Խուճապը շատ ավելին է, քան պետք է լիներ. պատգամավորը՝ կորոնավիրուսի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այս պահին կորոնավիրուսի որևիցե դեպք ՀՀ-ում գրանցված չէ: Որոշակի խուճապ կա բնակչության շրջանում, դա հասկանում եմ, բայց խուճապը շատ ավելին է, քան պետք է լիներ», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:
Զեյնալյանն ասաց՝ ռիսկեր կան, և դրանցից հնարավոր չէ խուսափել, բայց այս պահին արվում է ամեն ինչ՝ վիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով:
«Այս պահին իրականցվում է յուրաքանչյուր անձի ստուգում և վերահսկողություն, նշանների դեպքում անմիջապես հոսպիտալացվում է», - ասաց նա:
Հարցին , թե ինչ է լինելու երկու շաբաթ անց՝ կապված Հայաստան-Իրան սահմանի փակման հետ, Զեյնալյանն ասաց.
«Ամենօրյա ռեժիմով ստացված տվյալների վերլուծություն է իրականացվում: Եթե անհրաժեշտություն եղավ, սահմանը փակ կմնա»:
Դիտարկմանը, թե կան պնդումներ, որ սահմանը փակ չէ առևտրականների համար, Զեյնալյանը նշեց, որ ինքը ևս նման զանգեր ստացել է, բայց պարզվել է, որ իրականում խոսքը բեռնափոխադրում իրականացնող վարորդների մասին է:
Ինչ վերաբերում է դեղատներում դիմակների բացակայությանը, Զեյնալյանն ասաց, որ դա անհիմն խուճապի հետևանքով է, քանի որ մարդիկ փորձում են հնարավորինս շատ դիմակներ պահեստավորել իրենց տանը:
«Դա բացարձակ անիմաստ է, դիմակը վարակվելուց 100 տոկոս զերծ չի պահում», - ընդգծեց պատգամավորը:
Նշեց, որ քննարկում են, որ հնարավորիս բացառվի դիմակի կամ որևէ դեղորայքի թանկացումը: