Բացել լրահոսը Փակել լրահոսը
Armen Bejanyan
A A
Հասարակություն

«Իսկ ես ի՞նչ արեցի  իմ և իմ մերձավորների կյանքը վիրուսից ազատելու համար»

Կորոնավիրուսի բռնկմամբ պայմանավորված՝ 14-օրյա ինքնամեկուսացումը  դժվար է, սակայն այն կարելի է դիտարկել  որպես հնարավորություն՝  ինքակրթվելու համար: Իսկ փակ տարածությունից տագնապներ ունեցող անձիք կարող են հեռախոսով կամ առցանց  կապ հաստատել  հոգեբանի կամ հոգեթերապևտի հետ․  «Ա1+»-ի հետ զրույցում ասում  է «Ապագա» հոգեբանական ծառայության տնօրեն Արմեն Բեջանյանը։ 

Նա ճիշտ է համարում արտակարգ դրության հայտարարելը եւ ինքնամեկուսացման կոչերը։

 «Իշխանությունների քայլերը  գնահատում եմ ադեկվատ և  խուճապ չառաջացնող։ Եթե մարդիկ թափանցիկ չաշխատեին, կմեղադրեինք, որ թափանցիկ չեն աշխատում: Սխալ մատուցված ինֆորմացիան ևս կարող է առաջացնել անհանգստություն, տագնապ, վերջնաարդյունքում՝ խուճապ: Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք հակառակը կասեն, այսօր թացը չորից տարանջատելու խնդիր կա»,- ասում է նա։ 

Ըստ հոգեբանի՝ այսօր արդեն մի իրավիճակ է, որ ցանկացած ոք, իշխանության քայլին սպասելուց առաջ, ինքն իրեն հարց պետք է տա. «Ես ի՞նչ արեցի  իմ և իմ մերձավորների կյանքը վիրուսից ազատելու համար»։

Սա արդեն սոցիալական պատասխանատվության խնդիր է, որը հոգեբանը մեր երկրում «ոչ բարձր» մակարդակում է համարում։

«Մենք ունենք 5000 տարվա մշակույթ, սակայն շատ բաներ ենք կորցրել այս տարիների ընթացքում: Իսկ սոցիալական պատասխանատվությունը գալիս է մեր գիտելիքներից, արժեհամակարգից, դաստիարակությունից ու կրթությունից,- ասում է Արմեն Բեջանյանը,- Այս խնդիրը եկավ շատ բան մեզ սովորեցնելու՝ սկսած անձնական հիգիենայից, շփման ձևերից մինչև  արտակարգ իրավիճակների հանդեպ սոցիալական վախն ու պատասխանատվությունը»:

Հոգեբանը իրավիճակին համարժեք է համարում հանրության անհանգստությունը, բայց միաժամանակ հիշեցնում է՝  մարդիկ արձագանքում են՝  ըստ իրենց հոգեկերտվածքի։

«Տագնապային անձնավորությունը գերագնահատում է վտանգավոր  իրավիճակի հնարավորությունը: Դա սուբյեկտիվ և ոչ ադեկվատ գնահատական է տվյալ իրավիճակին: Նման զգացողություններ ունեցող  մարդիկ կարող են մեկը մյուսին վարակել՝ համոզելով, որ իրավիճակը շատ վտանգավոր է: Հասարակության մոտ անհանգստություն կա, որովհետև  մենք պետք է հարմարվենք նոր վիճակին,  վերանայենք մեր սովորությունները և այլն: Այն մարդիկ, որոնք  լավատես են, ավելի հեշտ են հարմարվում իրավիճակին»,- բացատրում է «Ապագա» հոգեբանական ծառայության տնօրենը։

Իսկ ի՞նչ խորհուրդ է  տալիս հոգեբանը  քաղաքացիներին:

«Եվս մեկ անգամ հնարավորություն է ընձեռնվել մտածել, ի մի բերել մեր մտքերը, մեր հնարավորությունները, ի՞նչ ունենք հիմա և ի՞նչ կարող ենք ունենալ վաղը: Այս իրավիճակը ոչ ստանդարտ լուծումներ է պահանջում: Պետք է հիշել, որ խուճապը առաջանում է այն դեպքում, երբ մարդուն թվում է, որ որևէ այլընտրանք և հնարավորություն չկա, բայց այդպես չէ, մենք միշտ ունենք տվյալ իրավիճակից դուրս գալու մի քանի հնարավորություն, ընդամենը պետք է տեսնել դա կամ զրուցել մասնագետի հետ: Ցանկացած ճգնաժամից հետո սկսում է նոր զարգացումներ: Ինչպես Չինաստանում մի քանի օրում կառուցեցին  գործարան, հիվանդանոց: Մենք պատերազմող երկիր ենք և սա մեզ համար փորձ էր, որ զարգացնենք  մեր արտադրությունը: Պետք է տեսնենք ոչ միայն  բացասականը, այլ ինչպես պետք է հաղթահարենք տվյալ իրավիճակը»,- եզրափակեց նա: