Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ վարակվել են կորոնավիրուսով. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

 Առողջապահության նախարար Արսեն Թորոյանն ասում է՝ որոշ մարզերում՝ Արմավիրում, Արարատում, Կոտայքում, շարունակվում է կորոնավիրուսի դեպքերի ավելացումը։

Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ Շիրակում և Լոռիում քիչ են դեպքերը, իսկ  Վայոց Ձորում և Գեղարքունիքում հաստատված դեպքեր չկան։

Արսեն Թորոսյանը պարզաբանեց, որ բոլոր մարզերի հիվանդանոցները չեն կարող թեստեր ունենալ, քանի որ դրա համար պետք են համապատասխան միջոցներ, այս պահին միայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը կարող է անվտանգ իրականացնել թեստավորումը: Շուտով կլինի Հայաստանի քարտեզ, որտեղ կնշվեն այն բնակավայրերը, որտեղ արձանագրվել են վարակի դեպքեր:

«Պետք է հավելյալ ջանքեր գործադրել քիմիաթերապիա ստացող երեխաներին պաշտպանելու համար, որովհետև երբ նշվում է, որ երեխաները տարիքային խմբի քիչ խոցելի մասին են պատկանում, դա վերաբերում է առողջ երեխաներին: Երեխաների մեկուսացումը իրականացվում է հյուրանոցներում ծնողների հետ, ապագայում, եթե հյուրանոցում չկարողացանք տեղավորել, կիրականացվի տանը»:

Արսեն Թորոսյանը հավաստիացրեց, որ կորոնավիրուսով վարակված բուժքրոջ վիճակը լավ է, բայց ևս մեկ բժիշկ և շտապօգնության վարորդ վարակվել են։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նախարարը նշեց, որ Առողջապահության նախարարությունը բոլոր այն բժիշկների համար, որոնք վիրուսի դեմ բուժում և հսկողություն են իրականացնում, այս պահին գործող երեք հիվանդանոցներում ապահովվում են լավ կենցաղային պայմաններ: Նրանց ապահովվում են սննդով, տրասպորտով, իսկ որոշ բժիշկներ էլ նախընտրում են մնալ հյուրանոցում, քանի որ վախենում են տուն գնալուց ու տան անդամներին վարակելուց:

Նախարարի փոխանցմամբ՝ Էրեբունու և Չարենցավանի արտադրամասերից, որտեղ դեպքեր էին գրանցվել, մի քանի հարյուր անձ է մեկուսացվել: Միայն երեկ Էրեբունու արտադրամասից  140 հոգի աշխատակից և կոնտակտ ունեցող մեկուսացվել է, իսկ մյուս արտադրամասից մեկուսացվել է 200-300 հոգի:

«Համաճարակաբանական հետաքննությունը հաճախ երկար է տևում, և չենք դադարեցնում, քանի դեռ կան կասկածներ և ռեսուրսներ նրանց գտնելու: Մենք հարակից մասնագիտությունների բժիշկներին ևս վերապատարստում ենք, Օրթոպեդիայի հիվանդանոցում օրթոպեդ-տրավմատոլոգները ևս վերապատրաստել են: Պարզ դեպքերին հսկելու համար բժշկակական բազային կրթությունը ամբողջությամբ բավարար է: Բարդ դեպքերի համար կարիք է լինում հարակից մասնագետի՝ նյարդաբանի, սրտաբանի: Հիմա փորձում ենք մոբիլիզացնել բժշկական կադրային ներուժը, ունենք կամավոր բժիշկներ, որ ցանկացել են օգնել»

Արսեն Թորոսյանը նշեց, որ նկատվում է վարակի աճի տեմպ, սակայն նախորդ օրերի համեմատ փոքր տոկոսով է աճում վարակվածների թիվը, ինչը պայմանավորված է մեկուսացումներով: 

Նա հույս հայտնեց, որ նախատեսված յոթ օրը չի երկարաձգվի, և արտակարգ դրության ռեժիմը կնպաստի թվերի աճի նվազմանը: