Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Մենք կարող ենք բախվել պարենային անվտանգության բավականին լուրջ խնդրի. Բագրատ Ասատրյան (տեսանյութ)

Կորոնավիրուսի համաճարակի արդյունքում առաջացած ճգնաժամը հաղթահարելու նպատակով բիզնեսին, տնտեսությանն ու խոցելի խմբերին աջակցելու համար կառավարության քայլերը բավարար չեն: «Ա1+»-ի հետ զրույցում տնտեսագետ, 1994-1998թթ. ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանն ասում է, որ այլ երկրներ իրենց ՀՆԱ-ի համեմատ շատ ավելի մեծ`15-20 տոկոսի չափ խրախուսման ծավալներ են իրականացրել: Մինչդեռ Հայաստանի կառավարության քայլերը այս պահին կարելի է գնահատել ընդամենը 3-5 տոկոսի չափով: «Բայց պետք է բազմապատկել, ինչը հույսով եմ առաջիկայում կտեսնենք»,- ասում է նա:

Տնտեսագետը վաղ է համարում գնահատել, թե այս ճգնաժամի արդյունքում Հայաստանի տնտեսությունն ինչ վնասներ կկրի կամ ինչ չափի անկում կունենա: Նա ասում է, որ պետք է մտածել այնպիսի ծրագրեր իրականացնելու մասին, որոնց արդյունքում կպահպանվի տնտեսական ակտիվությունը, և շատ խորը անկումներ չլինեն: Համեմատելով 2008-2009թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ, որի ժամանակ ՀՀ-ն մոտ 15 տոկոս տնտեսական անկում ունեցավ` Բ.Ասատրյանն ասում է, թե այս անգամ համաշխարհային տնտեսության անկումը կրկնապատիկ մեծ է լինելու:

«Պետք է վերագնահատենք, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, և պետք է մտածենք, թե մեր սահմանափակ ռեսուրսներն ինչի վրա ծախսեք, որ լուրջ անկում չլինի»,- հավելում է նա:

Տնտեսագետը շատ ավելի լուրջ է համարում գործազրկության խնդիրը, և հատկապես մոտ քառասուն-հիսուն հազար հոգու հասնող այն խավի խնդիրը, որը սեզոնային աշխատանքի էր մեկնում Ռուսաստան, բայց այս տարի չի մեկնելու: Գտնում է, որ նրանց պետք է ներգրավել շինարարության և գյուղատնտեսության մեջ` այդ ոլորտներում նախաձեռնելով լայնածավալ ծրագրեր:

«Շատ հողատարածքներ կան չմշակված, պետք է մշակել: Մենք կարող ենք բախվել բավականին լուրջ խնդրի` պարենային անվտանգության խնդրի»,- ասում է նա:

Բ.Ասատրյանը նաև ավելացնում է, թե կառավարությունը պետք է ոչ միայն անի այնպիսի ծրագրեր, որոնք սոցիալ-տնտեսական անկումը մեղմացնեն կամ թույլ չտան, այլև հետագա զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրեր իրականացնեն:

«Մենք նեղն ենք ընկել, և այս իրավիճակում պետք է մատչելի եղանակով ելքեր գտնենք: Մենք շատ ավելի ծանր վիճակներ ենք տեսել իննսունականներին, իհարկե, նաև կորուստներ ենք ունեցել: Իսկ հիմա մենք կարող ենք նաև առանց կորուստների դուրս գալ»,- եզրափակում է տնտեսագետը: