Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

«Էսօր ոնց կարա գյուղացին ոռոգման ջուր ուզենա, ասենք գնա, ապրիլին կգաս». Փաշինյանը՝ Ս․ Բագրատյանին (տեսանյութ)

Կառավարությունը ունի՞ հաշվարկ ըստ մարզերի՝ մենք ի՞նչ  ենք ցանելու, ի՞նչ ենք ակնկալում, որ գյուղացին արտադրի, ի՞նչ մոտիվացնող ռեժիմներ են կիրառվելու, որպեսզի իրական սեկտորում աշխատող գուղացու համար ներգրավենք միջոցներ, ցանքատարածությունները ավելացնենք,-ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս հարցերը վարչապետին ուղղեց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Բագրատյանի խոսքով՝ սա հենց այն պահն է, որ ամենացածր ռիսկայնություն ունեցող ոլորտում կարող ենք լուրջ տնտեսական արդյունքներ գրանցել:

Բագրատյանի հարցադրումներին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վաղը Կառավարությունում ընդունվելու է մի ծավալուն փաթեթ, որը վերաբերվելու է բացառապես գյուղատնտեսությանը.

«Ես ասել եմ, որ հիմա գյուղատնտեսությամբ զբաղվելու ամենալավ ժամանակն է և՛ սեզոնի առումով, և՛ արտակարգ դրության, և՛ կորոնավիրուսի առումով, որովհետև դաշտում սոցիալական հեռավորությունը պահելը ավելի հեշտ է, բացի այդ, կանխատեսումներ կան, որ այս ճգնաժամի արդյունքում աշխարհում պարենը ամենապահանջված ապրանքներից մեկն է լինելու»:

Վարչապետն ընդգծեց, որ այս ոլորտում ուզում են զարգացման խնդիր լուծել և գյուղատնտեսության կառուցվածքի մեջ պետք է արվեն էական փոփոխություներ.

«Մենք զրոյացնում ենք գյուղատնտեսության բոլոր վարկերը և, ըստ էության, Կառավարության համաֆինանսավորմամբ առաջարկելու ենք գյուղվարկեր այն ֆերմերներին և անհատներին, ովքեր ունեն վարկային պոզիտիվ պատմություն»:

Ինչ վերաբերում է մարդկանց, ովքեր սև ցուցակներում են, կամ ունեն ոչ այնքան պոզիտիվ վարկային պատմություն, Կառավարությունը նրանց առաջարկում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվներ.

«Դրանց ընտրված ղեկավարների համար պատրաստվում ենք դասընթացներ կազմակերպել , հընթացս ապահովել, որ միայն  լիցենզավորված մարդիկ կարող են գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարներ լինել, նախատեսել ենք, որ բանկերի հետ Կառավարության համաֆինանսավորումը կարող է հասնել ընհուպ 70 տոկոսի և մեր պատկերացումն այն է, որ  այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանա գնալ արտագնա աշխատանքի, նրանց գյուղատնտեսության ոլորտ ներգրավենք և ապահովենք այդ թվում պարենային անվտանգության հարցը»:

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, թե բանկերն ասում են, որ դեռ ծրագիր չեն ստացել և մտավախություն հայտնեց, որ հնարավոր է ուշանանք:

«Ծառատունկը սկսվել է, մենք ոռոգման ջուր չենք տալիս գյուղացուն, ասում ենք ապրիլի 15-ից նոր կտանք»:

Բագրատյանի դիտարկումներին ի պատասխան վարչապետն ասաց.

«Պարոն Բագրատյան, այդպիսի բան մի ասեք, էսօր ոնց կարա գյուղացին ոռոգման ջուր ուզենա, ասենք գնա, ապրլին կգաս: Մարտ ամսին ոռոգման ջուրա մատակարարվել գյուղացիներին»:

Վարչապետը նաև ասաց.

 «Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես հարյուրավոր գյուղեր եմ մտնել ու գրեթե առանց բացառության լսել եմ ջղայնացած խոսակցություն այն մասին, թե ինչպես գյոզալ կոլխոզները քանդեցին: Մենք էլ ասում ենք՝ Ստալինը, որ զենքի ուժով է այդ կոլխոզները ստեղծել, դուք էլ այդքան նոստալգիայով եք հիշում, մենք ձեզ հիմա հնարավորություն ենք տալիս, ասում ենք՝ ֆինանսավորում ենք տալիս, գնացեք կամավոր ստեղծեք»:

Ըստ վարչապետի՝ մեր գյուղատնտեսության ամենամեծ պրոբլեմը մեկն է՝ էֆեկտիվ չէ մեր գյուղտնտեսությունը: