Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

ՀՀ քաղացիություն չունեցող, բայց օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցողները կարող են ՌԴ-ից վերադառնալ Հայաստան (տեսանյութ)

Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին, որոնք այն երկրներում են, որտեղ Հայաստանը չունի դիվանագիտական ներկայացուցչություն, կապ հաստատել ԱԳՆ-ի հետ։ Այս մասին Կառավարությունում հրավիրված ասուլիսին ասաց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ-ում գործում է թեժ գիծ, 055 620- 111 հեռախոսահամարով, կապ կարող են հաստատել նաև «VIber»-ով և «Whats App»-ով։

Այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի Կառավարությունների որոշումները, որոնց համաձայն՝ սահմանափակվում է երկրների միջև ցամաքային ու օդային հաղորդակցությունը, բացառությամբ՝ բեռնափոխադրումների։

«Այդ որոշմամբ ՌԴ-ում գտնվող մեր քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև նրանք, ովքեր ՀՀ քաղացիություն չունեն, բայց ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեն, կարող են վերադառնալ Հայաստան»,- ասաց Աննա Նաղդալյանը։

Այսօրվանից ուժի մեջ է մտել նաև Վրաստանի Կառավարության համապատասխան որոշումը, որով արգելվում է Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքը, բացառությունը կրկին բեռանփոխադրումներին է վերաբերում։

Այնուամենայնիվ, ըստ Աննա Նաղդալյանի՝ քաղաքացիներին մտահոգող խնդիր կա։

«Դա Վրաստանի տարածքով Վերին Լարսի անցակետի փակվելն է, որը բացառապես պայմանավորված է եղանակային պայմաններով։ Երբ որ եղանակը բարելավվի, հայկական բեռնատարները, որոնք բեռանափոխադրումներ են իրականացնում Հայաստան-Վրաստան, ինչպես նաև Վրաստան-Ռուսաստան ուղղությամբ, կարող են անխափան կատարել իրենց գործունեությունը»,- նշեց Աննա Նաղդալյանը։

Եվրոպական միությունը 30 օրով արգելափակել է օտարերկրացիների մուտքը ԵՄ, ինչպես նաև շենգենյան գոտու անդամ երկրներ, նաև Շվեյցարիա, Իսլանդիա, Նորվեգիիա և Լիխտենշտեյն։ «Այս սահմանափակման առումով մեր քաղաքացիներին պետք է հորդորենք ձեռնպահ մնալ վերոնշյալ տարածքներ այցելություններից»,- նկատեց ԱԳՆ խոսնակը։

Արտաքին գերատեսչության խոսնակը հորդորեց նաև ՀՀ այն քաղաքացիներին, որոնք պլանավորել են Շարմ էլ Շեյխից վերադառնալ Երևան, դա անել մարտի 19-ի չվերթով, որովհետև պարզ չէ, թե հաջորդ թռիչքը երբ է լինելու։

Ի լրումն, ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանը նշեց, որ բոլոր հյուպատոսություններում թեժ գծեր կան։ «52 կետերում թեժ գծերը գործում են անխափան, նորից հորդորում ենք, ծանր իրավիճակում անպայման կապ հաստատել դեսպանությունների և հյուպատոսությունների հետ»,- ասաց նա։

Հարցին, թե ֆեյսբուք սոցիալական ցանցում այսօր տեղեկություն էր շրջանառվել, որ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացին չի կարողանում գալ, հարցը լուծվե՞լ է, ԱԳՆ խոսնակը դրական արձագանքեց։

Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում մարտի 17-ի դրությամբ, ռուս-վրացական սահմանը հատող ՀՀ քաղաքացիներ կան։ Լրագրողը հետաքրքրվեց, եթե այդ քաղաքացիները հնարավորություն չունեն վերադառնալ մեկնման վայր, և օդային տարբերակով չեն կարող վերադառնալ Հայաստան, ինչպե՞ս է կարգավորվելու նրանց վերադարձի հարցը։

ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանն ասաց, որ այս պահի դրությամբ մոտ 40 քաղաքացի կա, որոնց հետ անմիջական կապի մեջ է Դոնի Ռոստովում ՀՀ Հյուպատոսության ներկայացուցիչը։

«Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ գլխավոր հյուպատոսը նույնպես մեկնելու է Վերին Լարսի անցակետ։ Կփորձի տեղում քաղաքացիներին օգնություն ցուցաբերել և ուղղորդել, որպեսզի ինքնաթիռով ճանապարհվեն Հայաստան։ Երբ որ մենք հստակ պատկեր կունենանք եղանակային պայմանների վերաբերյալ, և հնարավորություն կլինի Լարսի անցակետը բացել մեքենաների համար, տվյալ պահի դրությամբ համապատասխան որոշում կկայացվի»,- ընդգծեց Արտակ Ավետիսյանը։