Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ստանում եմ այնքան պարգևավճար-աշխատավարձ, որքան մյուս նախարարները. Ռուստամ Բադասյան (տեսանյութ)

«Ես ստանում եմ այնքան պարգևավճար-աշխատավարձ, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն, նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել»,-այս մասին ԱԺ-ում լրագրողներին հայտնեց ԱՆ Ռուստամ Բադասյանը ՝ անդրադառնալով մամուլում տարածված այն հրապարակումներին, ըստ որի՝ ստացել է  16 հազար դոլար պարգևավճար:

Բադասյանը նշեց, որ հայտարարագիրը լրացված է, շուտով այն տեսնելու հնարավորություն կլինի:

Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցել-չմասնակցելու հարցին, նախարարն ասաց.

«Չգիտեմ դեռ, հնարավոր է, երբ կորոշեմ, արձակուրդ կվերցնեմ, կմասնակցեմ քարոզարշավին»:

Բադասյանն անդրադարձավ նաև Սերժ Սարգսյանի դատավարությանը և հայտարարություններին, թե սա մեկ անձի ցուցմունքով շինծու գործ է, նշեց, որ ցանկացած նախկին պաշտոնատար անձի հետ կապված կոռուպցիոն քրեական գործ, որը հարուցվում և քննվում է, հնչում են նմանատիպ փաստարկներ:

«Գործող իշխանությունը որևէ կերպ մեղավոր չէ, որ նման շատ կոռուպցիոն դեպքեր են եղել, և այսօր ամբողջ իրավական համակարգը լցված է այդ բնույթի գործերի քննությամբ։ Գործող պաշտոնյաների մասով էլ՝ տեսնում եք, որ կան նման բնույթի գործեր, այսինքն՝ քաղաքական հետապնդման մասին խոսք լինել չի կարող»։

Ինչ վերաբերում է Արդարադատության ոլորտում բարեփոխումների փաթեթի մշակման վերջնաժամկետին, Բադասյանն ասաց.

«Պետաիրավական հանձնաժողովի նիստը փետրվարի 27-ին է, տեսականորեն ամենաարագը մարտ ամսին երկու ընթերցում հնարավոր է անցնի, դրանից հետո նախագահի ստորագրման փուլն է, այսինքն՝ լավագույն դեպքում ապրիլ ամսին կլինի»: