Կանանց շախմատի չեմպիոնը շնորհակալություն է հայտնել իր շանը
Աջակցիր «Ա1+»-ինԿանանց շախմատի աշխարհի չեմպիոն, չին գրոսմայստեր Ցզյու Վենցզյուն հատուկ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն օգնել են աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի ժամանակ։
«Դա նախևառաջ իմ մարզիչ, գրոսմայստեր Նի Հուան է։ Երբ մենք ժամանել էինք Ռուսաստան, նույն օրը մահացել էր նրա տատիկը։ Նա չնայած խորը վշտի մեջ է եղել, սակայն այդ մասին չէր ասել և շարունակել էր օգնել ինձ նախապատրաստվելու հանդիպումներին։
Շնորհակալ եմ նաև Չինաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, գրոսմայստեր Ե Ցզյանչուանին՝ բոլոր հարցերում ընդառաջելու համար, իմ մայրիկից, ով Շանհայում հոգում էր իմ սննդի մասին, ինչպես նաև շանս՝ Սիցիլիային, որը հանգստացնում էր ինձ հոգեբանորեն», - ասել է աշխարհի չեմպիոնը։
Նշենք, որ կանանց շախմատի եզրափակիչ մրցամարտը կայացել էր չինական Շանհայ և ռուսական Վլադիվոստոկ քաղաքներում։ Ցզյու Վենցզյուն – Ալեքսանդրա Գորյաչկինա հանդիպման դասական հատվածն ավարտվել էր ոչ-ոքի՝ 6։6, իսկ ահա թայ-բրեյքում հաղթանակ էր տարել չինուհի շախմատիստը՝ 2,5։1,5։