Բացել լրահոսը Փակել լրահոսը
241337781521870683
A A
Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Հայաստանի իշխանությունները պետք է լուրջ կռիվ տան գազի գնի համար. Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ «Ա1+»-ը զրուցել է գազի գնի հնարավոր թանկացման մասին։

- Պարոն Մանուկյան, թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ այս շաբաթ քննարկել է Ռուսաստանից ստացած գազի գնի բարձր լինելու հարցը, և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ռուսական «Գազպրոմ» ընկերությանն առաջարկել էր գազի գնի նվազման շուրջ բանակցություններ սկսել, Հայաստանում այդ ընկերության դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիան» հայտարարել է, որ մտադիր է թանկացման հայտ ներկայացնել: Ինչպե՞ս եք գնահատում այս հակադիր քայլերը:

- Նախ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դեռ գները թանկացնելու վերաբերյալ հայտ չկա: Կա ընդամենը «Գազպրոմ Արմենիա» ընկերության  հայտարարությունը, թե մտադիր են դիմել գների վերանայման համար: Բայց հիշեցնեմ, որ դեռևս դեկտեմբերին կառավարությունը հայտարարել էր, որ մինչև ապրիլի 1-ը Հայաստանում գազի գնի փոփոխություն չի լինելու: Այսինքն ապրիլի 1-ից պետք է հին պայմանավորվածությունները ավարտվեին, նոր գների շուրջ բանակցությունները սկսվեին: Բայց եթե «Գազպրոմ Արմենիան» դիմի ՀԾԿՀ, դա միանշանակ գների թանկացում չի նշանակի: Իսկ եթե բավարարվի հայտը, 36 տոկոս թանկացում կլինի սոցիալապես անապահով խավի համար, որն օգտագործում է տարեկան մինչև 600 խորանարդ մետր գազ: Դա նրանց համար ծանր հարված կլինի: Այս խավն օգտագործում է շատ քիչ ծավալ, ՀՀ եկած գազի մինչև 2 տոկոսը և գումարային առումով ընկերությունն այդ թանկացումից գրեթե ոչինչ չի շահի:

Մոտ 17 տոկոս թանկացում կլինի նաև 10 հազար խորանարդ մետրից ավելի օգտագործող տնտեսվարողների համար` մասնավորապես արտադրության և ԱԳԼՃԿ-ների համար: Սա, անշուշտ, վնաս է բերելու արտադրությանը և գազով աշխատող մեքենաների վարորդներին: Արտադրողները սպառում են ՀՀ մտնող գազի 10-12 տոկոսը: Նրանց մոտ տեղի կունենա թանկացում, ինչն առանց այդ էլ այս ճգնաժամային իրավիճակում, երբ կորոնավիրուսի պատճառով աշխատողների կրճատումներ են լինում, կրկնակի հարված կլինի: Ծանր հարված կլինի նաև գազով էլեկտրաէներգիա արտադրողների համար` ՀՀ մտնող գազի մոտ 22-23 տոկոսն էլայդ ոլորտն է սպառում: Նրանց  մոտ էլ թանկացում կլինի: Բայց հանուն ճշմարտությանը պետք է ասել, որ գազը մի փոքր էժանանալու է շարքային սպառողների` մոտ 800 հազար ընտանիքների համար, որոնք 10 հազար խորանարդ մետրից քիչ, բայց 600 խորանարդ մետրից ավելի են օգտագործում:

- Իսկ ո՞րն է տրամաբանությունը, որ «Գազպրոմ Արմենիան» ցանկանում է գազը թանկացնել ամենաանապահով խավի համար:

- Չեմ կարող ասել, բայց ակնհայտ է, որ գազի գնի թանկացումը խստագույնս վնասելու է ՀՀ տնտեսությանը: Որքան հասկանում եմ, նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենոյի հետ քննարկել են ԵՏՄ երկրների հետ գազի գինը սահմանին չթանկացնելու միասնական քաղաքականության հարցը: ՀՀ իշխանությունները պիտի փորձեն էժանացման ճանապարհով գնալ` ելնելով նոր իրավիճակից: Աշխարհի ղեկավարները խոշոր 20-յակի օնլայն հավաքի ժամանակ պայմանավորվել են բաց պահել բոլոր երկրների միջանցքները, որպեսզի որևէ երկիր կենսական անհրաժեշտության ապրանքների ներմուծման ու արտահանման դեպքում չտուժի: Գազի գնի դեպքում լուրջ կռիվ տալու խնդիր կա, հակառակ պարագայում ՀՀ տնտեսությունը շատ ծանր խնդիրների առաջ է կանգնելու:

- Բայց ՌԴ-ն գազի որպես քաղաքական գործոն է օգտագործում, և տնտեսական փոխկապակցված գործոնները, այդ թվում նավթի գների անկումը երբեմն դեր չեն ունենում:

- Ճիշտ է: Բայց զուտ ՌԴ տնտեսության շահերից ելնելով, նրանք էլ ցանկանում են իրենց տնտեսությունը հեռու պահել ցնցումներից: Բայց այստեղ հակառակ հարցն է առաջանում` բա մեր ռազմավարական գործընկերությո՞ւնը, բա միասնական տնտեսական համակարգում գտնվե՞լը: Սրանք փաստեր են, և ՌԴ-ն պետք է նման հարաբերությունների մեջ գտնվող երկրների հետ այլ քաղաքականություն վարի: Պետք է լուրջ բանակցություններ վարվեն, բացի այդ ՀԾԿՀ-ը պետք է մերժի այդ առաջարկը, որպեսզի մեր երկրի տնտեսությանը զերծ պահի նոր ցնցումներից:

- Բանակցությունները վարվում են 2019 թվականից: Փաստորեն հաջողություն չի՞ գրանցվել, որ բարձրացման հայտ է ներկայացվում:

- Այնպես չէ, որ լրիվ ձախողումներ են գնացել, հատկապես որ 2019թ. սահմանին գազը 15 դոլարով թանկացավ, բայց բաժանորդների համար մնաց նույնը: «Գազպրոմ Արմենիան» իր հաշվից է նվազեցրել:

- Նախկինում երբ Դուք ԱԺ-ում գազային հանձնաժողովի անդամ էիք, պնդում էիք, որ 20-25 տոկոսով էժանացնելու տեղ ունի:

- Իհարկե: Բայց ես ասում եմ, որ գոնե այս փուլում կանխել թանկացումը, հետո նոր քննարկել նվազեցման հարցը` բարեգործությունների, աշխատակիցների բարձր աշխատավարձերը, կորուստները և այլ շռայլ ծախսերը նվազեցնելու հաշվին: Ասեմ նաև, որ փորձը ցույց է տվել, որ 10-15 տոկոս թանկացումը բերում է գազի սպառման 5-6 տոկոս կրճատման: Այսինքն «Գազպրոմ Արմենիան» պետք է հասկանա, որ թանկացումը իր ներկրման ծավալների կրճատմանն է բերելու, և գումարային առումով իրենք ոչինչ չեն շահելու: Իսկ որոշ տեղերում էլ մարդիկ հրաժարվելու են գազ օգտագործելուց` անտառ կկտրեն և փայտ կվառեն, ինչը նախկինում արել են: