Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+borba federacia
A A
Սպորտ

ՀԸՖ նախագահ Ռոբերտ Խաչատրյանը խոսել է ՀԱՕԿ-ի անունից. Ինչո՞ւ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջն այսօր ուշագրավ պարզաբանումով է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

Ռոբերտ Խաչատրյան. ՀԱՕԿ-ը և ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել մարզչական որոշումներին

Հաշվի առնելով հայկական ըմբշամարտում կատարված վերջին օրերի իրադարձությունները ՀԸՖ-ի նախագահ Ռոբերտ Խաչատրյանը ՀԱՕԿ-ի և ՀԸՖ-ի անունից ֆեդերացիայի մամուլի բաժնի հետ զրույցում խոսել է տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ:

«Առաջին հերթին փաստում եմ, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի, իմ, ըմբիշներ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև իսկապես եղել է հանդիպում, որի ժամանակ ՀԱՕԿ նախագահն ու ես առաջարկել ենք Կարապետ Չալյանի՝ ԱԱ-ում մեդալ չնվաճելու դեպքում շարունակել պայքարը՝ միջազգային մրցման միջոցով որոշելու լավագույնին:

Այդ հանդիպման ընթացքում ՉԻ խոսվել թե կոնկրետ ինչ մրցաշարի մասին է խոսքը:

Որոշ ժամանակ անց, եղել է ևս մեկ հանդիպում՝ ՀԱՕԿ նախագահի, Արսեն Ջուլֆալակյանի, Լևոն Ջուլֆալակյանի և իմ միջև, որի ընթացքում Արսեն Ջուլֆալակյանը խնդրել է Հայաստանի առաջնությանը չմասնակցելու թույլտվություն՝ ինչին ընդառաջել ենք:

Ջուլֆալակյանները հայտնել են, որ իրենք ունեն նախապատրաստական իրենց ուրույն ծրագիրը և ցանկանում են մրցաշարի մեկնել գարնանը:

Առաջարկին ո՛չ ՀԱՕԿ նախագահը, ո՛չ էլ ես չենք առարկել, սակայն նման որոշում պետք է կայացնեն հավաքականի մարզիչները, ոչ թե մենք:

Այդ հանդիպման անմիջապես հաջորդ օրը ՀԱՕԿ նախագահի և ինձ մոտ են եկել Հայաստանի հավաքականի մարզիչները և հայտնել են, որ իրենք ունեն իրենց նախապատրաստական առանձին փուլը, ուստի նպատակահարմար և ճիշտ են գտնում, որ որոշիչ մրցաշարը լինի հունվարին:

Հաշվի առնելով այն փաստը, որ ո՛չ ՀԱՕԿ-ը, ո՛չ ՀԸՖ-ն երբեք չեն միջամտել

մարզչական որոշումներին՝ մարզիչների առաջարկին որևէ առարկություն չի եղել:

Մրցաշարից 2,5 ամիս առաջ ես Լևոն Ջուլֆալակյանին հրավիրել եմ ֆեդերացիա, որտեղ հայտնել եմ մարզչական խորհրդի որոշումը և մշտական կապի մեջ եմ եղել Լևոն Ջուլֆալակյանի հետ:

Մենք զերծ ենք մնում մարզչական շտաբի աշխատանքի և կայացած որոշումների վերաբերյալ մեկնաբանություններից, քանի որ սպորտն այն ոլորտն է, որտեղ արդյունքները խոսում են իրենք իրենց փոխարեն: Ձախողելու պարագայում՝ մարզիչներն իրենց որոշումների համար պատասխանատվություն կկրեն»,- ասել է ֆեդերացիայի նախագահը:

Այս պարզաբանումից հետո բնականաբար հարց է ծագում, ինչո՞ւ է ՀԸՖ նախագահը խոսում նաև ՀԱՕԿ-ի անունից, այն դեպքում, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն լիովին այլ կազմակերպություն է: