Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում, ինչպես Բաղդադո՞ւմ (տեսանյութ)

Մարզեր

Գյումրիում պաշտոնական տվյալներով` 88 վթարային շենք կա, որոնք 3-րդ եւ 4-րդ աստիճանի վթարային են: Այս տվյալներն արդեն չորս տարվա հնություն ունեն, վերջին մեկ երկու տարվա ընթացքում դրանք ընդհանրապես չեն ուսումնասիրվել, ծրագրեր չկան նաեւ դրանք վերանորոգելու ուղղությամբ:

Իսահակյան 9 շենքը, որը մի քանի տարի առաջ է բոլորել 70 -ամյակը, ինքնափլուզվում է ու ինքնափլուզվում: Մեկ պատշգամբից են քարաբեկորներ ընկնում, մեկ կտուրից, ինչպես ասում են բնակիչները անկողնու, կահույքի, անգամ ճաշի մեջ ծեփոնների առկայությունից այլեւս չեն զարմանում:

Բնակիչները համեմատում են իրենց շենքը Վիետնամի ու Իրաքի ռմբակոծության ենթարկված շենքերի հետ, եւ համոզմունք հայտնում, որ իրենց վիճակն առավել վատ է:

Քնարիկ Կիրակոսյանը 1963 թվականից է այս շենքում բնակվում, դեռ այն ժամանակ շենքի վիճակն առանձնապես լավ չի եղել, ինչպես ասում է նա, «շենքի գլխին մի սեւ եկել էր, երկրաշարժն էլ երկրորդ սեւը բերեց, երկու սեւ տեսած շենքն արդեն իրական վտանգ է բնակիչների կյանքի համար»:

Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը նշում է, որ 2010-ին վթարային շենքերի վերանորոգման ծրագիր չկա եւ այս հարցին ամենայն հավանականությամբ կանդրադառնան անօթեւանների խնդրի լուծումից հետո:

Այսպիսի շենքերում բնակվողների համար անօթեւանի կարգավիճակ ունենալ ու քսանամյա հնությամբ տնակում բնակվելը առավել նախընտրելի տարբերակ է, քանզի տնակի փլուզվելուց վնաս ստանալու հավանականությունն ավելի քիչ է:
Ամեն դեպքում բնակիչները շարունակում են ապրել՝ շենքերի փլուզման ահը սրտերում ու ասում. «Հույսը վերջում է մեռնում»:

Գյումրիի «Ցայգ» ՀԸ