«Մանվել Գրիգորյանը 2 անգամ մտավ մեր տուն ու պապուս ասեց. խելոք մնացեք, թե չէ Պողոսյաններիդ առանց որդի կթողնեմ»․ Էդուարդ Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի որդին, տուժողի իրավահաջորդ ճանաչված Էդուարդ Պողոսյանը, այսօր իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երկու տղամարդ նրան և իր ազգակցին հետևում, հետո մոտենում և հարվածում, սակայն նրանց հաջողվում է փախչել՝ մտնելով ազգակցի տուն:
Էդուարդ Պողոսյանը համոզված է, որ իր հարձակումը կապված են 25 տարի անց գործի վերաբացման հետ: Նրա համոզմամբ` այս ձևով փորձում են վախեցնել իրեն:
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում մի քանի ամիս է ընթանում է 25 տարի առաջ հրազենային կրակոցից մահացած Մհեր Պողոսյանի գործով նիստը՝ զինդատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքի հիման վրա:
Նախկին Աժ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, ով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է, սույն գործով 1994 թվականին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը կրել է 3 ամիս:
«Ես փոքր երեխա էի, Մանվել Գրիգորյանը երկու անգամ մտավ մեր տուն և պապուս ասեց․ էս թեման մեր ձևով ենք փակելու, խելոք մնացեք, թե չէ ձեր Պողոսյաններիդ առանց որդի կթողնեմ։ Դրանից հետո պապիս ասեց մամայիս, որ վտանգավոր է ձեր այստեղ մնալը, լքեք երկիրը և մենք գնացինք Ռուսաստան»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը:
«Թավշյա հեղափոխությունից հետո ես այս գործով զբաղվում եմ ու ամեն անգամ գալիս եմ Հայաստան: 2019 թվականին հերթական նիստը պետք է լիներ, ես բարեկամիս հետ քայլում էի և լսեցի հետևիցս ձայն, որ ասեց․ ոնց որ հանգիստ չես ուզում նստես տեղդ և խփեցին ինձ: Ես նկատեցի, որ նրանցից մեկի ձեռքին դանակ կա: Ես այս ամեն ինչը կապում եմ այս գործի հետ, ում պիտի ինչ անեի, երկար ժամանակ չեմ եղել Հայաստանում: Հիմա իրենք լուրեր են տարածում, որ ինձ 250 հազար դոլար գումար են տվել, որ այս թեման փակեմ»,-ասաց նա։
Էդուարդ Պողոսյանը բացատրում է՝ տեսանյութը հրապարակել է ամիսներ անց, քանի որ, երբ ինքը Հայաստանում է եղել, չի ցանկացել հրապարակել, որովհետև մեծ սթրես կլիներ իր մոր համար:
Ի դեպ՝ վաղը Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի որոշումը: