Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Բեռնատար ավտոմեքենաների օտարաերկրացի վարորդների մոտ գրացվել են կորոնավիրուսի դեպքեր» (տեսանյութ)

Մարտի 24-ից  մինչև ապրիլի 3-ը պարետի կողմից աշխատանք իրականացնելու թույլատրության տրված 257 կազմակերպությունում իրականացվել են մշտադիտարկումներ: 38 կազմակերպությունում նկատվել են խախտումներ, և 6 ժամով աշխատանքները  դադարեցվել են։

Աշխատանքը թույլատրվել է միայն խախտումները շտկվելուց հետո. մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։

Նրա խոսքով՝ մշտադիտարկումներ են իրականացվել ուղևորափոխադրող կազմակերպություններում,պարզելու  մինչև երթերի իրականացումը ախտահանում իրականացվե՞լ է, թե ոչ: 64 կազմակերպությունից երկուսում արձանագրվել է խախտում, սակայն նախազգուշական նամակից հետո հաջորդ երթի ժամանակ խնդիրը լուծված է եղել:

Հակոբ Ավագյանը պարզաբանում է՝ մշտադիտարկումների նպատակը ոչ թե տուգանելն է, այլ սահմանված կանոնների պահպանումը:

«Հատկապես կարևոր է, որ այն աշխատողները, որոնք շփում ունեն հաճախորդների հետ, ապահովված լինեն դիմակներով։ Կարևոր է, որ աշխատողները օրական երկու անգամ ջերմաչափվեն, ինչպես նաև կազմակերպությունները  ապահովված լինեն սանիտարահիգիենիկ պայմաններով՝ այսինքն, ունենան ծորակներ, հանդերձարաններ, մշտական ջուր:Այդ երեք խախտումների դեպքում առաջարկ է ներկայացվում պարետատուն, որ այդ կազմակերպությունները դադարեցնեն իրենց  գործունեությունը, մինչև այդ կետերը կարգի բերվեն»:

Ըստ Հակոբ Ավագյանի, յոթ սահմանային հսկիչ կետերում մարտի  24-ից իրականացվել է ուժեղացված հսկողություն: Այն երկրներից, որտեղ վարակը շատ է տարածված, ժամանողների համար լրացվում էին հասցեական քարտեր: Հսկողություն է իրականցվել՝ պարզելու  լրացվա՞ծ են արդյոք այդ քարտերը, թե ոչ: Ինչպես նաև իրականացվում էր ջերմաչափում, և կասկածի դեպքում հոսպիտալացվում էին:

 «Մարտի 24-ից մինչ այսօր սահմանային հսկիչ կետերից 172 ուղևոր հոսպիտալացվել է և մարտի 19-ից հաշվառած 11895 հոգու տրվել է ինքնամեկուսացման ծանուցագիր, որոնց մասին ինֆորմացիան ուղարկվում էր ոստիկանություն, Առողջապահության նախարարություն և  Պարետատանը կից գործող խմբին, որոնք հետևում են ինքնամեկուսացման պայմանի կատարմանը»:

Հակոբ Ավագյանը նաև նշեց, որ սուպերմարկետներում իրականացված մշտադիտարկումներում նկատվել է, որ գործատուները շատ հաճախ աշխատողներին  տրամադրում են ձևական դիմակներ, որը մեկ ժամից ավելի աշխատակիցը չի կարող կրել: Կան այնպիսի նյութից դիմակներ, որ հնարավոր չէ երկար շնչել այդ դիմակով, սակայն շատ աշխատակիցներ դրանցով աշխատում են  8 ժամից ավելի:

ԱԱՏՄ ղեկավարի ներկայացրած տվյալներով՝ վերջին օրերին օդանավակայանում ուղևորների  հոսքերը նվազել են: 

«Երեկ ունեցել ենք 0 ուղևորահոսք, հիմա առաջատար է դարձել Բագրատաշենի հսկիչ կետը, օրինակ երեկ 186 անձ է եկել, որոնց մեջ ներառված են եղել բեռնատար ավտոմեքնայի վարորդներ: Նրանց մեջ օտարերկրացիներ են եղել, և գրանցվել են վարակի դեպքեր»:

Հակոբ Ավագյանի խոսքով՝ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի հերթապահների շրջանում վարակվողներ են գրացվել, սակայն նրանց վիճակը ծանր չէ:

 «Զվարթնոցում հերթապահներին օգնելու գնացած բժիշկ համաճարակաբաններից մեկի մոտ ախտորոշվել է վիրուսի առկայություն: Սակայն վերջինս արդեն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է հյուրանոց՝ մեկուսացման: Երևանի տարածքային կենտրոնից ինքնամեկուսացված 14 անձ ունենք, սահմանային հսկիչ կետերից 6-ը թեստավորվել են, և բացասական է եղել: Ընդհանուր առմամբ  այս պահին Երևանի տարածքային կենտրոնից 17 հոգի մեկուսացված է, իսկ 14 հոգի ինքնամեկուսացված են տանը: Ընհանուր առմամբ երկու հոգի է վարակի ախտանիշով»:

ԱԱՏՄ ղեկավարից «Ա1+»-ը հետաքրքրվեց՝ հացը խանութներում վաճառվում է բաց վիճակում, ինչը կարող է վարակի տարածման աղբյուր դառնալ, այս ուղղությամբ արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են:

Հակոբ Ավագյանը պատասխանեց, որ այդ խնդրով զբաղվում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը, և այս պահին խնդիրը իրենց ուշադրության ներքո է: Այս ընթացքում  մեծ թվով հացի արտադրության տարածքներ են մտել և ստուգումներ իրականացրել: