Խնդիրները` շատ, աշխատատեղերը` քիչ
Աջակցիր «Ա1+»-ինՄասիս քաղաքում բանջարեղենի առեւտրով զբաղվող տիկին Բավականը, բնակիչների սոցիալական վիճակը ներկայացնելու համար, պայուսակից մեկը մյուսի հետեւից հանում է «ապառիկ»-ի տետրերը:
Այնտեղ, նրա ասելով, կա 100-ից ավելի մարդկանց անուն-ազգանուն, որոնք տարբեր օրերին նրանից բանջարեղեն, միրգ են գնել ու խոստացել` «գումար ձեռքներն ընկնելուն պես» վճարել: Տիկին Բավականը չի դժգոհում, նա հասկանում է մարդկանց վիճակը, մանավանդ` Մասիսում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ բան չէ:
Նրա ասելով` այստեղ կանայք հիմնականում կամ ինչ-որ մեկի անկողին կարելով են գումար աշխատում, կամ պատուհան մաքրելով, կամ էլ, եթե հաջողվի, խանութում վաճառողուհի են դառնում: Իսկ տղամարդիկ հիմնականում բանվորություն են անում, մի մասն էլ` իբրեւ վարորդ, ընդունվել է տեղի տաքսի ծառայություններում: «Սակայն դրանով հոգս հոգալն հեշտ չէ: Ես, օրինակ` Մասիսի իմ տունը վաճառեցի, քաղաքամերձ տարածում տուն կառուցեցինք, սկսեցի հող մշակել ու բերքն այսպես վաճառել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տիկին Բավականը, որն իր 11 հոգանոց ընտանիքի հոգսերը փորձում է թեթեւացնել առեւտուր անելով:
Իսկ Նանուլի Թումանյանի ասելով` քաղաքի միակ «սփոփանքը» «Մասիս տոբակո» գործարանն էր, սակայն այստեղ եւս կրճատումներ են եղել,որի արդյունքում մարդիկ դարձյալ գործազուրկ են դառնում: «Շատերն աշխատանքի են գտել մայրաքաղաքում, սակայն դա էլ հեշտ չէ, քանի որ կան տրանսպորտային խնդիրներ, ծախսեր, որոնք այնքան էլ հեշտ չեն»,- ասաց նա:
Տիկին Սվետայի համար, ով աշխատանք է փնտրում, բոլորովին միեւնույն է, թե ինչ կաշխատի. «Ես միայնակ մայր եմ, ունեմ 2 անչափահաս երեխա, սակայն ոչ մի անգամ ոչ մի արտոնությունից չեմ օգտվել: Գրանցված եմ զբաղվածության կենտրոնում եւ ստանում եմ 18 հազար դրամ, սակայն դրանով ինչպես հոգսերս հոգամ, մանավանդ, եթե կոմունալ ծախսերն էլ թանկանան»:
Մասիսում չկան նաեւ երիտասարդների համար ժամանցի վայրեր, առօրյան այստեղ, վերջիններիս ասելով` տխուր է անցնում: Այդ պատճառով նրանք ձգտում են գնալ մայրաքաղաք, որտեղ նաեւ հույս ունեն գտնել աշխատանք: