Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Կառավարությունն ընդունեց ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագիծը (տեսանյութ)

Կառավարության արտահերթ նիստին 1 ժամ ընդմիջումից վերադառնալուց հետո Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագծում որոշ փոփոխություններ կատարվեցին։ Ըստ այդմ՝ արտակարգ դրություն կհայտարարվի 2020թ․-ի մարտի 16-ին՝ ժամը 18։30-ից մինչև ապրիլի 14-ը։

Կառավարությունն արտահերթ նիստում քվեարկության դրեց ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը։ Որոշումը միաձայն ընդունվեց։

Վարչապետը հայտարարեց, որ 2020թ․-ի 18։30-ից Հայաստանում արտակարգ դրություն է։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարություն արեց։ Նա նշեց, որ երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, և արձանագրել են, որ պետք է կոչ անեն, որպեսզի երկու երկրների քաղաքացիները Արցախից- Հայաստան, Հայաստանից- Արցախ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության պարագայում։

Նիկոլ Փաշինյանի մյուս հայտարարությունը վերաբերում էր ֆինանսական համակարգին։

«Ուզում եմ ասել, որ Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, ուզում եմ արձանագրել,որ Հայաստանի բանկային համակարգն ունի իրացվելիության բարձր մակարդակ, որն ավելի քան բավարար է բանկային գործառույթների ամենօրյա, սահուն և բնակակնոն ընթացքը կազմակերպու համար։ Միևնույն ժամանակ Կենտրոնական բանկը անհրաժեշտության դեպքում ֆինանսական համակարգին պատրաստ է տրամադրել լրացուցիչ իրացվելիություն, ինչպես դրամով, այնպես էլ արտարժույթով»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքերը վերահաստատեց Կենտորնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ Վարչապետը նիստի ավարտին հայտարարեց, որ ԱԺ-ում իրավունքի ուժով նիստ է հրավիրվելու։

«Մենք կգնանք ու կներկայացնենք կայացված որոշումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։