Բացել լրահոսը Փակել լրահոսը
WCoBDYoGNO6IoovX79WhyhgjpX
A A
Հասարակություն

Աշակերտների մի մասը դուրս է մնում այս ամենից․ կրթության փորձագետը՝ հեռավար դասերի մասին

ԵՊՀ Փիլիսոփայության պատմության ամբիոնի ասիստենտ, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է՝ մեր կրթական համակարգը պատրաստ չէր այս իրավիճակին։
 
Անդրադառնալով հեռավար կրթությանը, որն անհրաժեշտ է դարձել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում՝ նա նշում է՝ մյուս կողմից էլ ժամանակ չկա, որ այս իրավիճակներում ասես՝ «լավ, դուք մի ամիս սպասե՛ք, մինչև մի բան կսարքենք»։
 
«Ա1+»-ի հետ զրույցում Սերոբ Խաչատրյանն ասաց՝ սա էր պատճառը, որ այսպես հախուռն կերպով սկսեցին․ ով ինչպես կարող էր, անցկացրեց հեռահար դասընթացներ, ով ինչ կարող էր, ինչ հարթակի ծանոթ էր, ոմանք նոր բաներ սովորեցին, այսինքն՝ հախուռն գնաց։ 
 
«Մյուս կողմից որոշ հախուռն բաներ «Հ1»-ով էին ընթանում։ Այսինքն՝ նախկինում նկարված, մի քանի տարի առաջ նկարված դասեր հայտնվեցին նորից, առավոտյան 1 ժամ էլ թարմ դասեր են։ Այսինքն՝ մեկ այս պահին ունենք մի վիճակ, որ գնում են հախուռն դասեր։ Աշակերտների մի մասը դուրս է մնում այս ամեն ինչից մի քանի պատճառներով․ ոմանք համակարգիչ չունեն, ինտերնետ չունեն, կան ընտանիքներ, որ ունեն ընդամենը մեկ համակարգիչ, բայց ունեն 2-3 դպրոցական երեխա, և ընդամենը մեկ համակարգչով չեն կարող դասերին մասնակցել»,- նկատեց դասախոսը։
 
Կրթության փորձագետի խոսքերով՝ ունենք նաև շատ դեպքեր, որ այս գործընթացից դուրս է մնում երեխան, ընտանիքներ կան, որ ունեն տեխնիկական խնդիրներ՝ համակարգիչների մեջ տեղակայված ծրագրերը աշխատեցնելու համար, այսինքն՝ շատ բաներ մարդիկ չեն սովորում, բայց նաև որպես այդպիսին լիարժեք ուսումնական պրոցես շատ դեպքերում տեղի չի ունենում, շատ առարկաներ ընդհանրեպես դուրս են մնացել ուսումնական այս ընթացքից։
 
Նա նշեց՝ պարզ է, որ այս ուսումնական տարին լավագույն դեպքում մայիսից հնարավոր կլինի շարունակել, ուստի պետք է աշխատեցնել հեռուստադպրոցի մեխանիզմը։ 
 
«Այսինքն՝ հաշվի առնելով, որ «Հ1»-ը մաքսիմալ հասանելի է Հայաստանում (նույնիսկ անապահով ընտանիքներն ունեն «Հ1»-ի հասանելիություն), ուստի էկոնոմ ռեժիմով աշխատեցնել հեռուստադպրոցը։ Այսինքն՝ ամեն դասարանին հատկացվեր մեկ ժամ, և մեկ ժամվա ընթացքում տրվեին այդ օրվա հանձնարարականները, կարճ բացատրություններ՝ հատկապես այն առարկաների գծով, որոնք մի փոքր ավելի բարդ են։ Առաջադրանքներ տրվեին, հաջորդ օրը նոր առաջադրանքներ․ այդ ձևով ինչ-որ միասնական պրոցես տարվեր, և ուսուցիչներն էլ իրենց հերթին կարող էին օգնել աշակերտներին։ Իսկ ներկայիս ձևով անկազմակերպ են ընթանում դասերը, հաճախ այն, ինչ տեսնում են «Հ1»-ով անհրաժեշտ չէ»,- շարունակեց նա։
 
Կրթության փորձագետը նշեց, որ այսօր «Հ1»-ի եթերում հեռարձակվել է ճանապարհային երթևեկության մասին դաս, որն այս պահին ամենևին հրատապ չէ, և այս դեպքում խնդիր ունենք այն հանգամանքի հետ, որ 4-րդ, 9-րդ դասարանների հետ կապված լինելու են ավարտական ստուգատեսեր, ավարտական քննություններ, 12-րդ դասարանի ավարտական քննություններ, բուհերի ընդունելության քննություններ, և նաև լավ կլինի, որ այդ ուղղությամբ էլ աշխատանքներ տարվեն։
 
«Այսինքն՝ այդ դասարանները՝ 4-րդ, 12-րդ  և հատկապես 9-րդ դասարանները, համարվեն առաջնահերթություն, և հեռուստեսությամբ հատկապես այս դասարաններում սովորող երեխաներին օգնեն։ Կառաջարկեի քննական առաջադրանքերից հանվեն բոլոր այն թեմաները, որոնք այս 2-րդ կիսամյակին են վերաբերում, որովհետև աշակերտները լիարժեք չեն սովորել»,- ընդգծեց մասնագետը։
 
Հարցին, թե այս իրավիճակի ավարտից հետո ենթակառուցվածքային առումով ի՞նչ քայլեր պետք է արվեն, որպեսզի հեռահար կրթության բնագավառում այսպիսի բացերը լրացվեն, Սերոբ Խաչատրյանը պատասխանեց, որ այս պահը պետք է օգտագործել, որովհետև հիմա հետաքրքիր իրավիճակ է այն առումով, որ ուսուցիչները հետաքրքրված են, և այս դեպքերից կուզենան սովորել, իրենց համակարգչային գիտելիքները բարելավել։ 
 
«Եվ լավ կլիներ, որ այս պահն օգտագործելով՝ ԿԳՄՍ նախարարությունը մեծ ուշադրություն դարձներ վերապատրաստումներին, նաև միջոցներ հայթայթվեին (չնայած՝ այս պահին բոլորս էլ, իհարկե, հասկանում ենք, որ տնտեսական հետևանքները շատ ծանր են լինելու) դպրոցների ենթակառուցվածքներն ուժեղացնելու համար։ Եթե օրինակ՝ մենք ամեն դասարանում ունենանք տեխնիկական սարքեր կամ շատ դասարաններում, բնականաբար ուսուցիչներն էլ շատ բաներ կսովորեն։ Այն, որ չունեն հմտություններ, պատճառներից մեկն էլ այն է, որ դպորցներում չկան բավարար տեխնիկական միջոցներ, ինտերնետ կապը լավ չէ և այլն։ Այսինքն՝ այս պահը պետք է օգտագործել ու ինտենսիվ ձևով աշխատել ուսուցիչների թվային գրագիտության վրա»,- եզրափակեց մասնագետը։