Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ayvazyan
A A
Քաղաքականություն

ՍԴ-ն բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի․ Վարդան Այվազյան (տեսանյութ)

«Ինչ վերաբերում է «Այո» և «Ոչ»-ի քարոզարշավին, ապա ես ինքս, որպես երկրի քաղաքացի, որևէ մասնակցություն չեմ ունենալու, որովհետև այդտեղ բովանդակային որևէ քննարկում չկա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, «Հայոց արարման հավաք» կուսակցության համահիմնադիր Վարդան Այվազյանը՝ անդրադառնալով Սահմանադրությունում փոփոխություն կատարելու հանրաքվեի քարոզարշավին։

Ըստ իրավաբանի՝ քարոզարշավը ձևական բնույթ ունի, որովհետև գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի  միջև հակամարտությունը տևական ժամանակ է՝ կա, քաղաքացիներն արդեն քաջատեղյակ են և իրենց հոգում խորքում վաղուց կողմնորոշվել են՝ «Այո՞», թե՞ «Ոչ»։

Այվազյանն ասաց, որ անշնորհակալ կլինի գուշակություն անել՝ ասելով․ ««Այո»-ն կհաղթի, թե «Ոչ»-ը, կամ կտապալվի հանրաքվեն»։

 «Ընդամենը մեկ հարցի պատասխան պետք է տա ժողովուրդը՝ ՍԴ -ի 7 դատավորներից հրաժարվե՞ն, թե՞ ոչ։ Այդտեղ բովանդակային խնդիր չկա։ Անգամ կարելի է անձնական համակրանքներով ու հակակրանքներով շարժվել և այլն։ Դրա համար որտեղ չկա բովանդակային քննարկում, այդտեղ «Հայոց արարման հավաք» կուսակցությունն իր անելիքը չի տեսնում»,- պարզաբանեց նա։

Իրավաբանը հավելեց, որ եթե «Հայոց արարման հավաք»-ը լիներ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների փոխարեն՝ նույնպիսի հայտարարություն կաներ և քարոզարշավին չմասնակցելու որոշում կկայացներ։ «Չմասնակցելը և բոյկոտելը նույնպես քաղաքական որոշում է և, ըստ իս, շատ գրագետ քաղաքական որոշում»,- շեշտեց Այվազյանը։

Վերջինիս խոսքերով՝ Սահմանադրական դատարանը բացարձակապես հանրային վստահություն ունենալու անհրաժեշտություն չունի, որովհետև իր գործառույթներն հանրության հետ ամենօրյա շփումների շրջանակներում չեն, և «հանրային  վստահության խնդիր» կոչվածը պետք է ընդամենը դիտարկել որպես քաղաքական շահարկում։

««Հանրային վստահություն չունեցող» պրոֆեսիոնալ դատավորներին թոշակի ուղարկել և համալրել «հանրային վստահություն ունեցող» անգրագետներով՝ չեմ կարծում, որ արդյունքում ավելի լավը կլինի ՍԴ-ն»,- նշեց Այվազյանը։

Մանրամասները տեսանյութում