Իլյուզիայից շուկա
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանում շոու բիզնես չկա, իլյուզիա է: Երկիրը պատրաստ չէ նման բանի, շոու բիզնես զարգացնելու համար դեռ շուտ է կամ արդեն ուշ է՚,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Երգի Պետական թատրոնի հիմնադիր ղեկավար Արթուր Գրիգորյանը: Հայկական շոու բիզնեսի նման վիճակի մեղավորը, ըստ նրա, բնավ էլ տնտեսական ճգնաժամը չէ:
«Եթե վերցնենք այն բառը, որը հիմա շատ մոդայիկ է և որից ես զզվում եմ` ճգնաժամ,ապա 1994թ-ին ավելի ճգնաժամ էր: Այդ տարիներին թատրոնները մեկը մյուսի հետևից փակվում էին, որովհետև գազ չկար, լույս չկար, ու մենք բացվեցինք: Ու այդ առաջին սերունդը, սկսեց իր ձևերով կառուցել իր թատրոնը: Նոր անուններ էին` նույն Շուշան Պետրոսյանը, Արամոն, Գրիշա Աղախանյանը: Երեք -չորս տարի հետո սերնդափոխության ժամանակն էր: Ես չեմ սիրում, երբ մի բանը շատ է լինում: Եվ եկավ երկրորդ սերունդը` Վարդուհի Վարդանյան, Զարուհի Բաբայան, Անդրե, Արսեն Սաֆարյան, Արսեն Գրիգորյան: Հետո հոգնեց թատրոնը, այսինքն ոչ թե թատրոնը հոգնեց, այլ պատերը հոգնեցին: Արցախ մեկնելով` մենք սկսեցինք զբաղվել մրցույթներով: Հիմա մեր թատրոնում արդեն չորրորդ սերունդն է»,- ասաց Երգի Պետական թատրոնի ղեկավարը:
Հարցին, արդյոք կա անհրաժեշտություն հետեւելու թատրոնի շրջանավարտների` հետագա սխալ կամ ճիշտ քայլերին, Արթուր Գրիգորյանը նկատեց, որ սխալը դեպի շուկա գնալն է, սխալը հեռուստատեսությամբ ու ռադիոյով լսվող փոփ երաժշտությունն է:
«Ռուսներն ասում են, «ով չի ալարում, երգում է»: Ես երբեք թույլ չեմ տա, իմ մոտ հնչի գռեհիկ երաժշտություն, իսկ եթե պատերից այն կողմ խոսում են Երգի Պետական թատրոնի մասին, ապա խոսում են, որովհետև ես այն դեպքն եմ, երբ ՙբաժանորդն անհասանելի է՚: Եթե իմ երգիչներից որևէ մեկը գնում է դեպի շուկա, ես իրեն ասում եմ`ok, գնա, բայց երեսուն տոկոսով, յոթանասուն տոկոսդ քո մեջ թող: Ինչքան էլ փող աշխատես, չի հերիքի, եթե դու փողի հետևից վազես, դու քեզ կկորցնես՚,- ասում է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Երգի Պետական թատրոնը 15 տարեկան է, իսկ թատրոնի չորրորդ սերնդի ներկայացուցիչներից մեկն էլ` Անահիտ Շահբազյանը հնարավոր է այս տարի կներկայացնի Հայաստանը ՙՍլավյանսի բազար՚ միջազգային երաժշտական մրցույթում: