Ինչով կարող է հետաքրքրել Բելառուսի ֆուտբոլի առաջնությունը հայ երկրպագուներին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ անցկացվում է ֆուտբոլի ազգային առաջնությունը, չնայած կորոնավիրուսի պանդեմիայի տարածմանը: Իսկ ահա ՈՒԵՖԱ-ի մնացած 55 անդամ ֆեդերացիաներից 54-ը կամ ընդհատել են առաջնությունները, կամ դեռ չեն սկսել նոր մրցաշրջանը (Մերձբալթյան և Սկանդինավյան երկրներ, Վրաստան, Մոլդովա):
Զարմանալի չէ, որ այդ պայմաններում Եվրոպայում մեծացել է հետաքրությունը բելառուսական ֆուտբոլի նկատմամբ: Տասնյակ երկրներ արդեն գնել են խաղերն ուղիղ եթերով ցուցադրելու իրավունքը: Մասնավորապես՝ Բելառուսի առաջնության խաղերը ցուցադրվում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Իսրայելի, Սերբիայի, Խորվաթիայի, Սլովենիայի, Բոսնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Լիտվայի, Հնդկաստանի հեռուստաընկերություններով:
Լրատվամիջոցները նշում են, որ Բելառուսի ֆուտբոլի ֆեդերացիան յուրաքանչյուր այդ երկրից կստանա 210 հազար դոլար փոխհատուցում: Սակայն, ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Բազանովը հայտարարել է, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը, և որ իրենք գումար են ստանալու հեռարձակված յուրաքանչյուր հանդիպման համար:
«Բոլորը մտածում են, որ մենք այժմ մեծ գումարներ ենք վաստակում: Ոչ: Իրականում կարևորն այն, որ ամբողջ աշխարհն արդեն ճանաչում է Բելառուսը, հետաքրքրվում մեր երկրով: Մենք այնպես ենք կնքել պայմանագրերը, որ առաջնության ավարտից հետո ենք ստանալու գումարները», - ասել է նախագահը:
Վլադիմիր Բազանովը նշել է, որ իրենք չեն պատրաստվում դադարեցնել առաջնությունը: Ավելին, ապրիլի 17-ին մեկնարկելու է նաև առաջին խմբի մրցաշարը: Ըստ նախագահի, առաջնության խաղերի ցուցադրմամբ հետարքրքված են նաև Գերմանիայում:
Բելառուսի առաջնությունը, բնականաբար, գտնվում է բուքմեյքերական գործակալությունների ուշադրության կենտրոնում, որոնք սկսել են մանրամասը ծանոթացնել թիմերի և ֆուտբոլիստների հետ, վերլուծել շանսերը և այլն: Սակայն, այստեղ Բելառուսն ունի մի քանի մրցակիցներ: Այս պահին ֆուտբոլի ազգային առաջնություններ անցկացվում են նաև Տաջիկստանում, Նիկարագուայում, Թայվանում: Ապրիլի 19-ին վերսկսվելու է նաև Թուրքմենստանի առաջնությունը, որը կորոնավիուսի պատճառով դադարեցվել էր մարտի 17-ին: Այդ մրցաշարերի խաղերի վրա նույնպես ընդունվում են խաղադրույքներ:
Երկու խոսք, թե հայ ֆուտբոլասերներին ինչով կարող է հետաքրքրել Բելառուսի առաջնությունը: Նախ, Գրոդնոյի «Նեմանում» հանդես է գալիս Հայաստանի հավաքականի թեկնածու Գեղամ Կադիմյանը: Նա անցկացրած 4 խաղում արդեն դարձել է 2 գոլի հեղինակ:
Մեր երկրպագուներին քաջածանոթ է նաև Բորիսովի ԲԱՏԷ թիմը, որը մի քանի անգամ դարձել է հայկական թիմերի մրցակիցը եվրոգավաթներում: Այն, ինչպես նաև Բրեստի «Դինամոն» ու Սոլիգորսկի «Շախտյորը», եվրոգավաթների գալիք մրցաշարերում դարձյալ կարող են դառնալ մեր թիմերի հավանական ախոյանը: Ուստի կարելի է հետևել նաև դրանց ելույթներին: