Բացել լրահոսը Փակել լրահոսը
92800323_2612041055747530_8280173433124290560_n
A A
Քաղաքականություն

Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրահավաք է անցկացնում (տեսանյութ)

Արցախի հեղափոխական կուսակցությունը հանրավաք էր կազմակերպել Ստեփանակերտում։ Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններից և կոչ են անում չեղարկել ընտրությունները․

«Մեր պահանջները իշխանությանը․ ուրեմն՝ չեղարկել ընտրությունները, հայտարարել կրկնակի ընտրություններ։ Այս ընտրությունները խայտառակ ընտրություններ են, սրանք անընդունելի ընտրություններ են, սրանով փորձել են մեր ինքնասիրությունների հետ խաղալ»,- իր ելույթի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։

Օսիպյանի ելույթի ժամանակ որոշ քաղաքացիների միջև հրմշտոց սկսվեց, Օսիպյանը կոչ արեց սադրանքների չտրվել, և իր խոսքերով՝ սադրանքի դիմողները Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն են, որոնք մեքենաներով անցնում, սուլում ու խանգարում են։

Կուսակցության նախագահը նաև ասաց, որ որակելով այս ընտրությունները որպես հոյակապ՝ ջարդվում է թավշյա հեղափոխության տարամաբանությունը, և որ իրենք թույլ չեն տալու հին իշխանության վերարտադրումը։

Արթուր Օսիպյանը կասկածի տակ է դնում Հարությունյանի հավաքած քվեների իսկությունը՝  նշելով, որ իշխանությունները կեղծիքի են դիմել։

«Որպեսզի մենք կարողանանք կառուցել մեր պետությունը, մենք պետք է կարողանանք ինքնակազմակերպվել։ Ինչ-որ հիմա անում ենք, այ սենց էլ պետք է շարունակենք՝ օրենքի սահմաններում, ամենակարևորը՝ բարոյական օրենքների սահմաններում։ Մենք ունենք հստակ նպատակներ՝ հստակ ձևակերպված․ քայլ առ քայլ մոտենալու ենք մեր հաղթանակին ու հաղթանակը մերն է լինելու»,- ընդգծեց նա։

«Դուք մեր եղբայրներն եք, մեր քույլրերն եք, մենք ձեր դեմ որևէ բան չունենք «Ազատ Հայրենիքում» բարեկամներ էլ կան, ընկերներ էլ կան։ Սա անձերի դեմ պայքար չէ, ժողովո՛ւրդ, թող բոլորը հասկանան, սա համակարգի դեմ պայքար է։ Սա պայքար է քրեաօլիգարխիկ համակարգի դեմ»,- հայտարարեց կուսակցության մեկ այլ անդամ Տիգրան Պետրոսյանը։

Նշենք, որ Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցած ընտրություններում խոհրդարան էր անցել 5 քաղաքական ուժ, որոնց թվում չկար Արցախի հեղափոխական կուսակցությունը։ ԱՀ նախկին վարաչապետ Արայիկ Հարությունյանը նախագահական ընտրություններում ամենաշատ ձայներ  (36076 քվե կամ 49.26 տոկոս) հավաքած թեկնածուն էր և առաջին տեղով անցել էր երկրորդ փուլ (մյուս անցած թեկնածուն ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն է), Հարությունյանի գլխավորած  «Ազատ Հայրենիք» կուսակցությունների դաշինքը նույնպես ձայների (29 688 կողմ ձայն կամ 40,4 տոկոս) առավելությամբ անցել էր ԱՀ Ազգային ժողով։