Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Հարությունյան
A A
Հարցազրույց Քաղաքականություն

Ցուցակում նրա անունը կա, այդ ինչպե՞ս է հրաժարվել. Արայիկ Հարությունյանը՝ Մասիս Մայիլյանի մասին

Արցախում մարտի 31-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքներով երկրորդ փուլ անցան Արայիկ Հարությունյանը եւ Մասիս Մայիլյանը։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 14-ին։

Արցախի նախագահի հիմնական թեկնածու, ԱՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն «Ա1+»-ի հետ զրույցում անդրադարձել է Արցախում կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին եւ մի շարք այլ թեմաների։

 

- Պարոն Հարությունյան, մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, Արցախի Ազգային ժողով անցած կուսակցությունների հետ ի՞նչ քննարկումներ եք ունեցել կառավարություն կազմելու համար:

- Ոչ մեկի հետ այս փուլում քննարկումներ չենք իրականացրել:

- Արցախում նույնպես վիրուսակիրների ու մեկուսացվածների թիվն ավելանում է, դա պայմանավորված է եղել նաև մարտի 31-ի ընտրություններով:  Արցախում նույնպես արտակարգ դրություն հայտարարելու և երկրորդ փուլի ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:

- Այդ հարցը տվեք կառավարությանը, նաև օպերատիվ շտաբ կա ձևավորված: Ես մամուլից եմ ծանոթանում տեղեկությունների մասին: Նրանց ցանկացած որոշում հիմք ենք ընդունելու և դրանով առաջնորդվելու ենք: Որքան տեղյակ եմ, ամեն ինչ վերահսկվում է, և դեռ վտանգավոր բան չկա:

- Նախագահի ընտրություններում  անցողիկ շեմը հաղթահարած Մասիս Մայիլյանի անունը քվեաթերթիկում կլինի, բայց նա կարծես թե հրաժարվում է մասնակցելուց` իր ընտրողներին կոչ անելով քվեարկությանը չմասնակցել: Ինչպե՞ս դա կանդրադառնա ընտրությունների որակի վրա:

- Ցուցակում նրա անունը կա, այդ ինչպե՞ս է հրաժարվել: Նրա անվան դիմաց ցանկացողները կարող են քվեարկել:

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում այն կարծիքները, որ այդպիսով երկրորդ փուլը կարող է պակաս լեգիտիմ լինել, և որ Մ.Մայիլյանը նաև դրա համար է նման կոչ արել:

- Չեմ կարող մեկնաբանել:

- Այնուամենայնիվ, ո՞ր ուժերի հետ եք հնարավոր համարում կոալիցիա կազմել` Սամվել Բաբայանի, Աշոտ Ղուլյանի կուսակցությունների՞, ՀՅԴ-ի՞, թե՞ մյուսների հետ:

- Կառավարություն կազմելու մասին ես դեռ որևէ քննարկում չեմ արել: Այդ բոլոր հարցերին կպատասխանեմ ընտրություններից հետո:

- Դուք տնտեսական աղետ էիք համարել կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված ճգնաժամը, դրա համար Ձեզ անգամ քննադատեցին: Ձեր այդ հայտարարությունից անցել է 10 օր, իսկ իրավիճակն ավելի է բարդացել: Այնուամենայնիվ այդ ճգնաժամն ի՞նչ ազդեցություն կթողնի Հայաստանի և Արցախի վրա:

- Համաճարակը ծանր ազդեցություն է թողնում ողջ աշխարհի վրա, և Հայաստանն ու Արցախն առանձին դիտարկել չի կարելի: Հակառակը, ինձ թվում է, Հայաստանը ավելի պատվով է դուրս գալու: Բայց ընդհանուր առմամբ պետք է գիտակցենք չափը, վնասի խորությունը, որ կարողանանք ավելի դրա դեմ արդյունավետ պայքարել: Դա համաշխարհային աղետ է լինելու:

- Ինչպե՞ս եք վերաբերում այն կարծիքներին, թե Հայաստանն արդեն պետք է մտածի արտակարգ դրությունից աստիճանաբար դուրս գալու մասին, որպեսզի տնտեսական անկումը շատ աղետալի չլինի:

- Ես չեմ կարող ասել, թե արտակարգ դրությունից դուրս գալն ինչքանով է ճիշտ, բայց որ պետք է տնտեսությունը, հատկապես  պարենային անվտանգությունը պահենք, դա միանշանակ է: Այն, որ տնտեսությունը չպիտի կանգնեցնել, դա միանշանակ է:

-Հնարավո՞ր է, Հայաստանի տնտեսությունը գրեթե այնքան անկում ունենա, որքան ունեցավ 2009թ. ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ:

- Չեմ կարող ասել, դա պայմանավորված կլինի համաճարակի տևողությամբ: Այդ հարցին այսօր որևէ մեկը չի կարող պատասխանել: Դեռ պարզ չէ, թե այս իրավիճակը որքան կտևի ողջ աշխարհում: Կարող է ավելի լավ լինել, կարող է ավելի վատ լինել: Դա միայն ՀՀ տնտեսության և ՀՀ իշխանությունների քայլերով չի պայմանավորված: