Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+liga
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա. Մոուրինյոյի 175-րդ եվրոպական փորձությունը

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի հաջորդ երկու հանդիպումները:

Իտալական «Ատալանտան» Միլանում կընդունի իսպանական «Վալենսիային», իսկ անգլիական «Տոտենհեմը» Լոնդոնում կհյուրընկալի գերմանական «ՌԲ Լայպցիգին»:

Իտալացիներն արդեն հասել են մեծ հաջողության չեմպիոնների լիգայում, քանի որ առաջին անգամ հանդես գալով Եվրոպայի գլխավոր մրցաշարում, հաղթահարել են խմբային փուլի արգելքը և մտել փլեյ-օֆֆ: Զարմանալի չէ, «Ատալանտայի» մոտ 44 հազար երկրպագուներ այսօր Բերգամոյից ժամանել են Միլան, այն դեպքում, որ իտալական այդ քաղաքում ապրում է 122 հազար մարդ:

Իսպանական «Վալենսիան» դարձյալ անակնկալ մատուցեց խմբային փուլում, երբ վերջին խաղում հյուրընկալվելիս անսպասելի հաղթեց նիդերլանդական «Այաքսին» և բարձրացավ 1-ին հորիզոնական՝ առաջ անցնելով անգամ Լոնդոնի «Չելսիից»: Իսպանացիները նույնպես մարտական են տրամադրված և ցանկանում են զարգացնել հաջողությունը:

«Տոտենհեմ» - «ՌԲ Լայպցիգ» հանդիպմանը թերթերը տվել են «մոուրինյոների հակամարտություն» անվանում: Անգլիական ակումբն այս տարվանից գլխավորում է հանրահայտ Ժոզե Մոուրինյոն: Նա այսօր եվրոգավաթներում կանցկացնի իր 175-րդ հանդիպումը: Նրա օրոք լոնդոնցիներն առայժմ պարտություն չեն կրել և անցկացրած 7 խաղում տարել են 5 հաղթանակ, իսկ երկուսն ավարտել են ոչ-ոքի:

Գերմանական թիմի գլխավոր մարզիչ, 32-ամյա Ջուլիան Նագելսմանին, շատ հաճախ անվանում են «մինի Մոուրինյո»: Նրա թիմը 2020 թվականին վեց խաղում երկու պարտություն է կրել, սակայն երկու դեպքում էլ զիջել է «Այնտրախտին», մեկը գավաթում, մյուսը՝ առաջնությունում: Ընդհանուր առմամբ «ՌԲ Լայպցիգը» հաջող է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում և Գերմանիայի Բունդեսլիգայում գտնվում է 2-րդ տեղում՝ միայն մեկ միավորով ետ մնալով գործող չեմպիոն «Բավարիայից»:

Նշենք, որ այս թիմերն առաջին անգամ են հանդիպում իրար հետ եվրոպական գավաթների մրցաշարերի շրջանակում: