Բացել լրահոսը Փակել լրահոսը
melikyan3
A A
Հասարակություն

Ինչպե՞ս է լուսաբանվում եվրոպական թեմատիկան հայկական ԶԼՄ-ներում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները բացահայտելու նպատակով իրականացրել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ:

«Տպագիր մամուլում հակաեվրոպական քարոզչությունը լրագրողների կողմից ավելի շատ է, սակայն հեռուստատեսությունում զրուցակիցը ավելի հաճախ է դիմում մանիպուլյացիոն հնարանքների», - այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մոնիտորինգի արդյունքները Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Դիտարկվել է 13 ԶԼՄ՝ 5 հեռուստաընկերություն («Հ1», «Երկիր մեդիա», «Կենտրոն», «5-րդ ալիք», «РТР-Планета»), 3 թերթ («Հայկական ժամանակ», «Հրապարակ», «Իրավունք») և 5 առցանց լրատվամիջոց («1in.am», «24news.am», «Tert.am», «News.am», «Armeniasputnik.am»):

Լրատվամիջոցների ընտրության հարցում հաշվի են առնվել տարբեր քաղաքական կողմնորոշումները։ Ռուսական լրատվամիջոցների ընտրությունը Աշոտ Մելիքյանը պարզաբանում է, որ «РТР-Планета» հեռուստաընկերությունը հեռարձակվում է նաեւ Հայաստանում եւ ազդեցություն ունի հայ հեռուստադիտողի վրա։ Նույն նկատառումով դիտարկվել է նաեւ Սպուտնիկ Արմենիա լրատվամիջոցը։ Տասներեք լրատվամիջոցներում չորս ամսվա ընթացքում եվրոպական թեմատիկային վերաբերող 30 110 նյութ է դիտարկվել, որոնցից քարոզչության տարբեր տարրեր են պարունակել 2 013-ը։

«Քարոզչության մեթոդները շատ բազմազան են, եւ ունեն տարբեր դրսեւորումներ, մենք փորձել ենք դրանք բաժանել երեք կատեգորիաների՝ ատելության խոսքի կիրառում, մանիպուլյացիաներ եւ բացասական կարծրատիպերի գործածություն»,- ասում է կոմիտեի նախագահը։

Նրա խոսքով ՝ եվրոպական թեմատիկան Հայաստանյան լրատվամիջոցներում լուսաբանվում է հիմնականում դրական կամ չեզոք երանգներով։

«Երբ դիտարկում ենք տասներեք լրատվամիջոցները, քարոզչական տարրերը հիմնականում կիրառում են լրագրողները իրենց մեկնաբանություններում, փաստերի խեղաթյուրման միջոցով եւ անանուն աղբյուրներին հղում տալով»,- նշում է նա։

Այս առումով «Իրավունք» թերթը ունի ընդգծված հակաեվրոպական տրամադրություն, իսկ «РТР-Планета» հեռուստաընկերությունում հակաեվրոպական քարոզչությունը գերազանցում է հայկական բոլոր հեռուստաընկերություններին։

«Հատկանշական է որ այդ հեռուստաընկերության լրագրողներն եւ մեկնաբանները եվրոպական արժեքները վարկաբեկող հնարք են կիրառել, իսկ հայկական մեդիադաշտում լրագրողները հիմնականում չեզոք դիրք են զբաղեցրել»,- ասում է նա։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի արդյունքում հայկական ԶԼՄ-ներում հակաեվրոպական տրամադրությունների արտահայտման հիմնական առիթը Ստամբուլյան կոնվենցիայի ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացման հարցն էր: Այս ամենը ներկայացվել է իբրև «Արևմուտքի քայքայիչ ազդեցություն»։