Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Չեմպիոնների լիգա․ հավասար թիմեր, անհավասար՝ հնարավորություններ

Այսօր տեղի կունենան ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները։

Անգլիական «Լիվերպուլը» 8,5 ամիս անց կրկին կվերադառնա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանա» մարզադաշտ։ Սակայն, անցած տարվա հունիսին «կարմիրները» չեզոք կարգավիճակում էին գտնվում այնտեղ, քանի որ չեպիոնների լիգայի եզրափակիչում հանդիպում էին Լոնդոնի «Տոտենհեմի» հետ (2:0):  Այս անգամ նրանց կհյուրընկալի մարզադաշտի տերը՝ Մադրիդի «Աթլետիկոն»։

Թիմերը նախկինում արդեն չորս անգամ հանդիպել են եվրոգավաթներում։ Տասներկու տարի առաջ, չեմպիոնների լիգայի խմբային փուլում թիմերը երկու անգամ ոչ-ոքի էին խաղացել՝ 1։1, 1։1։

2010 թվականին, Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում, «Աթլետիկոն» միայն լրացուցիչ ժամանակում էր կարողացել հաղթել «Լիվերպուլին» և մտել եզրափակիչ՝ 1։0, 1։2։

Այդպիսով, կողմերը տարել են հավասար քանակությամբ հաղթանակ, խփել 4-ական գնդակ։ Արդյոք կողմերից մեկին կհաջողվի այսօր խախտել «Ստատուս քվոն», ցույց կտա հանդիպումը։ Նշենք, որ բուքմեյքերները առավելություն են տալիս գավաթակրին։

Օրվա երկրորդ խաղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի նախկին ակումբը՝ Դորտմունդի «Բորուսիան», իր հարկի տակ կընդունի Ֆրանսիայի չեմպիոն «ՊՍԺ»-ին։ Սա երկու թիմերի թվով երրորդ հակամարտությունն է։

Տասը տարի առաջ, Եվրոպայի լիգայի խմբային փուլում, կողմերը երկու անգամ ոչ-ոքի էին խաղացել՝ 0։0 Փարիզում, 1։1՝ Դորտմունդում։

Բուքմեյքերներն այս խաղում նախապատվությունը տալիս են «ՊՍԺ»-ին, որն այս տարի անցկացրած 13 խաղում տարել է  11 հաղթանակ, 2 հանդիպում ավարտել ոչ-ոքի։ Գերմանական ակումբն արդեն երկու անգամ պարտություն է կրել, սակայն երկու դեպքում էլ մրցակիցների հարկի տակ։