Ո՞վ է Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսը
Աջակցիր «Ա1+»-ինԻնչպես արդեն հայտնել ենք, ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել 64-ամյա իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համառոտ ներկայացրել է մարզչին։ Իսկ ինչ գիտենք մենք նրա մասին, ինչ են գրում աշխարհի լրատվամիջոցները։
Նա առաջին քայլերը ֆուտբոլում կատարել է Մադրիդի «Ռեալի» դպրոցում, սակայն հանդես է եկել ոչ այնքան հայտնի թիմերում, իսկ 26 տարեկան հասակում ավարտել է ելույթները։ Նա անմիջապես անցել է մարզչական աշխատանքի։ Մինչև 1996թ մարզել է սիրողական թիմեր։ Այդ տարի նա կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Ռեկրեատիվոյի» հետ։ Խոակին Կապարոսը իսպանիայի հնագույն ակումբին 3-րդ դիվիզիոնից բարձրացրել է 2-րդ դիվիզիոն։ Ապա աշխատել է «Վիլյառեալում», որին 1999թ արդեն բարձրացրել է ուժեղագույն խումբ՝ Լա Լիգա։
2000թ նա գլխավորել է «Սևիլյան», որը նույն տարի նահանջել էր 2-րդ դիվիզիոն։ Նա արդեն հաջորդ տարի սևիլյացիներին վերադարձնում է Լա Լիգա, և չնայած թիմի հետ մրցանակներ չի նվաճում, սակայն լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար։
Այնուհետև նա հաջողությամբ աշխատել է «Դեպորտիվո Լա Կորունյա», «Աթլետիկ», «Մալյորկա», «Լևանտե», «Գրանադա», «Օսասունա» ակումբներում։ Նրա ղեկավարած թիմեըը միշտ էլ աչքի են ընկել մարտունակությամբ և երբեք չեն ձախողել մրցաշրջանը։
Խոակին Կապարոսը վերջին տարիներին աշխատել է իրեն հարազատ «Սևիլյայում»։ Անցած տարի նա նշանակվել էր սպորտային տնօրեն, քանի որ ակումբն իր պաշտոնական կայքում նշել էր, որ նա շատ լավ է հասկանում ֆուտբոլիստներից և հեշտությամբ է կարողանում լեզու գտնել նրանց հետ։ Սակայն, փորձառու մասնագետը միշտ հայտարարել է, որ իր մոտ լավ չի ստացվում ադմինիստրատիվ աշխատանքը և երազում է գխավորել նոր թիմ, անգամ Աֆրիկայից կամ Ասիայից։
Եվ ահա, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իրականություն է դարձրել իսպանացի մասնագետի երազանքը։ Հուսանք, որ նա հաջողությամբ կկատարի իր պարտականությունները մինչև 2021թ նոյեմբերի 30-ը, երբ կավարտվի պայմանագրի ժամկետը։