Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն Հասարակություն

Զարուհի Բաթոյանը` Ucom-ի աշխատակիցների դիմումների մասին (տեսանյութ)

Աշխատանքի եւ սոցիալական  հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը վստահեցնում է, որ Ucom ընկերության վերաբերյալ իր տեղեկություններն այնքան են, ինչքան որ հայտարարվում է։

«Ես տեղեկություններ ունեմ միայն այն մասով, որ նույնիսկ տնօրենի հրաժարականի եւ աշխատանքի ազատման դեպքում նրանք աշխատում են, որ կապը անխափան լինի եւ ինքս անձամբ նայել  եմ  տնօրենի ուղերձը, որտեղ որ ասվում է, որ իրենք ամեն ինչ անում են, որ ընկերությունը շարունակի գործել, աշխատել եւ որեւէ խնդիր չունենա»,- «Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ այսօր հրավիրված  մամուլի ասուլիսում ասաց նա։

Ինչպես արդեն հայտարարվել է`  Ucom ընկերության՝   տնօրենի  հրաժարականից  հետո մոտ  800 –ից ավելի աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել։

«Ա1+»-ը նախարարից հետաքրքրվել էր՝ որքան էլ որ հայտարարվում է, որ  ընկերությունը բնականոն աշխատում է,  նա մտավախություն չունի՞, որ նրանք մի օր աշխատանքի չեն գա, եւ ուղղակի կաթվածահար կլինի հաղորդակցության այս ցանցը։

Զարուհի Բաթոյանը հուսով է, որ խնդիրը կկարգավորվի․ «Ես կարծում եմ, որ  ընկերությունը կկարողանա լուծել այդ խնդիրը, որովհետեւ բավականին ճկուն եւ կազմակերպված ընկերություն է եւ  մեծ  ռեսուրսներ ունի եւ կարողանում է կառավարել»։

 Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Ucom-ին նախարարության  թեժ գիծը կազմակերպելու համար։

«Ա1+»-ի հարցի մյուս մասին Զարուհի Բաթոյանը չպատասխանեց՝ ասելով, որ իրավասությունների շրջանակում չէ:

 Ինչպես հայտնի  է ՝ արտակարգ դրության այս օրերին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:  

 Մենք հետաքրքվել էինք՝ արդյո՞ք աշխատակիցների այս ակցիան չի հակասում գործող դրության պայմաններին։

 Ի դեպ, Ucom ընկերության հիմնադիրներ Եսայան եղբայրները, որոնք ընկերության 5,94% բաժնետերերն են, մյուս սեփականատերերին  այսօր  34,057,000,000 դրամ են առաջարկել  մնացած բաժնետոմսերը ձեռք բերելու համար։


Մանրամասները՝ տեսանյութում