Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

«Չի կարող հետաքրքիր լինել մի ՍԴ, որը պետք է պահի կեղծված Սահմանադրությունը» (տեսանյութ)

Սահմանադրական  փոփոխությունները «Քաղաքացու որոշում» կուսակցության համար կարող են հետաքրքրական լինել, եթե  հանրաքվեի  արդյունքով ձեւավորվի  անկախ Սահմանադրական դատարան։

«Հիմա միայն փոփոխելով Սահմանադրական դատարանի կազմը՝ արդյոք մենք համաձա՞յն ենք այն լիազորությունների լայն շրջանակի հետ, որ ունի ՍԴ-ն։ Մենք ի՞նչ ենք կարծում, արդյոք  այս միջանկյալ  շրջանում, երբ չի փոփոխվում  ընդհանուր Սահմանադրությունը, այդ ՍԴ-ն ի՞նչ իրավական ակտի վրա է հենվելու, արդյոք այս Սահմանադրության վրա՞ պիտի հենվի։ Եւ ովքե՞ր են լինելու սրա կազմում, եւ ինչ չափանիշներ են սահմանվելու այդ մարդկանց համար։ Այս հարցերի շուրջ երաշխիքներ ունենալն է, որ մեզ կարող է համոզել այս փոփոխություններում «Այո» քվեարկելու»,- ասում  է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը։

Սահմանադրական վերահսկողության այն  շրջանակը, որը լիազորված է ՍԴ-ին, ըստ նրա,  առնչվում է Հայաստանի ամենասուր, ամենացավոտ հարցերին, ընդհուպ ընտրական գործընթացներին, որոնց բերումով կառավարող ուժեր  են ձեւավորվում։

Ուստի  նման հարցերի վերաբերյալ վեճեր քննելու լիազորություն ունեցող սուբյեկտը պետք է ունենա բավարար վստահության աստիճան, որը,  ՔՈ ներկայացուցչի խոսքերով, «գործող ՍԴ-ն ոչ միայն չի վաստակել, այլեւ հետեւողականորեն  մսխել է  այդպիսի վստահության հնարավորությունը»։

 «Ես որոշում եմ չմասնակցել մի պրոցեսի, որի որեւէ ելք ինձ հետաքրքիր չի, որովհետեւ չի կարող հետաքրքիր լինել մի Սահմանադրական դատարան, որը պետք է պահի կեղծված Սահմանադրություն»,- հայտարարում է Միքայել Նահապետյանը։

Դիտարկմանը, թե արդյոք բոյկոտի մասի՞ն է խոսքը՝ նա պատասխանեց․

«Մենք գտնում ենք, որ ուղիղ ժողովրդավարությունը՝ հանրաքվեն, հարցերը լուծելու լավ մեխանիզմ է, մեզ համար հանրաքվեին դրված հարցի նպատակայնությունն է, եթե այն հետապնդում է ունենալ լավ ՍԴ,  իմաստ չի լինի չմասնակցելու։ Ինչի մտնենք մի պրոցեսի մեջ, որի որևէ ելք քեզ ձեռնտու չէ։ Ո՛չ «Ոչ»-ից ես դու քո ուզածը ստանալու, ո՛չ «Այո»-ից։ Հիմա այդ պայմաններում չգիտեմ՝ դա բոյկոտ է,  քաղաքական որոշում է, թե  սեփական համոզմունքներով առաջնորդվել»։

                                                                                                                                        «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար  Սուրեն Սահակյանը հավելում է․ «Հնարավոր է նաեւ բոյկոտ, եթե այն պատասխանները, որոնք մենք կստանանք, լինեն էնպիսի, որ մենք վստահ լինենք, որ այդպիսով չի ձեւավորվի անկախ դատական համակարգ։ Ամեն ինչ կախված է այդ պատասխաններից, որոնք դեռ չենք ստացել»։

 Մանրամասները՝ տեսանյութում։