Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tur de france
A A
Սպորտ

«Տուր դե Ֆրանս-2020» հեծանվավազքը հնարավոր է մեկ ամսով հետաձգվի

«Տուր դե Ֆրանս-2020» բազմօրյա հեծանվավազքի կազմակերպիչ ASO ընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մտադիր է մեկ ամսով հետաձգել մեկնարկը: Այդ մասին հայտնում է Velolive կայքը:

Այս տարվա հեծանվավազքի սկիզբը նախատեսված է հունիսի 27-ին, սակայն կազմակերպիչները ցանկանում են այն տեղափոխել հուլիսի 25-ին, որպեսզի ավելի  ապահովագրված լինեն կորոնավիրուսի պանդեմիայի ազդեցությունից:

Դրա համար կազմկոմիտեն մոնիտորինգ է անցկացրել հեծանվավազքը ընդունող քաղաքներում՝ պարզելու, արդյոնք դրանք համաձայն են մեկ ամսով հետաձգել մրցումները: Հինգերորդ մրցափուլը ընդունող Պրիվայի քաղաքագլուխ Միշել Վիյան ասել է, որ իրենց համար տարբերություն չկա, քանի որ այս տարի քիչ զբոսաշրջիկներ են սպասվում ամռանը: Մեկ այլ քաղաքագլուխ նշել է, որ ավելի լավ է օգոստոսին կայանա տուրը, քան ընդհանրապես ոչինչ չլինի:

«Տուր դե Ֆրանս-2020»-ի տնօրեն Քրիստիան Պրյուդոմը հայտարարել է, որ հեծանվավազքի անցկացման ժամկետը մնում է անփոփոխ, սակայն ամեն ինչ կախված է այն բանից, թե Ֆրանսիայում ինչպիսի իրավիճակ կլինի ամռանը կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ:  

«Միակ բանը, որ ես ցանկանում եմ, որպեսզի հեծանվավազքը տեղի ունենա այս տարի: Եվ դա չեմ ասում լոկ մրցումներն անցկացնելու համար: Եթե այս տարի այն չկայանա, ապա դա նշանակում է, որ երկրում աղետալի իրավիճակ է տիրում, ինչն ոչ մեկս չի ցանկանում», - եզրակացրել է հեծանվավազքի պատասխանատուն:

Նշենք, որ հեծանվասպորտի միջազգային ֆեդերացիան մինչև հունիսի 1-ը չեղարկել է բոլոր մրցումները: