամենայնիվ չունե՞ք այն մտահոգությունը, որ այս խորը ճգնաժամային իրավիճակում դրամը կտրուկ արժեզրկելու է:

- Ամեն ինչ հնարավոր է, բայց դրամը պետք է դիտարկել ոչ որպես սպասարկող գործիք, մենք պետք է լուրջ վերաբերենք մեր պետական խորհրդանիշին: Հինգ տարի առաջ երբ դրամն արժեզրկվեց, գործընկեր ՌԴ-ում ռուբլին ավելի էր արժեզրկվել, իսկ դոլարն անորոշություն էր ցույց տալիս, և մեր արժույթն անհամեմատ ավելի նվազ տեմպերով արժեզրկվեց: Ինձ համար անհասկանալի հիվանդություն է, որ մարդիկ դրամը փոխում են դոլարով: Որքան էլ տարօրինակ է, դոլարը շատ ավելի անկայուն վարքագիծ է դրսևորել: Եվ դոլար գնելով` մարդիկ շատ դեպքերում կորցնում են գումար, քան շահում: Դա լինում է և փոխարկելիս, և դոլարի արժեզրկման ժամանակ, ինչը երբեմն լինում է ԱՄՆ արտահանմանը նպաստելու համար: Եվ ես չեմ հասկանում որոշ մարդկանց մոտ առկա` ամեն գնով դոլար գնելու տենդը: Բարեբախտաբար ազգաբնակչությունը միշտ չէ, որ գնում է դրան: Վատագույն դեպքում մենք կարող ենք ունենալ արժեզրկված դրամ, բայց ունենալ ազգային դրամանիշ: Հակառակ պարագայում մենք կունենանք լուրջ կախվածություն, որը չի սահմանափակվի միայն ֆինանսատնտեսական գործոններով: Մենք կունենանք անկախության որոշակի կորուստ:

- Այս ճգնաժամային իրավիճակո՞ւմ էլ կոչ եք անում դոլար չգնել:

- Իհարկե: Ես մշտապես եմ եղել այդ կարծիքին և իմ անձնական խնայողությունը երբեք դոլարի վերածելու ձգտում չեմ ունեցել: Եթե մարդիկ դոլարով սպասարկվող ծախսեր ունեն, դա այլ հարց է, բայց դոլար ձեռք բերել ու ավանդ կամ բարձերի տակ դնելը ճիշտ չեմ համարում: Հատկապես որ դրամային ավանդներն ավելի բարձր տոկոսադրույք ունեն: