Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հաստատելու մասին նախագիծը
Աջակցիր «Ա1+»-ին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2020թ. մարտի _-ի N _ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը,
հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,
ելնելով նման արտակարգ իրավիճակում մարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխարգելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանության, բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահմանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից,
հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներին չանցնելու և համապատասխան ախտանիշների առկայության դեպքում բժշկական զննություն չանցնելու հանգամանքները,
հիմք ընդունելով այն, որ Սահմանադրության 120-րդ հոդվածը Կառավարությանը լիազորում էթույլ է տալիս երկրում արտակարգ դրություն հայտարարել սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և նման արտակարգ իրավիճակը կարող է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի՝ Սահմանադրության հոդված 1-ով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Սահմանադրության հոդված 3-ով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,
նկատի ունենալով այն, որ վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (հոդված 27), ազատ տեղաշարժվելու իրավունքի (հոդված 40), հավաքների ազատության (հոդված 44), սեփականության իրավունքի (հոդված 60) և արտակարգ դրության ժամանակ Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունքները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,
և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ և 4-րդ հոդվածներով` 8-րդ հոդվածը լրացնել
Հայաստանի Հանրապետության կառավարությունը
ո ր ո շ ու մ է .
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ն, ներառյալ՝ ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
- Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանին (այսուհետ` Պարետ):
- Պարետատան կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները: Պարետատան անհատական կազմը հաստատում է պարետը:
- Պարետատան աշխատանքների սպասարկումը ապահովում է վարչապետի աշխատակազմը և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը:
- Պարետի հրավերով պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական և ինքնավար մարմինների, կազմակերպությունների, վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչները, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, համայնքների ղեկավարները:
- Պարետի ցուցումները պարտադիր են պարետատան կազմի, պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգության ղեկավարների և ներկայացուցիչների համար։
- Սահմանել արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցների և ուժերի գործադրման շրջանակները` համաձայն հավելված N 1-ի:
- Սահմանել, որ արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կամ պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ______________ 2020թ.
ք. Երևան
Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության
2020թ. մարտի - -Ն որոշման
2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ, ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԸ
- ԱՆՁԱՆՑ ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ (ՏԵՂԱՇԱՐժՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՌԵԺԻՄ), ԶՆՆՈՒՄՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության պետական սահմանի բոլոր անցակետերում (այսուհետ` անցակետ) սահմանվում է անձանց, տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի), բեռների, այլ գույքի, կենդանիների տեղափոխման, անձանց ու տրանսպորտային միջոցների գտնվելու և տեղաշարժվելու հատուկ կարգ` սույն հավելվածի համաձայն:
- Անցակետով թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք: Անցակետով արգելվում է այն անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են մուտք գործում Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից), բացառությամբ`
1) դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների.
2) այն դեպքերի, երբ պարետի որոշմամբ, հաշվի առնելով այդ երկրներում (տարածքներում) համաճարակային իրադրության իրավիճակը, թույլատրվում է սույն կետով նախատեսված երկրների (տարածքների) ցանկում ներառված երկրներից (տարածքներից) անձանց մուտք գործելը.
3) պարետի որոշմամբ` այլ առանձնահատուկ դեպքերի:
- Ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքը արգելվում է, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:
- Սույն գլխի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները չեն տարածվում այն անձանց նկատմամբ, որոնք արտակարգ դրություն հայտարարելու պահին վերադառնում են Հայաստանի Հանրապետություն, նրանց Հայաստանի Հանրապետության տարածք մինչև 17.03.2020թ․ մուտք գործելու պայմանով:
- Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է հատուկ զննություն վարակի ախտանիշների բացահայտման նպատակով, ախտանիշների առկայության դեպքում իրականացվում է հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներ: Անցակետով անձանց՝ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո բժշկական զննություն անցնելուց, հոսպիտալացումից, մեկուսացումից (ինքնամեկուսացումից) և (կամ) այլ սահմանափակող միջոցառումներից հրաժարվելու դեպքում անձինք կարող են ժամանակավորապես մեկուսացվել պարետի կողմից սահմանված համապատասխան վայրերում` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Առողջապահության նախարարի հրահանգով սահմանված` համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկից ժամանած անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ նրանց կարող է հրահանգվել անցնել ինքնամեկուսացման: Ինքնամեկուսացումը հիվանդի կամ հիվանդի հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն է իր մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:
- Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության համապատասխան համայնքի (համայնքների) վարչական սահմաններում կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները`
- համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման դեպքերի, ինչպես նաև պարետի ցուցումով` արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման և այլ հրատապ հարցեր լուծելու անհրաժեշտությունից ելնելով կատարվող մուտքերի և ելքերի.
- անձանց մեկուսացում (ինքնամեկուսացում) իրենց մշտական բնակության կամ գտնվելու վայրում կամ իրենց նախընտրությամբ` մեկ այլ վայրում, ազատ տեղաշարժի նորմավորում, և նրանց նկատմամբ անհրաժեշտ հսկողության իրականացում.
- սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում անձանց մշտական բնակության կամ գտնվելու վայրում.
- անձանց մոտ վարակի առկայության կասկածի կամ դրա հայտնաբերման դեպքում անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ.
- տրանսպորտային միջոցների զննում, դրանց մուտքի և ելքի արգելք:
- Համապատասխան համայնքի վարչական սահման մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմից բխող միջոցառումների իրականացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները (այսուհետ` Ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչները, իսկ պարետի ցուցումով` նաև պետական կառավարման համակարգի այլ մարմիններ:
- Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար կարող են տեղադրվել հատուկ անցակետեր և զննման կետեր: Անցակետերում և զննման կետերում բժշկական հսկողությունն ու զննությունը կարող են իրականացվել բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց (բուժանձնակազմի), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և պետական կառավարման համակարգի այլ մարմինների ներկայացուցիչների կողմից: Անցակետերում և զննման կետերում անվտանգության և ռեժիմի պահպանությունն ապահովում է Ոստիկանությունը:
- ԱՆՁԱՆՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
III. ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ
- Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում արգելվում են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- կրոնական ծեսերի կազմակերպումը և դրանց մասնակցելը:
- Քրեակատարողական հիմնարկներում և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում քրեակատարողական հիմնարկի առաջարկությամբ և պարետի ցուցումով համապատասխանաբար կարող են սահմանափակվել կամ արգելվել`
1) զբոսանքները.
2) քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում և դրանից դուրս գտնվելը (այդ թվում՝ կարճաժամկետ մեկնելը), տարածքի սահմաններում տեղաշարժվելը.
3) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթություն ստանալու իրավունքը.
- կալանավորված անձանց և դատապարտյալների աշխատանքով զբաղվելը.
- շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- պարետի ցուցումով` այլ գործունեություն:
- Տարեցներին սոցիալական ծառայություններ տրամադրող, երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում և հոգեբուժական կազմակերպություններում արգելվում է`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում արգելվում են`
- հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալը և ուղարկելը.
- տեսակցություններ ունենալը (բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի).
- շարքային և կրթսեր ենթասպայական կազմերի պարտադիր զինծառայողների արձակուրդը.
- պարետի ցուցումով` այլ գործունեություն:
- Սույն գլխի 11-13-րդ կետերով սահմանված սահմանափակումները չեն տարածվում օրենսդրությամբ սահմանված իրենց լիազորությունների և գործառույթների իրականացման կապակցությամբ իրավասու անձանց և մարմինների, ներառյալ, բայց չսահմանափակվելով` Մարդու իրավունքների պաշտպանի և նրա իրավասու ներկայացուցչի, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորների, դիտորդական խմբերի, փաստաբանների կողմից համապատասխան վայրեր կատարվող այցելությունների նկատմամբ:
- ՀԱՎԱՔՆԵՐ ԿԱՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՒ ԱՐԳԵԼՔՆԵՐ
- Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:
- Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը: Սույն կետի իմաստով հանրային միջոցառումներ են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հետևյալ միջոցառումները.
- կրոնական, ծիսական միջոցառումները.
- համերգները, ցուցահանդեսները, ցուցադրությունները, թատերական ներկայացումները և սպորտային, մշակութային, կրթական այլ միջոցառումները.
- ժամանցային միջոցառումները.
- տոնական և հիշատակի միջոցառումները, ներառյալ, բայց չսահմանափակվելով` ծննդյան (տարեդարձի), հարսանյաց (նշանադրության), թաղման միջոցառումները.
- պարետի ցուցումով որպես հանրային միջոցառում որակված այլ միջոցառումներ:
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- Պարետի ցուցումով Հայաստանի Հանրապետության առողջապահության և Էկոնոմիկայի նախարարների կողմից որոշված ապրանքների ցանկում ներառված ապրանքների, ներառյալ՝ դեղերի փոխադրումը Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից դուրս, այդ թվում` ԵԱՏՄ երկրներ, թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության և Էկոնոմիկայի նախարարներինախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։
- Հայաստանի Հանրապետության սահմանով ցամաքային և օդային հաղորդակցության այլ սահմանափակումները կարող են կիրառվել պարետի որոշմամբ:
- ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՒ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ, ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
- Պարետի ցուցումով համապատասխան համայնքներում արգելվում է հանրային սննդի օբյեկտների, առևտրի և զվարճանքի բազմաֆունկցիոնալ կենտրոնների գործունեությունը:
- Արտակարգ դրության ողջ ընթացքում դադարեցվում է պետական, համայնքային և ոչ պետական հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններումներում, արտադպրոցական դաստիարակություն իրականացնող (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններ, երաժշտական, նկարչական և արվեստի դպրոցներ, ակումբներ, մարզադպրոցներ, առողջարարական ճամբարներ և արտադպրոցական դաստիարակություն իրականացնող այլ կազմակերպություններ) կազմակերպություններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը, բացառությամբ այն ուսումնական հաստատությունների, որոնք ունեն հեռավար ուսուցման հնարավորության:
- Բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա ունեցող կազմակերությունները (անկախ սեփականության ձևից) բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնում են` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ցուցումները:
VII. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԱՌԱՆՁԻՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ, ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԱՐԳԵԼՔՆԵՐ
- Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների կողմից կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ` պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:
- Սույն կարգի 23-րդ կետերով սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն:
- Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:
- Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից: