Բացել լրահոսը Փակել լրահոսը
B618E036-80A9-4021-80E3-5E992DA7E02D_w1200_r1
A A
Քաղաքականություն

Արցախում առաջատարն Արայիկ Հարությունյանն է․դեռ պարզ չէ՝ ընտրությունների 2-րդ փուլի կլինի՞, թե՞ ոչ

Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում կայացած նախագահական ընտրություններում առաջատարը «Ազատ հայրենիք- ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի թեկնածու Արայիկ Հարությունյանն է։

Նրան հաջորդում են ինքնաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանը և «Արդարություն» կուսակցության թեկնածու Վիտալի Բալասանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից։

Համաձայն Ստեփանակերտի, Ասկերանի, Հադրութի, Մարտունու, Շահումյանի, Շուշիի, Քաշաթաղի և Երևանի 1 ընտրական տեղամասերից ստացված նախնական տվյալների՝ Արայիկ Հարությունյանը ստացել է 31 145 ձայն, Մասիս Մայիլյանը՝ 16 658, իսկ Վիտալի Բալասանյանը՝ 9478։

Մարտակերտի շրջանի տվյալները դեռ Արցախի ԿԸՀ-ի կայքում հրապարակված չեն։

«Ա1+»-ի հետ զրույցում ԿԸՀ-ի մամուլի խոսնակ Ելենա Հայրապետյանն ասաց, որ աղյուսակավորման աշխատանքները դեռ շարունակվում են։

«Երևի Մարտակերտի շրջանը դեռ չի ուղարկել, դրա համար էլ չեն դրել»,- ասաց նա։

Նշենք, որ Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` մարտի 31-ի ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 76471 ընտրող (ընտրողների 72,7 տոկոսը):

Հարցին, թե նախագահական ընտրությունների երկրորդ փուլ հնարավո՞ր է լինի, Ելենա Հայրապետյանը դժվարացավ ասել։ Նշենք, որ նախագահական ընտրությունները առաջին փուլով կավարտվեն, եթե թեկնածուներից մեկը ստանա 50+1 ձայն։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի թեկնածուները 14-ն էին։

Հիշեցնենք նաեւ, որ քիչ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ իրենց հաշվարկները գալիս են վկայելու, որ նախագահի որևէ թեկնածու չի հավաքել ձայների 50 տոկոսը և ապրիլի 14-ին լինելու է երկրորդ փուլ։ Նա միեւնույն ժամանակ նշել էր, որ այս թվերը կարող են փոփոխվել վերահաշվարկի ժամանակ։