ՀՖՖ-ն մերժել է «Վեստ Արմենիայի» արտոնագրման դիմումը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում այսօր կայացել է ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը:
Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառակությունը, նիստի ընթացքում քննության են դրվել Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնության մասնակից 9 ակումբների («Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա») և 1-ին խմբի առաջնությունում հանդես եկող 3 ակումբների («Լոկոմոտիվ», «Վեստ Արմենիա», «Վան») արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/2021թթ առաջնությանը:
Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Լոկոմոտիվ ՖԱ» և «Վան ՖԱ»:
Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Վեստ Արմենիա ՖԱ»-ի արտոնագրման դիմումն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) Հոդված 42-ով, 44-ով, 46-ով և Հավելված 1-ով սահմանված պահանջները: Ակումբը իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 (հինգ) օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):
Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: