Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Ապրիլյան պատերազմի իրականության վերհանումը ինչո՞ւ պետք է գրգռի հասարակությանը․ Ստյոպա Սաֆարյան (տեսանյութ)

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ հոդվածում առաջ քաշած որոշ մտահոգությունները կիսում է։

Մասնավորապես՝ Ստյոպա Սաֆարյանն ընդգծում է՝ իրենց ընդդիմություն հռչակած նախկին իշխանություններն, օգտվելով այս իրավիճակից, փորձում են ներքաղաքական խնդիրներ լուծել՝ ապատեղեկատվություն տարածելով և իշխանությանը տարբեր թեմաներով հարվածելով։

Սակայն, Հանրային խորհրդի նախագահը ոչ միայն համաձայն չէ, այլև զարմանալի է համարում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը, որը վերաբերում է Ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը սառեցնելուն, քանի որ, ըստ առաջին նախագահի, այն ավելորդ գրգռություն է առաջացնում երկրի առանց այդ էլ գերլարված մթնոլորտում։

«Անկեղծ ասած՝ ես չեմ տեսել, որ այդ հանձնաժողովի գործունեությունը գրգռի հասարակությանը, ճիշտ հակառակը՝ հասարակությունը անպատասխան մնացած հարցեր ունի, թե ինչպե՞ս հնարավոր եղավ Ապրիլյան պատերազմը, ինչո՞ւ մենք ունեցանք պաշտոնապես հայտարարված մարդկային և տարածքային կորուստներ։ Այս կտրվածքով հասարակության պահանջը ներկայացնել ճիշտ հակառակ կտրվածքով, և ասել, որ ապրիլյան պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը գրգռում է հասարակությանը, ներեցեք, բայց ինձ այդպիսի փաստեր հայտնի չեն»,- ընդգծեց նա։

Ստյոպա Սաֆարյանը տարօրինակ է համարում նաև այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն արվեց այն ժամանակ, երբ նույն օրը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հայտնեցին, որ Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին պատրաստ է ներկայանալ քննիչ հանձնաժողով։

«Սա զարմանալի ու հետաքրքիր է, թե Ապրիլյան պատերազմի իրականության վերհանումը ինչո՞ւ պետք է գրգռի հասարակությանը, և ինչո՞ւ պետք է ճշմարտության չբացահայտման հաշվին կայանա որևէ ներքաղաքական ստատուս քվո, առավել ևս նախկին նախագահների միջև, սա վերին աստիճանի մտահոգիչ հայտարարություն է»,- շեշտեց ՀԽ նախագահը։

Առաջին նախագահը նաև անդրադարձել էր Արցախում տեղի ունեցած ընտրություններին և առաջարկել վերջ տալ Արցախի ընտրությունների շուրջ ընթացող խժդժություններին և իշխանության նոր մարմինների շուտափույթ ձեւավորմամբ ապահովել հանրապետության լիակատար կառավարելիությունը։

Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրվում է՝ իսկ ի՞նչն է խժդժություն, ընտրակեղծիքների փա՞ստը, թե՞ հետընտրական բողոքները։ Ըստ նրա՝ Արցախում տեղի ունեցողը ժողովրդավարական պրոցեսներ են, խժդժություն չկա, որովհետև Արցախում առաջին անգամ ընտրություններից հետո բազմաթիվ մարդիկ փողոց են դուրս եկել, պահանջում են նշանակել նոր ընտրություններ՝ արձանագրված խախտումների պատճառով։

«Զարմացած եմ, որ 2008թ․-ի հետընտրական պրոցեսներին, երբ ազատ և արդար ընտրություններ պահանջող նախագահը, ում կողքին մենք կանգանծ ենք եղել այդ պահանջի օրինակության փաստով, հետընտրական զարգացումները անվանում է խժդժություն»,-նկատեց նա։

Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհուրդը վարչապետին ենթակա կառույց դառնալու և ֆինանսավորվելու մասին

«168 ժամ» կայքի հրապարակումը, թե Հանրային խորհուրդը կդառնա վարչապետին ենթակա կառույց ու կֆինանսավորվի, Ստյոպա Սաֆարյանը համարում է ապատեղեկատվություն։

Նշենք, որ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում տեղադրված ՀՀ Հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություն իրականացնել «Հանրային խորհրդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված քարտուղարության կարգավիճակում։ Մասնավորապես սահմանել, որ քարտուղարությունը այսուհետ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում է և պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը:

Ըստ Ստյոպա Սաֆարյանի՝ «Կառավարչական հիմնարկների մասին» օրենքն ու «Հանրային խորհրդի մասին» օրենքները հակասություն ունեն։

«Հակասությունն այն է, որ ՀԽ մասին օրենքով աշխատակազմը, որը 5 մարդուց է բաղկացած, դե յուրե համարվում է վարչապետի աշխատակազմի ստորաբաժանում, ՀԽ օրենքով այն ունի գրասնեյակի ստատուս, իսկ «Կառավարչական հիմնարկների մասին» օրենքում այդպիսի ստատուս ունեցող հիմնարկներ գոնե վարչապետի աշխատակազմում չկան»,- ասաց ՀԽ նախագահը ու հավելեց․

«Իրականության մեջ դա տեխնիկական խնդիր է, այն ինչին անդրադարձել է լրատվամիջոցը՝ խեղաթյուրելով դրա բովանդակությունը, և փորձելով ներկայացնել, որ իբր ՀԽ-ն մինչև հիմա պետական ֆինանսավորում չունի, և հիմա պետական ֆինանսավորման են դարձնում և փորձ արվեց ներկայացնել, որ դա ազդելու է կախվածության վրա։ Այն դեպքում, երբ Հանրային խորհուրդի 45 անդամները ձևավորվում են օրենքով սահմանված կարգով, իսկ ՀԽ աշխատակամզի աշխատակիցները մշտապես դե յուրե համարվել են վարչապետի աշխատակազմի մաս, ստացել են աշխատավարձ, որովհետև նրանք ամեն օր աշխատանքի են գալիս, համակարգում են խորհուրդի աշխատանքները, այնպես որ որևէ նոր բան չկա»։

Ստյոպա Սաֆարյանը ապատեղեկատվության հերքման պահանջ է ներկայացրել իր ֆեյսբուքյան էջում։ Կայքը հերքում չի տարածել։ Հանրային խորհրդի նախագահն ասաց, որ եթե չհերքեն, ապա ինքը դատարան հայց կներկայացնի։

«Ա1+»-ը կապ հաստատեց նաև «168 ժամ» կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հետ։ Վերջինս մեզ ասաց, որ չեն պատրաստվում հերքել այդ լուրը և պատրաստ են մտնել դատարան։

«Խնդրեմ, թող դատի տան, պատրաստ ենք»,- շեշտեց տիկին Սեյրանյանը։