Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ՓՄՁ-ին տրամադրվելիք վարկի համար 120-ից ավելի դիմումներ են ստացվել․ նախարար (տեսանյութ)

Կառավարության օժանդակության ծրագրերից օգտվող անհատների ու կազմակերպությունների անունները չեն հրապարակվելու։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։

Նախարարը վաղ համարեց հստակ թվեր ներկայացենլ, թե քանի տնտեսվարող է դիմել օժանդակության ծրագրերից օգտվելու համար, սակայն Կառավարության օժանդակության ծրագրերից՝ ՓՄՁ-ին արագացված ընթացակարգով վարկեր տրամադրելու վերաբերյալ որոշ թվեր նշեց։

Ըստ այդ ծրագրի՝ Կառավարությունը կաջակցի այն կազմակերպություններին, որոնք 2019թ․-ի ընթացքում ունեցել են 24-ից 500 մլն դրամի իրացման շրջանառություն, և չեն ունեցել ժամկետնանց վարկային ու հարկային պարտավորություններ։

«Անցած երկու օրերի ընթացքում այդ կազմակերպությունների շրջանակից ստացել ենք 120-ից ավելի դիմումներ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 1,4 մլրդ դրամը գերազանցող վարկային պահանջ։ Իհարկե, այդ դիմումները ստանալուց հետո ենք մենք պարզում, թե դրանք ունեցե՞լ են վարկային ու հարկային կարգապահություն։ Մենք ենթադրում էինք, որ այն դիմորդները, որոնք դիմում են, գիտեն, որ նման ստուգում պետք է կատարվի, և չեն դիմի, ու ծանրաբեռնի բոլորիս, եթե ակնհայտորեն այդ շրջանակի մեջ չեն։ Ելնում ենք այն կանխավարկածից, որ եթե դիմել են, ապա այդ շրջանակի մեջ են, այունամենայնիվ ստուգում ենք թե՛ Աքրա, թե՛ ՊԵԿ համակարգերով»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Կառավարության կողմից գյուղատնտեսական ոլորտում գործունեությամբ զբաղվողներին վարկեր տրամադրելու ծրագիրը թեև նոր չէ, բայց Կառավարության կողմից այս ընթացքում ընդունված ծրագրում որոշ փոփոխություններ կան։

«Մեկ՝ շատ կարևոր ուղղություն ենք հավելել, այն է, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողները կարող են դիմել նաև մինչև 1 մլն դրամ միկրովարկավորման համար։ Կարծում ենք, որ սա էապես կավելացնի ծավալները»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Ըստ նախարարի՝ 2019թ․-ի ընթացքում 9000 շահառու է եղել, որոնք պետական աջակցության շնորհիվ սուբսիդավորել են ավելի քան 53 մլրդ դրամ վերցված վարկային կամ լիզինգային միջոցներ։ Դրանց հիմնական տոկոսագումարը վճարվել է պետության կողմից։

«Այս տարվա ընթացքում պետության կողմից ամբողջությամբ են վճարվելու։ Կարող ենք վստահ լինել, որ 2020թ․-ի ընթացքում այդ գումարները առնվազն մեկուկես անգամ ավելի մեծ կլինեն»,- նշեց նա ու հավելեց, որ այս պահին հստակ թվեր նշել չի կարող։

Նախարարից հետաքրքրվեցին, թե մարտ ամսվա և տարվա կտրվածքով տնտեսական կորուստների վերաբերյալ տվյալներ կա՞ն, ինչին ի պատասխան Տիգրան Խաչատրյանն ասաց, որ հարցում են կատարել մասնավոր հատվածի ավելի քան 1200 կազմակեպությունների շրջանակում, որոնք մարտի կեսից կամ ավելի շուտ տարբեր գործոններով պայմանավորված սահմանափակել էին իրենց տնտեսական գործունեության ծավալները, և հարցման արդյունքում պարզվել է, որ կրճատված ծավալները զգալի են։

Տարվա համար նախարարը վաղ համարեց գնահատականներ տալ, կախված է այն հանգամանքից, թե Կառավարությունը որքան արագ կարող է կառավարելի դարձնել կորոնավիրուսի տարածման հետ կապված երևույթները, կամ էլ որքան արագ կարող է ազատականացնել գործունենության այն տեսակները, որոնք ներկայում սահմանափակված են։

Այնուամենայնիվ ըստ նախարարի՝ կորուստները լինելու են էական։