Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վաճառքի կետը փակել են, ծաղիկներն ուղարկել բուժաշխատողներին. ի՞նչ խնդիրներ կան այս ոլորտում

Կանանց մեկամսյակին սովորաբար ծաղկի առեւտուրն աշխուժանում է․ այս տարի, սակայն, պատկերն այլ է՝ գնորդ  գրեթե չկա:  Արտակարգ դրությունն ու կորոնավիրուսի տարածման վտանգը հետեւանքներ են թողել նաև ծաղիկների վաճառքի ոլորտում:

«Ա1+»-ի հետ զրույցում ծաղիկների վաճառքով և առաքմամբ զբաղվող «BouQuet» ընկերության տնօրեն Մարիամ Մարտիրոսյանն ասում է՝ երբ   արտակարգ դրություն մտավ, թեև իրենց գործունեությունը արգելված չէր, բայց ստիպված փակեցին վաճառքի կետը, ծաղիկներն էլ ուղարկեցին բուժաշխատողներին:

Մարիամը պատմում է՝ ծաղիկներ գրեթե չէին վաճառվում, բայց տարածքի վարձակալության գումարը ստիպված էին վճարել։

Ընկերությունն այս գործունեությամբ զբաղվում է մոտ 10 ամիս, Մարիամն ասում է՝ արտակարգ դրության ավարտից հետո սրահն անպայման վերաբացելու են, թեև ստիպված են լինելու նոր ներդրումներ կատարել.

«Վարկեր ենք վերցրել՝ գործը սկսելու համար, անպայման կվերաբացենք, բայց մոտակա մի քանի ամիսների հեռանկարում լավատես չենք, մտավախություն ունեք, որ դժվար է լինելու, որովհետև արտակարգ դրության ավարտից հետո այնպես չէ, որ ամեն ինչ շատ արագ կաշխուժանա, կարծում եմ՝ առնվազն մի քանի ամիս կտևի»:

Ընկերությունը նաև առցանց վաճառքով է զբաղվել, ունեցել են մի շարք նախնական պայմանավորվածություններ, որոնք այս պահին սառեցված են:

Ծաղիկներ վերցրել են շուկայից, խոշոր մատակարարներից և ջերմոցատերերից, ընկերության տնօրենի խոսքով՝ նրանց մոտ ևս իրավիճակը մեղմ  ասած բարվոք չէ.

«Տևական ժամանակ է՝ շուկան չի գործում, ջերմոցներն էլ փորձում են ինչ-որ կերպ կարգավորել իրենց խնդիրները: Գարնանը իրենք պետք է վճարեն գազի վարձավճարը, քանի որ ձմռանը ջեռուցել են, որպեսզի բերք ստանան, բայց այսօր իրենք էլ բավականին մեծ հարվածի տակ են»:

Ծաղիկների գները, ըստ Մարիամի, դժվար թե առաջիկայում բարձրանան՝ պահանջարկը դժվար, թե մեծ լինի։

Ինչ վերաբերում է Կառավարության առաջարկած տնտեսական և սոցիալական աջակցության փաթեթներին, ընկերության տնօրենն ասաց, որ փաթեթներից մեկով կարող են Կառավարությունից օժանդակություն ստանալ․ ՊԵԿ-ից արդեն տեղեկացվել են։ Այս պահին ընկերության հաշվապահը ճշտում է, թե կոնկրետ որ փաթեթից և որքան օժանդակություն կարող են ստանալ: