Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Հայաստանի 10 բռնցքամարտիկ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Մարտի 13-24-ը Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի կունենա բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային առաջին մրցաշարը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն արդեն հայտարարել է այն բռնցքամարտիկների անունները, ովքեր կմասնակցեն լոնդոնյան ստուգատեսին:

Տղամարդկանց մրցաշարում հանդես կգան 8 բռնցքամարտի

52 կգ քաշային կարգ՝ Կորյուն Սողոմոնյան

57 կգ՝ Արթուր Բազեյան

63 կգ՝ Հովհաննես Բաչկով

69 կգ՝ Գուրգեն Մադոյան

75 կգ՝ Արման Դարչինյան

81 կգ՝ Գոռ Ներսիսյան

91 կգ՝ Նարեկ Մանասյան

+91 կգ՝ Գուրգեն Հովհաննիսյան

Կանանց պայքարում հանդես կգան երկու մարզուհի.

51կգ՝ Անուշ Գրիգորյան

69 կգ՝ Անի Հովսեփյան

Նշենք, որ տղամարդկանց մրցաշարի ութ քաշային կարգերում ընդհանուր առմամբ կխաղարկեն 50 օլիմպիական ուղեգիր.

52, 57, 63 կգ քաշային կարգեր՝ 8–ական ուղեգիր

69, 75, 81 կգ՝ 6–ական

91, +91 կգ՝ 4–ական

Կանանց մրցաշարում հինգ քաշային կարգերում խաղարկվելու են 27 ուղեգիր.

51, 57, 60 կգ՝ 6–ական ուղեգիր

69 կգ՝ 5

75 կգ՝ 4

Հայաստանի հավաքականը Լոնդոնի վարկանիշային մրցաշարերին պատրաստվելու համար նախ փետրվարի 1-20-ը ուսումնամարզական հավաք է անցկացրել ուկրաինական Իվանո Ֆրանկովսկ քաղաքում, իսկ փետրվարի 25-ից հանգրվանել է Երևանի Օլիմպավանում, որտեղ անցկացնում է իր մարզումները:

Հավելենք, որ բռնցքամարտի վարկանիշային երկրորդ մրցաշարը կկայանա մայիսի 13-20-ը, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այնտեղ արդեն պայքարի մեջ կմտնեն բոլոր մայրցամաքների ներկայացուցիչները, որոնք 31-35 ուղեգիր կխաղարկեն տղամարդիկ, 19-21 ուղեգիր՝ կանայք:

Ի դեպ, Տոկիոյի օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարերն անցկացնող հատուկ կոմիտեն թիմերին թույլ կտա բողոքարկել մրցամարտերը, սակայն երկուսից ոչ ավելին: Դրա համար բողոքարկող կողմը պետք է վճարի 1000 դոլար: Բողոքը շահելու դեպքում 500 դոլարը վերադարձվում է ֆեդերացիային, բացի այդ վերականգնվում է երկու գոտեմարտ բողոքարկելու իրավունքը: