Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Կարկատան են դրել ու ասում են՝ էս էն հոպարի հիշատակն է, որը պետք է պահենք» (տեսանյութ)

«Այո»-ի մարզային քարոզարշավի    հերթական կանգառը Գորիսն  էր։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը  ներկայացրեց, թե իշխանություններն ինչու են նախաձեռնել սահմանադրական հանրաքվեն։

«Նախկին սահմանադրությամբ ՍԴ-ի նախագահը ղեկավարում էր մինչեւ 65 տարին, նոր սահմանադրությամբ կարող է ղեկավարել  6 տարի։ 2018 թվականի ապրիլից բոլոր սահմանադրական ինստիտուտները գործում են համապատասխան սահմանադրության, բացի Սահմանադրական դատարանից, որտեղ կան 9-ը անդամներ, որոնցից միայն 2 նոր ընտրվածներն են գործում նոր սահմանադրությամբ, մյուս 7-ը պաշտոնավարում են համաձայն նախկին սահմանադրությամբ, այսինքն՝ ընդամենը երկուսն են, որ պաշտոնավարելու են 12 տարի, մյուս յոթը՝ 65 տարի։ Եվ այս անընդունելի իրավիճակը շտկելու համար «Իմ Քայլը»  խմբակցությունը կազմակերպել է այս հանրաքվեն»,- ասաց նա։

Մարզային քարոզարշավին միացած «Հանրապետություն» կուսակցության նախագահը Արամ Սարգսյանը  նշեց․ «Մենք այսօր ունենք բացարձակ նոր հագուստ, որի վրա կոպիտ կարմիր թելերով կարկատան են դրել ու ասում են՝ էս էն հոպարի հիշատակն է, որը պետք է պահենք։ Հիմա մեր խնդիրն է այդ հոպարին էլ, հիշատակն էլ հանել էդտեղից, որովհետեւ մեզ մեր նոր  հագուստով  աշխարհի առաջ հանդես գալ է պետք»,- նշեց նա։

Նա հայտարարեց, որ  այս սահմանադրական հանրաքվեն իր համար ոչ այնքան իրավական խնդիր է, ոչ այնքան հին մարդ փոխելու խնդիր է, այլ՝ շատ լուրջ, սկզբունքային   հարց։

«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը իշխանությունը  թողեցին, հանգիստ գնացին, ասացին՝  Նիկոլը ճիշտ էր, մենք սխալվեցինք, խրամատ փորեցին, Հրայր Թովմասյանին  նստեցրեցին էդ խրամատում, իրենք էլ հիմա թաքնվում են Հրայր Թովմասյանի թիկունքում ու իրենց սիրած Ռուսաստաններում ու Բրյուսելներում փորձում են երկրի համար խնդիրներ լուծել»,- ասաց նա։

 «Ոչ»-ը ներկայացնող «ոչիստներից» որեւէ մեկը այլեւս հետ գալու որեւէ  հնարավորություն չունի,- եզրափակեց նա։